Թուրքիան Իսրայելը կներկայացնի որպես ռազմական հանցագործ: Այս մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինին նվիրված հանրահավաքի ժամանակ:
«Մենք արցունք ենք թափել շատ տարածաշրջանների բնակիչների համար՝ Ղրիմից մինչև Ղարաբաղ, Բոսնիայից մինչև Քիրքուկ, Պաղեստինից մինչև Թուրքեստան, Աֆղանստանից մինչև Չեչնիա… Գազան ևս մեր հայրենիքի անբաժան մասն է», – հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ Թուրքիան օգնության ձեռք է մեկնում նրանց, ովքեր դիմում են նման խնդրանքով, իսկ այսօր Գազան ունի աջակցության կարիք:
Նրա խոսքով՝ Իսրայելը տարածաշրջանում գործիք է, որին կզոհաբերեն, երբ ժամանակը գա: Թուրքիայի նախագահն Իսրայելին անվանել է զավթիչ՝ նշելով, որ Համաս-ն ահաբեկչական կազմակերպություն չէ: «Որտեղ էին Պաղեստինի, Գազայի սահմանները 1947թ., որտեղ են հիմա: Իսրայել, դու օկուպանտ ես, ոչ թե պետություն: Թուրք ազգը գիտի դա: Եթե Արևմուտքը ինչ-որ բան է պարտական քեզ, մենք ոչինչ պարտական չենք, ուստի հանգիստ խոսում ենք դրա մասին», – ասել է Էրդողանը: