Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյան․ «ԱԺ ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների վիճակագրություն չունեմ, իսկ «Հայաքվեն» մեր հանձնաժողովում կքննարկվի սահմանված ժամկետներում»

Հոկտեմբեր 28,2023 20:07

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում անցկացվում է Հայ իրավաբանների համագումար՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի եւ սփյուռքի հայ իրավաբանների միջեւ ծանոթությունների եւ համագործակցության հաստատմանն ու քննարկել Հայաստանին, Արցախին եւ սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման եւ փոխգործակցության օրակարգի ձեւավորման հնարավորությունները։


Համագումարի պանելային նիստերին եւ աշխատաժողովներին, որոնք տեւելու են երկու օր, մասնակցում են Հայաստանի եւ ավելի քան 31 երկրների 200 սփյուռքահայ իրավաբաններ։
Այսօրվա պանելային քննարկման առաջին թեման էր «Սփյուռքի իրավաբանական համայնքի դերը Հայաստանի Հանրապետության օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում»։

Բանախոսներից ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համագումարի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում օրենսդրական գործընթացների փուլերը՝ օրենսդրական գաղափարից մինչեւ նախաձեռնությունների, օրենքների ընդունումը, կիրառումից մինչեւ կանոնների ու կանոնագրերի ընդունում։ «Օրենսդրական նախաձեռնությունների գործընթացներում Հայաստանը շատ մեծ առանձնահատկություն չունի։ Մեր գործընթացները շատ նման են եվրոպական շատ երկրներում առկա գործընթացին։ Օրենսդրական նախաձեռնությունը գալիս է նախաձեռնության սուբյեկտներից, որոնք նախատեսված են սահմանադրությամբ. դրանք են՝ կառավարությունը, ԱԺ պատգամավորները եւ ԱԺ խմբակցությունները։ Մենք ունենք նաեւ հնարավորություն համապատասխան ստորագրությունների հավաքի պարագայում նախաձեռնություն ներկայացնել քաղաքացիների կողմից, որը պետք է անցնի համապատասխան ընթացակարգեր»,-ասաց պարոն Վարդանյանը։

Պանելային քննարկման ավարտին Aravot.am-ը Վլադիմիր Վարդանյանին խնդրեց պատասխանել իր իսկ խոսքից բխող երկու հարցի։ Մասնավորապես, հետաքրքրվեցինք, թե կարո՞ղ է մոտավորապես ասել, թե այս գումարման ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն ու ընդդիմադիր խմբակցությունները քանի՞ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել եւ դրանցից քանիսն են ընդունվել կամ մերժվել։ Եվ երկրորդ, ստորագրությունների հավաքի պարագայում, հավանաբար, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ԱԺ է բերվել «Հայաքվե» նախաձեռնությունը, սակայն այդ նախաձեռնության ճակատագրի մասին առայսօր հանրությունը ոչ մի տեղեկություն չունի։

ԱԺ ընդդիմադիր դաշտի օրենսդրական նախաձեռնությունների քանակի մասով ԱԺ հանձնաժողովի նախագահը թիվ չասաց։ «Ինձ մոտ վիճակագրություն չկա։ Բայց կարող եմ ասել, որ ընդդիմության կողմից նախաձեռնված բազում օրինագծեր դարձել են օրենք եւ քննարկվող օրենքների մեջ ընդդիմության կողմից բազում առաջարկներ ընդգրկվել են օրենսդրական ակտերի մեջ»,-ասաց նա։

Իսկ «Հայաքվեի» մասով ասաց․ «Սահմանված ժամկետներում այն քննարկվելու է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, սահմանված կարգով այն ներկայացվելու է համապատասխան սուբյեկտներին, մասնավորապես, ԱԺ խորհրդին։ Իսկ սահմանված ժամկետն այն ժամկետն է, որը նախատեսված է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով։ Ես որեւէ ժամկետ չեմ խախտելու այդ առումով, մենք ժամկետներով առաջնորդվելու ենք եւ որեւէ գործընթաց կիսատ չի մնա»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031