Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցակետում թուրքերը մեզ ծաղրում էին՝ «Արայիկ Հարությունյանը շտե՞ղ ա», մարդասեր էին խաղում, ջուր ու շոկոլադ էին տալիս»

Հոկտեմբեր 28,2023 18:22

Մասնագիտությամբ բուժքույր Սվետլանա Իսախանյանը եւ Լյուդմիլա Պետրոսյանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից բռնի տեղահանվելուց հետո բնակություն են հաստատել Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն գյուղում։

Սվետլանան ու Լյուդմիլան քույրեր են: Արցախից բռնի տեղահանման իրենց պատմությունը պատմելիս՝ Լյուդմիլան հուզվում է։ «Քույրս շատ ծանր է տանում»,- ասում է Սվետլանան։ Նա նշում է, որ Արցախից դուրս գալու մասին չէին մտածում, բայց երբ ադրբեջանցիներն արդեն շրջափակման մեջ են վերցրել Ստեփանակերտը, ստիպված էին լքել իրենց սիրելի քաղաքը։

Տիկին Սվետլանան ասում է, որ երեք տղա, վեց թոռ ու չորս ծոռ ունի, բոլորով եկել են Հայաստան։ Երեխաները Երեւանում են, բարի մարդիկ տեղ են տվել, ապրում են։ Ինքն ու քույրը հաստատվել են Հարթաշենում, տանտերը, նրանց հատկացնելով երկհարկանի առանձնատունը, ասել է՝ «կուզեք կվճարեք, կուզեք՝ ոչ»։ Քույրերը շատ գոհ են տան տիրոջից, ասում են՝ նաեւ սննդամթերքով է օգնում իրենց։ Սվետլանայի խոսքով՝ Ստեփանակերտից դուրս են եկել՝ վերցնելով միայն հագուստ։ «Մենք լավ հասանք Հայաստան, որովհետեւ ավտոբուսով էինք՝ կալոնայով, բայց իմ խոխեքս երեք օր մնացել են ճանապարհին։ Պուճուր մաշինայով ահավոր է եղել, երեխեքը լացել են, սոված ու ծարավ են եղել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է նա։

«Թուրքի անցակետով անցնելիս՝ քրոջս տղան, որը վարորդն էր, ասաց՝ վախեք ոչ, հեսա թուրքը հարցնելու է՝ քանի կնիկ կա, քանի խոխա կա, քանի մարդ կա։ Ուղղակի հաշվել են՝ քանի մարդ կա, վեշերը ստուգել են՝ մարդ կա, թե չկա, մեկ էլ ծաղրել են՝ «Արայիկ Հարույթունյանը շտե՞ղ ա»։ Հասել ենք Կոռնիձոր, մեզ հարգել ու պատվել են։ Թուրքերն էլ են տվել, ջուր, շոկոլադ են տվել։ Սաղ ճանապարհին իրենց տված ջուրն էին, վերցրել ենք, բայց շպրտել ենք։ Քրոջս խոխան թողալ չի, որ խմենք, ասաց՝ սուս կացեք, պատառ քինանք, վեր կածենք։ Մարդասեր էին խաղում, բայց եկել էին քաղաքի մոտերքը, վրա էին տվել, կրակել էին, վիրավորներ կային քաղաքում»,- պատմում է Սվետլանան։

Հարցին, թե ադրբեջանիցների հետ համատեղ ապրել պատկերացնո՞ւմ են, քույրերը միաբերան պատասխանում են՝ ոչ։ «Ես մեծ կնիկ եմ, էգուց մեռնելու եմ, բա էն խոխեքը դպրոց պիտի քինան, ապրեն պիտի։ Բա ուզում է, որ համատեղ ապրենք, բայց Կարմիր խաչն ասում է, թե քանի դիակ են դուրս բերել գյուղերից, հիվանդանոցներում խոխեք կան։ Թուրքը համ խաղաղություն է ասում, համ հարձակվում մորթում է, ամեն օր զոհ ենք տվել մենք, մեր տելեվիզորը ամեն օր զոհ ու վիրավոր է հաղորդել։ Մեր երիտասարդները մեղք են, խաղաղություն է ասում, բայց մեզ տնազ է անում, քմծիծաղ է անում։ Գնալով մեզ կոլցոյի մեջ վերցրեցին, բոլոր գյուղերից փախել եկել են Ստեփանակերտ, մարդկանց չեն թողել իրենց դաշտերում աշխատել»,- նշում է Սվետլանան։

Քույրերն ասում են, որ սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ ադրբեջանական զինված ուժերի թիրախում եղել են հիմնականում Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակավայրերը։ Արցախի բնակչության մոտ վախի մթնոլորտ են առաջացրել, որ մարդիկ լքեն իրենց տները։ «Տղաս մարդկանց տանում էր պոստերը իր Գազելով, մեքենայով Ստեփանակերտ գալու ճանապարհին հարձակվել են, խոխան իրա մեքենան թողել, փախել է։ Նախկինում իրենց հետ ապրել ենք, բայց իրենք կատու են եղել, հիմա ագրեսիվ դիրքում են։ Յա Էրդողանը պիտի մեռնի, որ Ալիեւը պատառ խեղճանա, յա Փաշինյանը պիտի իր դիրքը փոխի, ուրիշ մարդ էնտեղ նստի, որ Ալիեւը հասկանա, որ դիմացինը խելոք է»,- ասում է տիկին Լյուդմիլան։

Քույրերն ասում են, որ հարձակման օրերին իրենց համար հարց մնաց, թե ինչո՞ւ Պաշտպանության բանակը զինաթափեցին։ «Րոպեական զինաթափեցին բանակը, մենք գյուդում չենք, թե խի տենց եղավ։ Մենք դիմադրել ենք, բայց իրենք վրա են տվել, իրենց զոհերն էլ են շատ, բայց էն բենզինի պայթյունը մեր խոխեքին տարավ։ Պատերազմը փիս բան է, ում բախտը բերում է, ողջ է մնում։ Չենք պատկերացրել, որ պատերազմը Ստեփանակերտ կհասներ, բայց վերջին ամիսներին ժողովուրդն անորոշ վիճակում էր, ասում էին՝ յա թուրքին կմնա, յա մեզ»,- հավելում է Լյուդմիլա Պետրոսյանը։

Շրջափակման ամիսներին, նրանց խոսքով, Արցախում իրավիճակը շատ վատ է եղել, ռուսները բերել են սննդամթերք, բայց շատ թանկ են վաճառել։ Այնուհետեւ հավելում են, որ եթե ռուսն ուզեր, Արցախի հայաթափումը կկանգնեցներ։ «Բայց էս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, իրեն սխալ է պահել։ Դու պատասխան պիտի տաս ամբողջ ազգին, խի՞ ես թույլ տվել, որ պատերազմ լինի։ Նավը խորտակվում է, նավապետն իրեն գնդակահարում է, դու մի նավապետի չափ էլ չկա՞ս։ Արայիկի ձեռքին ի՞նչ կար, նա էլ ենթարկվում էր Փաշինյանին, Արայիկը Փաշինյանի պոչն է»,- ասում են նրանք։

Քույրերը նշում են, որ այլեւ չեն պատկերացնում, թե երբ կկարողանան վերադառնալ Արցախ։ Նրանց խոսքով՝ քանի դեռ Արցախն Ադրբեջանի տիրապետության տակ է, արցախցիները չեն վերադառնա։ «Գիտե՞ք՝ ի՜նչ կորուստ տված մայրեր կան, ահավոր բան է, հնարավոր չէ թուրքի հետ ապրել»,- հավելում են նրանք։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031