Լրահոս
Օրվա լրահոսը

Վադիմ Դուբնով․ «Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և մնացած առասպելները տարածվում են Մոսկվայի օգնությամբ, սակայն դրանցից ոչ մեկն իրական չէ»

Հոկտեմբեր 28,2023 14:34

«Ամերիկայի ձայն»․ Վերլուծաբան Վադիմ Դուբնովի (լուսանկարում) կարծիքով, «Հայաստանի շրջադարձը դեպի Արևմուտք և մնացած առասպելները տարածվում են Մոսկվայի օգնությամբ, սակայն դրանցից ոչ մեկն իրական չէ։ Ռուսաստանին անհրաժեշտ է վերահսկողություն Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Երևանը գիտակցում է՝ եթե կորցրեց վերահսկողությունը [այդ տարածքի նկատմամբ], կկորցնի նաև իր վերջին ռազմավարական ակտիվը և տարածաշրջանային շատ կարևոր նախագծին լրջորեն մասնակցելու հնարավորությունը։ Պետք է հասկանալ, որ այս հարցում Հայաստանն իրենը պնդելու է մինչև վերջ, և այդ մասին է այն հաստատակամությունը, որն այդքան նյարդայնացնում է Մոսկվային»։

Միաժամանակ Դուբնովը գտնում է, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայաններին ոչինչ չի սպառնում․ «Ընդհանուր առմամբ, պարզ է, որ աշխարհում ոչ ոք Երևանին անվտանգության երաշխիք չի տա։ Մոսկվան չի պատրաստվում կատարել այդ երաշխիքները և չի պատերազմի Ադրբեջանի հետ Հայաստանի համար, որպեսզի լուրջ խնդիրների մեջ չընկնի Թուրքիայի հետ։ Երևանը, իհարկե, կարող է փորձել այլ երկրներից ևս սպառազինության գնել, բայց այդ դժվար թե արմատապես փոխի երկրի ռազմավարական խոցելիությունը, որը պետք է լուծվի ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական ճանապարհով։ Ակնհայտ է, որ Փաշինյանը հենց դա է անելու»։

«The Wall Street Journal»-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը, Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի փորձագետ Բորիս Դոլգինի գնահատմամբ, շատ երկիմաստ է, քանի որ Կրեմլի հասցեին հնչած քննադատությանը զուգահեռ՝ Հայաստանի վարչապետն, այնուամենայնիվ, ասում է, որ Երևանը չի դիտարկում ռուսական ռազմակայանները երկրի տարածքից դուրս հանելու հարցը։

«Վարչապետ Փաշինյանի ասածը գործողությունների ուղեցույց չէ, այլ զուտ փաստի արձանագրում, որը միանգամայն ակնհայտ է հայաստանյան հանրության մի զգալի մասի համար՝ ռուսական ռազմական ուժերը, նաև ՀԱՊԿ կառույցները, գործոն չեն իրենց երկրի անվտանգության ապահովման գործում»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասում է Դոլգինը՝ հավելելով, թե «Փաշինյանը չի խոսում սահմանապահների մասին, և սա բարդ խնդիր է, որը հատուկ ջանքեր է պահանջում՝ պատրաստելու նման ուժեր՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար»։

Բորիս Դոլգինի խոսքով, Երևանը նախևառաջ ուշադրություն է հրավիրում իր հրատապ խնդիրների վրա. «Նրանք հրատապ անհրաժեշտություն են տեսնում ինտեգրվել անվտանգության կառույցներ, որոնք իսկապես կարող են երաշխավորել երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը և այլն։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը շատ զգույշ գիծ է վարում (գուցե՝ չափից դուրս զգույշ), որպեսզի երկիրը գործնականում սկսի տեղափոխվել Մոսկվայից դեպի Եվրատլանտյան անվտանգության կառույցներ։ Վարչապետը նախընտրում է նավակը շատ չճոճել»։

Փորձագետի խոսքով, պարզ է, որ Հայաստանը ծանր իրավիճակում է. «Զանգեզուրի և այլ միջանցքների շուրջ խոսակցությունների ֆոնին՝ բարդ քննարկումներ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Երևանը մեծապես շահագրգռված է հաղորդակցությունների ապաշրջափակման մեջ, սակայն զգուշանում է [ճանապարհների վերաբացման հարցում] Բաքվի պահանջներից: Այս ամենին ֆոնին՝ ուշադրություն գրավեց Փաշինյանի չմասնակցելը ԱՊՀ գագաթնաժողովին ու եվրասիական կառույցների այլ միջոցառումներին։ Փոխարենը, նա ներկա էր Վրաստանում Մետաքսի ճանապարհին վերաբերող համաժողովին։ Սրանք շատ հստակ ազդանշաններ են երկրի դիրքավորման փոփոխության մասին»:

Այդքանով հանդերձ՝ Բորիս Դոլգինը ևս ընդգծում է՝ Հայաստանում ռուսական ռազմակայաններին դեռ ոչինչ չի սպառնում․ «Դրանց ուժով հեռացնելը դժվար կլինի։ Հայաստանն, անշուշտ, կփորձի գործը չհասցնել այնպիսի իրավիճակի, որ պահանջի ռուսական զորքերի դուրսբերում։ Սակայն եթե Մոսկվան, դժգոհ լինելով Երևանի քաղաքականությունից, իր նախաձեռնությամբ դուրս բերի այդ ռազմակայանները, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, իհարկե, չափազանց գոհ կլինի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031