Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եղեգնաձորի նորակառույց թիվ 1 հիմնական դպրոց՝ ծանոթացել աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի օգոստոսին և ավարտվել 2023-ի հունվարին։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 630 աշակերտի համար, ներկայումս այստեղ սովորում է 597 աշակերտ։
Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ սա իր երրորդ այցն է այս դպրոց: «Գիտեք, որ մենք հատուկ կարևորություն ենք տալիս կրթությանը, դպրոցներին, ընդհանրապես՝ ենթակառուցվածքների զարգացմանը: Շատ ենք ուզում, որ այս դպրոցը և բացվող դպրոցների շարքն, իսկապես, շատ բան փոխի և՛ աշակերտների կյանքում, և՛ ուսուցիչների կյանքում, և՛ երկրի կյանքում, և՛ համայնքի կյանքում, որովհետև, իսկապես, ամեն ինչ սկսվում է այստեղից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև
Կառավարության ղեկավարի խոսքով, նորաբաց դպրոցներում, իհարկե, կա լաբորատոր գույքի պակաս, սակայն մինչև տարեվերջ այդ պակասը նույնպես կլրացվի: «Մեծ հաշվով դպրոցն անընդհատ պետք է զարգանա: Կարևոր է՝ այդ գույքը ճիշտ ժամանակին փոխել: Նոր տեխնոլոգիաներ, մոտեցումներ են գալիս, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կրթության պատշաճ պայմանները կապված չլինեն դպրոցի նորակառույց կամ ոչ այնքան նորակառույց լինելու հետ: Այսինքն՝ դա անընդհատ գործընթաց է: Նոր դասագրքեր պետք է լինեն, և նաև միջավայրը պետք է անընդհատ զարգանա»,- նշել է վարչապետը:
Դիմելով դպրոցականներին` Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր դպրոցում նրանք նոր եռանդ կստանան՝ հետագա կյանքը կազմակերպելու: «Մենք դպրոցում սովորում ենք տարբեր առարկաներ՝ մաթեմատիկա, հայոց լեզու, օտար լեզու, գրականություն, պատմություն և այլն, բայց մեծ հաշվով՝ դպրոցում մենք սովորում ենք մեր կյանքը կազմակերպել, դպրոցում մենք սովորում ենք ապրել: Եվ սա ամենակարևորն է»,- ընդգծել է գործադիրի ղեկավարը և հավելել, որ ուսուցիչները պետք է իմանան, թե Կառավարությունն ինչ է ակնկալում իրենցից. «Մենք ուզում ենք, որ մեր երեխաները դպրոցից դուրս գան մտքով ուժեղ, ֆիզիկապես ուժեղ և հոգեբանորեն ուժեղ: Այս երեք խնդիրը չափազանց կարևոր է, որովհետև երեխաներին՝ ցանկանալով տեսնել մտքով ուժեղ, հոգով ուժեղ և ֆիզիկապես ուժեղ, մենք ցանկանում ենք ունենալ նույնպիսի մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ հանրություն ու մտքով, հոգով և ֆիզիկապես ուժեղ պետություն: Ահա, այստեղից է սկսվում այդ ամեն ինչը:
Իհարկե, շատ կարևոր է, որ երեխաների և կրթության միջև պատվարներ, պատնեշներ չառաջանան: Շատ կարևոր է, որ մենք կրթության պրոցեսը մեր երեխաների համար դարձնենք հնարավորինս հաճելի, հնարավորինս ներառական, հնարավորինս խաղային, որպեսզի կրթությունը նրանք ընկալեն ոչ թե որպես ծանր պարտականություն, որ դրված է իրենց ուսերին, այլ հաճույք, միջավայր, կյանքի բնականոն գործընթաց, որտեղ իրենք ամեն օրվա հետ ավելի գոհ են հենց իրենք իրենցից, իրենք իրենց կերպարից, իրենք իրենց արածից, իրենք իրենց իմացածից և իրենք իրենց ձեռք բերած հմտություններից»:
Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է երեխաներին և նշել. «Եկել եմ ուղղակի ձեզ տեսնեմ, շնորհավորեմ և համոզվեմ, որ ամեն ինչ ճիշտ է արված, ամեն ինչ որակով է արված և ձեզ բարի երթ մաղթեմ հետագա ամբողջ կրթական պրոցեսում»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ