Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ մեծահամբավ թավջութակահար Կամիլ Թոման՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարելով անգլիացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի Թավջութակի կոնցերտը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 18-րդ համերգաշրջանի ռեզիդենտ արտիստ Կամիլ Թոման նկատում է‚ որ Էլգարի այս ստեղծագործությունը թավջութակի համար գրված հիմնական գործերից է‚ որը խիստ հարազատ է իրեն։ Նա նշում է‚ որ փոքր տարիքից բազմաթիվ անգամներ ունկնդրել է Էլգարի կոնցերտը՝ հիանալով նրա գեղեցկությամբ ու պարգևած հույզերով։ Եվ այսօր ահա ինքն է այս գեղեցկագույն ստեղծագործությունը մեկնաբանում ունկնդրի համար։
Երաժշտության միջոցով կարիքի մեջ գտնվող երեխաներին օգնելու նպատակով Կամիլ Թոման 2020 թվականին ձայնագրել է իր «Ձայներ՝ հանուն հույսի» ալբոմը՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Նա ընդգծում է‚ որ որպես ֆրանսիացի՝ իր համար շատ հուզիչ է լինել Հայաստանում։ Երկու երկրները մեծ բարեկամական հարաբերություններ ունեն։ Թավջութակահարուհու խոսքով՝ երաժշտությունը‚ որ հզոր ուժ ունի‚ կարող է բուժել հոգիները‚ մարդկանց հույս պարգևել‚ մղել միմյանց օգնելու։ Կամիլ Թոման ընդգծեց‚ որ հայ-ֆրանսիական բարեկամության վառ խորհրդանիշներից մեկը Շառլ Ազնավուրն է‚ ում «Ավե Մարիան» նույնպես հնչեցվեց համերգի ընթացքում որպես աղոթք։
Կամիլ Թոման Երևանում վարպետության դաս է անցկացրել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների համար։ Թավջութակահարուհին նշում է‚ որ իր համար շատ հաճելի է հանդիպել հայ պատանի երաժիշտների հետ՝ լսել նրանց‚ հաղորդել իր գիտելիքները‚ ոգեշնչել‚ փոխանցել սեր ու էներգիա։
Կարդացեք նաև
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ նկատում է‚ որ թեև ինքը հայերեն չի հասկանում‚ սակայն երաժիշտների հետ կարողանում է հեշտությամբ հաղորդակցվել երաժշտության լեզվով։
Համերգի ընթացքում հնչեցին նաև Էդվարդ Էլգարի «Երազանքի երեխաներ» ստեղծագործությունը և «Էնիգմա» վարիացիաները։
Նշենք նաև‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով: Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ամիսների համերգներին հնարավորություն կընձեռվի ունկնդիրներին‚ բարեգործներին‚ նվագախմբի գործընկերներին իրենց նվիրատվությունների միջոցով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը: Նվագախմբի համերգների տոմսերի արժեքը նվազագույնի են հասցվել, ինչի շնորհիվ հնարավորություն կտրվի ավելի ու ավելի շատ հանդիսատեսի գալ համերգների ու տեղում կատարել նվիրաբերություն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ