Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատմագիտության գլխավոր ուղերձը

Հոկտեմբեր 28,2023 10:00

Հայաստանի իշխանության հիմնական քարոզչական հեքիաթներից մեկն այն է, որ Արցախի վերջնական կորստի մեջ մեղավոր է Սամվել Շահրամանյանը, որը դադարեցրեց զինված դիմադրությունը եւ, ենթադրաբար, ստորագրեց Արցախի վերջնական լուծարման հրամանագիրը: Հավանաբար, ենթադրվում է, որ Արցախի պաշտպանության բանակը միայնակ պետք է ծնկի բերեր Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերին եւ ստիպեր նրանց կապիտուլյացիա ստորագրել: Իշխանության քարոզիչներն ասում են նաեւ, որ 2022-23 թվականներին Ադրբեջանը համաձայն էր Արցախին ինքնավար հանրապետության կարգավիճակ տալ:

Քարոզչական անհեթեթություններն ինձ առանձնապես չեն հետաքրքրում՝ դա քաղտեխնոլոգների ուսումնասիրության հարց է: Իսկ այդ ոլորտի մասնագետները պնդում են՝ այնքան ժամանակ, որքան սուտը կուլ են տալիս, այն կարելի է կրկնել՝ որքան էլ անհեթեթ լինի:

Բայց ինձ ավելի սկզբունքային, կասեի՝ մեթոդաբանական հարց է հետաքրքրում: Վերջերս զրուցում էի փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի հետ, եւ նա մի ուշագրավ միտք հայտնեց՝ մեր ողջ պատմության մեջ ցանկացած բացասական ընթացքի համար հայ պատմաբանների մեծ մասն ունի ընդամենը երկու բացատրություն՝ ա/ մենք անմիաբան էինք, բ/ մեր մեջ դավաճաններ կային: Օրինակ՝ ինչո՞ւ է, ըստ այդ տրամաբանության, Տիգրան Մեծը պարտվել Հռոմի կայսրությանը: Դե, իհարկե՝ որովհետեւ հայ իշխանների մեջ դավաճաններ կային: Չլիներ «ներքին թուրքը», «հայի տականքը», Տիգրան Մեծը Հռոմի կայսր կդառնար:

Եթե կարդանք խորհրդային եւ անկախ Հայաստանի պատմության ցանկացած դասագիրք, ապա կտեսնենք, որ մեր պատմությունը գրեթե ամբողջությամբ բաղկացած է «անմիաբանություններից» եւ դավաճանություններից: Եվ քանի որ մի քանի սերունդ դաստիարակված է այդ ոգով, պարզ է, որ քաղաքական քննարկումները պիտի ընթանան դավաճանության մեջ փոխադարձ մեղադրանքների հիման վրա, եւ ով կարողանում է «կերցնել» հակառակորդի մասին այդ սուտը, նա էլ հաղթող է դուրս գալիս:

Պատմության հանդեպ այդ, մեղմ ասած, պարզունակ մոտեցումը մերժում է, իմ կարծիքով, ամենակարեւոր հատկանիշը, որը պետք է դրսեւորեն որոշումներ ընդունողները, այն է՝ օբյեկտիվ իրողությունները նկատի ունենալով՝ գնահատել եւ հաշվարկել ուժերի իրական բալանսը: Այդ դեպքում պարզ է, որ ամեն մի «խաչմերուկում», «հանգուցային կետում» ընդունված սխալ որոշումը բերում է իրավիճակի անդառնալի վատթարացմանը:

Մեր պարագայում դասական օրինակն, իհարկե, 1997-98 թվականների իրավիճակն է, երբ իրար հետ նորմալ հարաբերություններ ունեցող Արեւմուտքն ու Ռուսաստանը կարող էին երաշխավորել Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորումը, այդ թվում՝ Արցախի դե-ֆակտո ինքնիշխանությունը՝ Հայաստանի հետ կապող երկու ճանապարհներով: Այսօր, փաստացի համաշխարհային պատերազմի պայմաններում, ինչ պայմանագիր էլ ստորագրվի, ոչ ոք դրա կատարման երաշխիք չի կարող տալ:

…«Լինենք միաբան եւ հայրենասեր (ոչ դավաճան)»՝ սա է պաշտոնական հայկական պատմագիտության գլխավոր ուղերձը: Ես կավելացնեի՝ «մի քիչ էլ խելք ունենանք»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Գորբաչովին երբ հարցրեցին, թե ինչո՞ւ չի հանձնում Կուրիլյան կղզիները Ճապոնիային, պատասխանեց՝ նառոդ նե պայմյոտ: Ժողովրդավարությունը հենց դա է, երբ իշխանությունը իր առջեւ հարց է դնում՝ եթե էս ինչը ծախեմ թշնամուն եւ դավաճանեմ նառոդին, նառոդ պայմյոտ թե՞ նե պայմյոտ: Երեսուն տարվա մեջ մեր երկրները դարձրեցին ճորտատիրական երկրներ եւ ճորտերի երկրներում մեզ այնպես դաստիարակեցին, որ մեր նառոդները ամեն ինչ պանիմայուտ, մենք հողեր ենք հանձնում, հյուսիսի ժողովուրդները իրենց ջահելությանն են կոտորում. մեր ժողովուրդներն այնքան են ՝խելոքացել՝, որ ամեն ինչ պանիմայուտ: Ազգային մեկը պետք է լինի՞, ում կարծիքի հետ մեր ճորտ ապազգային իշխանությունները ստիպված կլինեն հաշվի նստել: Տասնութ թիվը հիշում ես, հիանում ես ու հպարտանում մեր համաշխարհային ազգի միաբանությամբ. երբ մենք միաբան ենք, մենք Տիգրան Մեծ ենք: Առանձին առանձին մենք բոլորս էլ խելոք բաներ ենք ասում եւ անում, բայց քանի դեռ մեր իշխանությունները մեր կարծիքի հետ հաշվի չեն նստում, մենք էն վատ պարողից շատ չենք տարբերվում՝ ով չի կարողանում գտնել լուծումներ, գտնում է պատճառներ:
    Ի՞նչ անել: Մեր քաղաքական ուղեղն ու սիրտն ու ուժը՝ դա մեր բոլոր մասնագետներն են բոլոր բնագավառներում եւ բոլոր երկրներում, որոնց կազմակերպում է մեր հայր երկրի քաղհասարակությունը, մեր քաղհասարակությունը պետք է դառնա այն միակ ուժը, այն քաղաքական գենշտաբը, որի հետ ինչ իշխանություն էլ լինի, ստիպված թե մեծ ցանկությամբ թե պուստոյե մեստո, պետք է հաշվի նստի:
    Ո՞րը պետք է լինի մեր քաղաքական գենշտաբի օրակարգը: Մի քիչ թվաբանություն: Մինուս հինգ՝ սա պատերազմն է, զրոն՝ սա խաղաղությունն է, իսկ պլյուս հինգը՝ դա հենց մեր քաղաքական գենշտաբի օրակարգն է, մինուս հինգ գումարած պլուս հինգը տալիս է զրո, այսինքն՝ խաղաղություն: Ինչքան էլ մինուս հինգին գումարես զրո, միեւնույնն է կունենաս պատերազմ, խաղաղության համար մինուս հինգին պետք է գումարես պլյուս հինգ: Ի՞նչ է նշանակում պլյուս հինգ: Սա նույնքան աշխատատար եւ ժամանակատար ռազմավարական երեւույթ է, ինչ հարձակողական պատերազմի պատրաստվես, բանակ ու ֆունդամենտալ գիտություն կառուցես, սա ռազմավարական դաշինքն է՝ հիմնված վերպետական միակ ռազմավարության, վերպետական օրենքների, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար եւ, բնական է, վերպետական օրենսդիրի եւ դատականի հետ մեկտեղ պետք է ունենանք վերպետական փող եւ գործադիր ուժային համակարգ: Դէ դրանից հետո թող մեկը փորձի մեր որեւէ երկրի վրա հարձակվել: Մեր հայր երկրի քաղհասարակությո՛ւն, ձեր քաղաքական հասունության քննության գնահատականը կտա իշխանությունը նրանով, թե որքանով է այն ենթարկվում ձեր օրակարգին: Կեցցե՛ Տիգրան Մեծը:

  2. Nimar says:

    Եվ որքան “միաբան եւ հայրենասեր” կլինենք, այնքան պետության (ղեկավարության) համար ավելի հեշտ կլինի մեզ կառավարել։ Իսկ
    բոլորին, ովքեր “միաբան եւ հայրենասեր” չեն (պաշտոնական քարոզչությամբ սահմանված չափանիշներով, կամ պատմագրության
    կողմից հռչակված առասպելները կասկածի տակ են դնում) “դավաճան” ենք համարելու։ Ի դեպ ամբողջատիրական աղանդները կառավարվում են ճիշտ նույն կերպ։ Սակայն սա երեւույթի միայն մի կողմն է։ Պետք է ուշադիր տարանջատել այն ամենը, ինչը վկայում է ձեռքբերումների և հերոսություն մասին (սա պետք է օրինակ ծառայի ապագա սերունդների դաստիարակություն համար) այն ամենից, ինչով ընդունված չէ հպարտանալ։ Վերջինը սովորաբար ավելի շատ է, բայց դրա մասին պետք է տեղեկացված լինեն միայն նեղ մասնագետները, իսկ քիչ թե շատ արդի տեղեկատվությունը գաղտնիության վերնագրի տակ կարելի է թաքցնել։ Այսպես է ձևավորվում պետական ​​(և ոչ միայն) իշխանության խորհրդավոր սրբությունը։)

  3. Հայ մարդ says:

    Իմ կարծիքով՝ 1997-98 թվականներին էլ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները նորմալ չեն եղել, պարզապես նրանց միջև եղած դիվանագիտական «փոխհրաձգությունները» ավելի թաքնված բնույթ են կրել: Եթե անգամ Արցախի հարցն այդ տարիներին որևէ փաստաթղթային և տարածքային կարգավորում ստանար, ապա ադրբեջանը դրանից հետո չէր հանգստանալու և շարունակելու էր սպառազինվել՝ ամբողջին տիրանալու համար:
    Կարծում եմ, որ, ընդանրապես, մեզ ոչ թե «խելք ունենալու» խնդիրն է խանգարում, այլ հայի «պետականամետ չլինելու» և դրա փոխարեն «միայն իր ընտանիքը կարևորելու» կենսակերպը, որի վրա պատմական իրադարձությունների դրոշմ կա: Մեր բոլոր քաղաքական վերլուծաբաններին խորհուրդ եմ տալիս ուսումնասիրեն Ալբերտ Նալչաջյանի «Էթնիկական հոգեբանություն» հրաշալի ձեռնարկը, որտեղ հանգամանորեն վերլուծված է մեր ազգային հոգեկերտվածքը, մեր ազգային տարբեր բարդույթները, Սփյուռի մեր էթնոկիրների վարքագիծը, նրանց ձուլման կամ ազգայինը պահպանելու գործոնները: Ես այդ գիրքը վերընթերցել եմ մի քանի անգամ և կարծում եմ, որ հիմա այն խիստ արդիական է, գոնե՝ հայ մտավորականների և վերլուծաբանների համար:

  4. Ruben says:

    Առաջին բանվորա-գյուղացիական հեղափոխությունը հայկական լեռնաշխարհում ստեղծեց ռուս-թուրքական «շշալցման» համակենտրոնացման ճամբար՝ հայկական գետտո, որտեղ շարժիչ ուժը սոցիալիստ հեղափոխականներն էին (դաշնակները՝ ֆեդերալները, հնչակները՝ դեմոկրատները, բոլշևիկները՝ կոմունիստները…):
    Երկրորդ բանվորա-գյուղացիական հեղափոխությունը հայկական լեռնաշխարհի մի մասում տեւեց 33 տարի:
    Օխլոսոկրատիայի պայմաններում բանվորա-գյուղացիական, գեղական եւ գեղցիական զանգվածների և նրանց առաջնորդների ուղեղի եւ խելքի միակը դեղը «Օլիգոպտտուրֆրեն» (Made in Carvansarai) դեղամիջոցն է :

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031