Լրահոս
Օրվա լրահոսը

Հայության վրա հռհռացող թշնամիների ու «միջազգային հանրության» առաջ «Խաղաղության խաչմերուկ» ենք պարում․ «Փաստ»

Հոկտեմբեր 28,2023 09:40

Մղձավանջը, որի ակնհայտ դրսևորումները հանրությանը տեսանելի դարձան 2020-ի նոյեմբերի 9-ից, շարունակվում է: Այն, իր հերթին, նորանոր դրսևորումներ ու ձևակերպումներ է ստանում: Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա գլխավորությամբ, հետապնդելով իշխանությունն ամեն գնով պահելու և վերարտադրվելու նպատակ, 2021-ին հրապարակավ խոստացավ հետամուտ լինել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անգամ բանաձև կամ գովազդային կարգախոս հնչեցրեցին՝ փրկություն՝ անջատման միջոցով: Պարզվեց (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞) նրանք նորից ստում էին, ընդամենը իշխանություն պահելու համար: Պարզվեց, որ ոչ միայն ոչ մի նպատակ չունեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու, այլև բացարձակապես ուրացել են և ուրանում են Արցախը, որը պաշտոնապես իրենք ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Պարզվեց՝ անջատում ասելով նրանք նկատի ունեին հազարամյակներով Արցախում ապրած հայությանը բնօրրանից անջատելը, կտրելը, գաղթական դարձնելը: Իսկ Արցախը…

Ի՞նչ Արցախ: Հիմա էլ, պարզվում է, առանց այդ էլ հայության վրա հռհռացող թշնամիների ու «միջազգային հանրության» առաջ «Խաղաղության խաչմերուկ» ենք պարում: Ի դեպ, հենց այս օրերին, Փաշինյանի մասնակցությամբ, Թբիլիսիում, այսպես ասենք՝ «տարածաշրջանային» հավաքույթ էր, որտեղ էլ ներկայացվեց այդ «Խաչմերուկը», քարտեզով-բանով, Նիկոլ Փաշինյանի «լավագույն ավանդույթներով»: Նկարած է տարածաշրջանի քարտեզը, որտեղ կա ՀՀ-ն՝ 29 հազար ու չգիտես քանի քառակուսի կիլոմետրերով, իսկ Արցախը… չկա: Ընդհանրապես չկա: Ոչ մի կերպ չկա: Իմաստ ունի՞ ասել, որ քարտեզի հեղինակը և գլխավոր հովանավորը Նիկոլ Փաշինյանն է: Մինչ այդ սպասվում էր, որ Բրյուսելում՝ եվրոպական բարձր «հովանու ներքո», պիտի հանդիպեին Ալիևն ու Փաշինյանը: Բայց Ալիևն էլի ցուցադրաբար հրաժարվեց Փաշինյանի հետ հանդիպելուց: Հայտարարվեց, որ Բրյուսել չի մեկնի: Իսկ Փաշինյանը, ժողովրդական բառուբանով ասած, իրեն «մեջտեղից ճղում է». է՛լ հարցազրույցներ, է՛լ Ռուսաստանի դեմ նորանոր մեղադրանքներ կամ հների կրկնություններ, է՛լ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրագրություն, է՛լ «Մետաքսի ճանապարհ»:

Հա, բայց ամեն անգամ հատուկ նշում է, որ «ոչ մի միջանցք» տալու խնդիր չկա, նման բան չի քննարկվում, ինչ «միջանցք»: Բանից պարզվում է (ինչպիսի՜ անակնկալ-2), որ, այո, «միջանցք տալու» խնդիր չկա, պարզապես Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է նախատեսվում վերածել ադրբեջանաթուրքական առևտրատնտեսական անցուդարձի մե՜ծ «կարիդորի»: Ու դրա անունը դնում են «խաղաղության խաչմերուկ»: Փաշինյանական մեծահարուստներն, ինչ խոսք, ուրախացել և ուրախանում են, որովհետև նրանք կարծում են, որ թուրքական աշխույժ անցուդարձից իրենց էլ մի բան բաժին կհասնի: Չնայած նրանց ճակատագիրը մեզ ամենավերջին հերթին է հետաքրքրում, բայց նկատենք, որ այդ հարցում էլ իրենք անհիմն լավատես են: Այո, Ալիևը չմեկնեց Բրյուսել: Ինչո՞ւ: Հնարավոր ենթադրություններից մեկն այն է, որ նա այդպիսով ցանկացավ ևս մեկ անգամ ցուցադրաբար նվաստացնել Նիկոլ Փաշինյանին: Մյուս ենթադրությունն այն է, որ Ալիևը ցույց է տալիս, որ ինքը նույնիսկ առանց որևէ հանդիպման գնալու ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է, դեռ՝ ավելին:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    քառակուսի մտածելակերպ, այո պետք է նման ֆորումներում հենց նման կերպ հանդես գալ, ուրիշ բան որ պետք է երկրի ներսում պատրաստվել պատերազմի։ Իսկ դուք շարունակեք ամեն գնով ձեր ռուսական կապիտալը արդարացնել․․․․ սղոցեք Շուռա սղոցեք

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031