Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարին լիազորությունները դադարեցված դատավորի դիմումը ՍԴ-ում կքննվի դեկտեմբերին

Հոկտեմբեր 28,2023 13:00

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 24-ին իր աշխատակարգային որոշմամբ, ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունից, որոշել է «Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի եւ 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ժամկետը երկարաձգել, գործի դատաքննությունը հետաձգել»: Գործի դատաքննությունը նշանակվել է 2023 թվականի դեկտեմբերի 5-ին:

Դիմումատու Սուրեն Անտոնյանը նույն ինքը՝ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանն է, ում Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննվեց այս տարի՝ 2023թ. հունվարի 26-ին: Արդարադատության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 108-Ա որոշմամբ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ՝ «մեղադրելով» դատավորին 16 տարի առաջ՝ 2007 թվականին վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22343/08) գործով 2015 թվականին դեկտեմբերի 3-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը: Մի կողմ դնեմ դատավորի առարկությունը, թե. «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով» Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ-ում պարտվել է ՀՀ կառավարության ներկայացուցչի անհաջող գործելակերպի պատճառով, եւ անցնեմ այն փաստարկներին, որոնք հնչել են ԲԴԽ-ում, որոնք օրակարգի հարց են դառնալու հաստատապես ՍԴ-ում:

Նախարարը վկայակոչել էր Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (մինչեւ 07.04.2007 թվականը գործող խմբագրությամբ)` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը» վերտառությամբ 231.1-ին հոդվածի 1-3-րդ մասերը, «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի որոշակի հոդվածները եւ նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է վճռաբեկ բողոքի վերադարձման որոշման երկու տեսակ: Մինչդեռ դատավորը բողոքն ընդունել էր: ԲԴԽ-ն նշյալ օրը դադարեցրել էր դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները:

Այս տարվա հունիսի 29-ին էլ պարզ դարձավ, որ լիազորությունները դադարեցված է 7 դատավորների՝ Ալեքսեյ Սուքոյանի, Զարուհի Նախշքարյանի, Աննա Փիլոսյանի, հետ… Սուրեն Անտոնյանը դիմել են ՄԻԵԴ, որը դատավորների գանգատը ոչ միայն ընդունել է վարույթ, այլ դատավորների գործերը միացվել ու քննվելու են մեկ միասնական վարույթում։ ՄԻԵԴ-ի այս որոշումն աննախադեպ էր այն առումով, որ, ըստ էության, Եվրոպական դատարանը հասկացել է, որ կա խախտում, եւ առաջնահերթության սկզբունքով է քննելու լիազորությունները դադարեցրած դատավորների գործը։

Դատավորն իր առարկությունը ներկացնելիս ԲԴԽ, անդրադարձել էր ճիշտ այն հոդվածներին, որի սահմանադրականության հարցն է բարձրացնում ՍԴ-ում: Դեռ հունվարին նա առարկում էր, մասնավորապես, նշելով, որ «Տվյալ ժամանակահատվածում ձեւավորված է եղել բոլորին այլ դատական պրակտիկա՝ պայմանավորված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 07.04.2007 թվականին ուժի մեջ մտած փոփոխությունների եւ լրացումների կապակցությամբ մինչ այդ ներկայացված եւ վարույթ չընդունված վճռաբեկ բողոքների քննության առնչությամբ»: Դատավորը հայտնել էր, որ չնայած ՄԻԵԴ-ի վճռի առկայությանը, իր՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթից բացի, բոլոր դեպքերում պետք է ուսումնասիրվեր նաեւ ներպետական օրենսդրության զարգացումները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածի համար ՀՀ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի վերաբերյալ առկա են եղել որոշումներ. ՀՀ ՍԴ-ն դրանցից մեկով ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել մեկ անգամ վճռաբեկ բողոք բերելու դատավարական օրենքով նախատեսված սահմանափակումը:

Ըստ նախկին դատավորի. «Մինչեւ 06.07.2022 թվականին կատարված փոփոխությունն ու լրացումն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով արդարադատություն կամ որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական եւ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով կարգապահական վարույթ չէր կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել էր ութ տարի, այսինքն՝ նման խախտման համար պատասխանատվության ենթարկելու ժամկետը երկարացվել է յոթ տարով։ Դատավորը նշել է, որ վերոգրյալից պարզ է, որ եթե օրենսգրքում 2022 թվականին չկատարվեին վերոգրյալ «հակասահմանադրական փոփոխությունն ու լրացումը», ապա իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել չէր կարող՝ ոչ միայն վարույթի հարուցման առիթ եւ հիմք չլինելու, այլեւ անգամ դրանց առկայության դեպքում՝ վարույթի հարուցման ժամկետն անցած լինելու պատճառով»։

Սուրեն Անտոնյանը նաեւ դիմել էր, ըստ էության, միջնորդություն ներկայացրած նախարարին, ասելով. «Տվյալ ժամանակահատվածի օրենսդրությունն ու դատական պրակտիկան ուսումնասիրելը եւ վերլուծելը միջնորդություն ներկայացրած անձի պարտականություն էր, որը նա չի կատարել՝ այդպիսով ոչ միայն չհիմնավորելով իր միջնորդությունը բովանդակային առումով, այլեւ թույլ տալով օրենսգրքով սահմանված ընթացակարգային նորմերի ներքոհիշյալ խախտումները»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031