Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհն այսօր բացահայտ հեգնում է հայ ժողովրդին

Հոկտեմբեր 28,2023 12:30

Մի քանի օր է, ինչ Արցախն արդեն հայաթափվել է, այնտեղ մնացել է մոտ 500-ին մոտ էթնիկ հայ, սակայն մինչ այս պահն ամբողջ աշխարհը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք ամեն ինչ անում են արցախահայերի իրավունքները պաշտպանելու համար եւ դա շարունակելու են մինչեւ վերջին հայի դուրս գալն Արցախից: Սա ի՞նչ է, ձեռառնոցի՞, թե՞ ինքնախաբեություն: Քանի դեռ կար հնարավորություն, այս հարցում բացի թատրոն խաղալուց, բացարձակապես ոչ մի քայլ չարեցին: Ավելին, ամեն ինչով նպաստեցին Արցախի հիմնովին հայաթափմանը: Իսկ ո՞րն է նրանց նպատակը:

ՄԱԿ-ը, Արեւմուտքը, Եվրոպան տարաբնույթ հանձնախմբեր են գործուղում Հայաստան եւ հայաթափված Արցախ, իսկ ռուսները պարբերաբար բարձրաձայնում են, որ իրենք մինչ այս պահը բարեխղճորեն իրականացնում են իրենց խաղաղապահ առաքելությունը դատարկության՝ չեղածի եւ Ադրբեջանի միջեւ ու այն շարունակելու են այնքան, որքան «անհրաժեշտ» լինի: Իրե՞նք են ապուշ, թե՞ հայերին են ապուշի տեղ դրել: Հաստատ, երկրորդն է …

Այս բոլոր խաղերը վաղուց էին հայտնի, սակայն եւ Հայաստանը, եւ նրանք երկար ժամանակ լրջորեն խաղում էին այս խաղը, իսկ նման պարբերական շարունակականությունը լինում է միայն թատրոնում: Իսկ հանդիսատե՞սը … Հանդիսատեսը սփյուռքի եւ Հայաստանի հայերն էին, որոնք մինչեւ վերջ դիտեցին ներկայացումների շքերթը եւ ավարտին, հավանաբար, հուզվեցին, որը մինչեւ կյանքի վերջ շարունակվելու է … Ներկայացումները բնական էին՝ լուրջ, իսկ հանդիսատեսը՝ շատ անլուրջ էր, այդպես էլ չհասկացան, թե տարիներ շարունակ ինչ ներկայացում էին դիտում… Կհասկանան, երբ իրենց մաշկի վրա զգան ներկայացման հետեւանքները:

Սովորաբար, ներկայացման գնում են, երբ մնացած ժամանակում կատարում եւ ավարտում են իրենց գործը եւ սրտատրոփ սպասում ներկայացման սկզբին:

Իրադարձությունները պարզորոշ ցույց տվեցին, որ բացի Արցախի ժողովրդից, ողջ հայ ժողովուրդը ոչ մի գործ էլ չարեց, խաղաց միմիայն հանդիսատեսի իր դերը ու ծափահարեց … Նա այսօր էլ է ոգեւորված ծափահարում, երբ հիմնական ներկայացումն արդեն ավարտվել է եւ սկսվել է երկրորդ արարը. հիմնականում եվրոպական երկրներն ու նաեւ ԱՄՆ-ն 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա պատերազմի սկզբից ոչ մի օգտակար քայլ չարեցին հօգուտ Արցախի եւ Հայաստանի ու հենց նրանց հիմնական ներկայացումների շարքն ավարտվեց, նրանք շատ եռանդուն անցել են «ամփոփիչ» ներկայացմանը. անամոթաբար, պատերազմի ավարտից օրեր հետո, երբ Ալիեւի ռեժիմն արդեն մաքրել էր քաղաքացիական օբյեկտների ավերածությունները եւ ապահովության համար նկարահանելով միմիայն քաղաքացիական այն վայրերը, որոնք համեմատաբար քիչ էին տուժել, կամ ընդանրապես այդ վայրերում հարվածներ չէին էլ եղել, տարաբնույթ առաքելություններ են գործուղում Երեւան եւ Ստեփանակերտ, իբր տեղում ծանոթանալու պատերազմի հետեւանքներին, որից հետո լկտիաբար ցուցադրում ու բարձրաձայնում են, որ քաղաքացիական օբյեկտների վրա ոչ մի հարձակում չի եղել, իսկ Արցախի ժողովուրդը կամովին է լքել իր բնակավայրերը:

Եվ այդ ամենը այն պատճառով, որ 2020թ.-ից սկսած ամբողջ Եվրոպան տակից՝ ամբողջ ուժերով, պայմանավորված օգնել է Ադրբեջանին, որպեսզի համատեղ ուժերով հայաթափեն պատմական Արցախը, որի դիմաց չափազանց հարմար պայմաններով ստանան ադրբեջանական գազը: Եվրոպան ոչ միայն դա է արել, այլ մշտապես թոզ է փչել Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի աչքերին, շարունակաբար մեղադրելով Ռուսաստանին, ե նրանք էին պարտավոր իրականացնել խաղաղապահ գործունեությունը, նրանք էլ Ադրբեջանի հետ կազմակերպել են վերջին հարձակումը եւ արդյունքում հայաթափել Արցախը: Այսօր էլ ՀՀ իշխանությունները եւ ժողովրդի բավականին ստվար հատվածը հավատում է Եվրոպային եւ համատեղ փորձում Հայաստանը լրիվ կտրել Ռուսաստանից եւ նետվել միակ «փրկչի»՝ Եվրոպայի գիրկը: Այսքանով դեռ ամեն ինչ չի ավարտվել: Եվրոպան եւս չի հանգստանում եւ նույն սցենարով փորձում է հասնել «Սյունիքի միջանցքի» «փրկությանը»՝ հանձնմանը ու բնականաբար, ժամանակի ընթացքում ամբողջ Հայաստանի նվիրաբերմանը գազաբեր Ադրբեջանին …

Կարծում եմ, արդեն ամեն ինչ՝ ամենքին պարզ է: Հետաքրքիր է, թե հիմա ի՞նչ են մտածում Հայաստանի իշխանությունները եւ հայ ժողովուրդը: Հիմա էլ տեղյակ չե՞ն աշխարհի մտադրություններին ու քայլերին, որն ամեն կերպ փորձելու է իր մանր խարդախություններով փափուկ բարձ դնել հայերի գլխի տակ, ամեն կերպ թաքուն օգնել Ադրբեջանին՝ «Սյունիքի միջանցքը» հորով-մորով հանձնել թուրք-ադրբեջանական տանդեմին, հետագայում՝ աստիճանաբար, մաս-մաս հանձնել նաեւ ամբողջ Հայաստանը, հետո էլ կանգնեն ու անամոթաբար բարձրաձայնեն, որ հայերը չառաջնորդվեցին մեր առաջարկած ճանապարհային քարտեզով, որի պատճառով էլ կորցրեցին նաեւ Հայաստանը:

Այս դեպքում ի՞նչ պետք է ասեն իշխանությունները եւ հայ ժողովուրդը: Այս անգամ եւս պետք է իրար մեղադրեն իշխանությունները եւ ընդդիմությունը, մեղքը բարդեն միմյանց վրա, իսկ ժողովուրդը քնից արթնանա ու տեսնի, որ սկսվել է իր կյանքի նոր՝ «խաղաղ դարաշրջանը», սակայն ոչ թե Հայաստան կոչվող պետությունում, այլ թուրքական վիլայեթ՝ Էրմենիստանում:

Էլ չփորձեք ձեր անամոթ հայացքներով՝ ստրուկի խեղճությամբ նայել երկինք ու գլխներիդ տալով, թե՝ դարձյալ խաբեցին, իսկ դուք չհասկացաք …

Հանկարծ չփորձեք մեղքը փաթաթել ուրիշների վզին, քանզի միեւնույն է՝ դուք արդեն մասնակի ստացել եք եւ անպայմանորեն ստանալու եք ձեր լրիվ հասանելիքը:

Ի՞նչ արժանապատվություն: Ուղղակի, թուրքը՝ ուրացողին, լավ հասկացավ:

Վերջապես մոտեցաք ձեր մեծ նպատակին:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
27.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031