Հոկտեմբերի 17-ին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական 5-րդ գագաթնաժողովին՝ «Խելացի երկիր» թեմայով պանելային քննարկմանը։
Կենտրոնական բանկի նախագահն անդրադարձել է արհեստական բանականության հետ կապված մարտահրավերներին և հնարավորություններին:
Նա նշել է, որ, բազում տեխնոլոգիական առավելությունների հետ մեկտեղ, առկա են մի շարք էթիկական, անվտանգային և համամարդկային խնդիրներ, որոնք հեշտ լուծում չունեն:
Օրինակ՝ խոսելով մարդկանց անձնական տվյալների օգտագործման խնդրի մասին, ԿԲ նախագան ասել է, որ այն ունի երկու շերտ. 1) քաղաքացին պետք է համոզված լինի, որ իր տվյալները պաշտպանված են, և օգտագործվում են ըստ նպատակի, և 2) քաղաքացին պետք է հստակ իմանա, թե իր տրամադրած տվյալների դիմաց ի՞նչ հանրային բարիք է ստանալու (օրինակ՝ առողջապահության, կրթության բարելավում, բիզնես անելու հնարավորությունների ընդլայնում և այլն):
Կարդացեք նաև
Ըստ Մարտին Գալստյանի, պետք է լինի այս երկու բաղադրիչների խելացի համադրում, և դրանց համադրության արդյունքում է, որ մենք հնարավորություն ունենք՝ օգտագործելով ներկայիս տեխնոլոգիաները, հանրության ու մարդկանց համար բարիք ստեղծել:
Մարտին Գալստյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է թվայնացման «խզման» խնդրի վրա։ Տարբեր երկրներ տարբեր աստիճանի են թվայնացված, և դրանց թվայնացման մակարդակները գնալով սկսում են իրարից շեշտակի տարբերվել։ Վերջինս իր հերթին բերում է «թվայնացված» և «չթվայնացված» երկրների միջև հսկայական անջրպետի ձևավորմանը, ինչը մոտ ապագայում կարող է հանգեցնել տեխնոլոգիական, ժողովրդագրական, տնտեսական բնույթի լրջագույն խնդիրների, և մենք պետք է արմատական քայլեր ձեռնարկենք Հայաստանի թվայնացման ապահովման գործում։
«Ոլորտի անվտանգային ռիսկերի կառավարումը պետք է խիստ պրոակտիվ լինի», ասել է Մարտին Գալստյանը՝ ավելացնելով, որ Կենտրոնական բանկը նախաձեռնել է ֆինանսական համակարգը հնարավորինս ապահով և փոխգործելի դարձնելու գործընթացը:
ԿԲ նախագահը նաև բարձրաձայնել է իր մտահոգությունն առ այն, որ մեր օրերում արհեստական բանականությունը, տեխնոլոգիաներն ու այլ տեսակի լուծումները կարող են օգտագործվել վտանգավոր նպատակներով: Նա մեջբերել է Հարվարդի Քենեդիի դպրոցում Գուգլ ընկերության նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի հարցազրույցից մի միտք. «Ազգային անվտանգության ապագան կանխորոշվելու է նրանով, թե դու որքան արագ կարող ես նորարարական լուծում գտնել նույն այդ լուծման վերաբերյալ»:
Մարտին Գալստյանն ասել է. «Եթե այդ լուծումն օգտագործում ես հակառակորդիդ դեմ, ապա դա վատ հետևանք է բերելու բոլորի համար, սակայն եթե այդ լուծումն օգտագործվի խաղաղ համակեցությանը նպաստելու համար, ապա դա ստեղծելու է հանրային բարիք: Այս առումով ես լիահույս եմ, սակայն արգելքները շատ են»:
ՀՀ Կենտրոնական բանկ