Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի փորձեք Արմեն Սարգսյանի ասածները մեջբերում անելով՝ ինձնից պատասխաններ տանել, էդ մեղմ ասած սիրուն չի, կասեր Վանո Սիրադեղյանը». Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2023 22:30

«Ես ինչ հարց ունեմ Գագիկ Ջհանգիրյանին, այդ հարցերը տվել եմ: Խնդիրը նրանում է, որ ես իսկապես համոզված եմ, որ Գագիկ Ջհանգիրյանը եթե ուզենար էլ բացահայտել ամբողջական Հոկտեմբերի 27-ը, չէր կարող»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, երբ հարցրեցինք՝ Եռաբլուրում է Գագիկ Ջհանգիրյանը,  որը Հոկտեմբերի 27-ի գործով հսկող դատախազ է եղել, նրան հարցեր չունե՞ք տալու:

Արամ Սարգսյանն ասաց. «Ես չեմ համարում, որ Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հիմնական մեխը ներքին կազմակերպիչների խնդրի հայթայթման մեջ է, առավել եւս, որ ես հակված եմ մտածելու, որ դա անգործություն է եղել, կամ լուռ համաձայնություն՝ ոչ ավելին: Ես գտնում եմ, որ գործը պիտի բացահայտվի արտաքին քաղաքական պատվիրատուների առումով, ինչն էլ այսօր հստակ երեւում է՝ որոնք են այն պետությունները, ովքեր այսօր էլ ուզում են, որ Մեղրիում միջանցք լինի: Այս խնդիրը բացահայտված է եւ ովքեր են այն ներքին ուժերը, ովքեր այդ տարբերակը ժամանակին համարել են ոչ վատը եւ այսօր էլ գտնում են, որ այդ ուժերի հետ է պետք լավ լինել, որոնք են այն լրատվամիջոցները, որ դա խրախուսում են ու ասում են՝ սա տարբերակ է, ի՞նչ կա որ: Այ սա մի ամբողջ գործընթաց է, մի ցանց, որն իմ կարծիքով ուղղորդվում է որոշակի կենտրոնների կողմից եւ այդ կենտրոնները աշխատում են կացնային տարբերակով ու շատ արագ բացահայտվում են: Ես կարծում եմ, որ այս երկրում լյուստրացիա պետք չի, լյուստրացիան Ռուսաստանն անում է այստեղ՝ իր մարդկանց, իր ազդեցության տակ եղած ուղղությունները, ՀԿ-ները, կուսակցությունները, անհատները բացահայտելով: Երբ որ ՌԴ դեսպանը մի շաբաթ առաջ հանդիպում է Երեւան քաղաքի ընտրություններից առաջ այդ ընտրություններում առաջադրված թեկնածուներից մի քանիսին, ակնհայտ է դառնում, թե «կոնսենսուս մինուս մեկը» ինչպես եւ ով է կազմակերպում»:

Հարցին՝ այս իշխանությունները գալիս էին Մարտի 1 ու Հոկտեմբերի 27 բացահայտելու համար, բայց տեսնում ենք, որ դատախազության հաղորդագրությունը, օրինակ, նույնն է, ինչ անցյալ տարվանը՝ ստուգվում են փաստերը, կատարվում են փորձաքննություններ, նույն բառերը՝ «copy paste» արած, սա ձեր մոտ հարց չի՞ առաջացնում, որ մատը մատին չեն տալիս Հոկտեմբերի 27-ի գործով՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «100% կիսում եմ ձեր մոտեցումը: Ասել, թե մատը մատին չեն տալիս՝ տալիս են, բայց չեն կարողանում բացահայտել ու չեն էլ կարող բացահայտել, որովհետեւ նորից եմ կրկնում՝ Հոկտեմբերի 27-ը ունի արտաքին քաղաքական ենթատեքստ: Հայաստանի գործող իշխանությունները փորձում են լինել թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան դաշտում միաժամանակ, իսկ եթե դու ուզում ես այդ երկու դաշտում էլ լինել ու դա հիմնավորում ես Հայաստանի անվտանգային իրավիճակով, Հոկտեմբերի 27 չես բացահայտի: Ինչ դատախազություն ուզում է լինել, ինչ Ազգային անվտանգություն ուզում է լինել՝ այդ գործը չի բացահայտվելու, որովհետեւ դա քաղաքական ենթատեքստ ունի, իսկ այդ քաղաքական ենթատեքստը սերտ կապված է մեր արտաքին քաղաքական վեկտորի հետ եւ այս առումով լուրջ խնդիրներ կան, այս իշխանությունը չի կարողանալու դա բացահայտել, չնայած համոզված եմ, որ յուրաքանչյուր տրամաբանող մարդ տեսնում է, թե ովքեր են այսօր Մեղրիի միջանցքի կողմնակիցները»:

Հարցին՝ ձեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը ասում էր՝ այն արտաքին ուժերը, որոնք կազմակերպեցին Հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանությունների թիկունքին, սա ո՞նց կմեկնաբանեք՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ինքը նման բան ասելով՝ նկատի ունի Ռուսաստանին, որովհետեւ իմ եղբայրը համարում է, որ այսօրվա իշխանությունները ՌԴ-ի իշխանությունների հետ նույնն են՝ նախորդ իշխանությունների հետ միասին: Այսինքն, ինքը համարում է, որ նախորդ ու ներկա իշխանություններն իրարից չեն տարբերվում: Դա իր տեսակետն է, այդ հարցը կարող եք իրեն տալ: Եվ ընդհանրապես, ես չեմ կարող Վազգեն Սարգսյանի արածների պատասխանատուն լինել, էդ իրավունքը չունեմ եւ եթե Վազգեն Սարգսյանի վաստակը վերագրեք ինձ, իմ պատասխանները լրիվ ուրիշ կլինեն: Մի փորձեք Արմեն Սարգսյանի ասածներն էլ մեջբերում անելով՝ ինձնից պատասխաններ տանել, էդ մեղմ ասած սիրուն չի, կասեր Վանո Սիրադեղյանը»:

Արամ Սարգսյանին նաեւ հարցրեցինք՝ այս տարիների ընթացքում Հոկտեմբերի 27-ի գործում կարեւոր անձանցից մեկը ինքնասպան է լինում, մեկը՝ վթարից է մահանում, մահացել է Նորայր Եղիազարյանը, Մուշեղ Մովսիսյանը, Նաիրի Հունանյանի քեռին, այս ամենը դուք պատահակա՞ն եք համարում՝ նա պատասխանեց. «Գիտեք, իմ համարել-չհամարելը որեւէ արժեք չունի: Սուբյեկտիվ բան է: Ես իմ համար մեղավորներին էլ գիտեմ, կատարողներին էլ, պատվիրատուներին էլ, ծույլիկներին էլ, լղոզվողներին էլ, ձեւերով այստեղ եկողներին էլ, բոլորին էլ գիտեմ: Բայց դա Վազգեն Սարգսյանի եղբոր սուբյեկտիվ մոտեցումն է: Վազգեն Սարգսյանը պետություն էր կառուցում ու պետության մեջ գնահատականները պիտի տային պետական ատյանները՝ գործադիր իշխանությունը, օրենսդիր իշխանությունը, դատական մարմինները եւ չորրորդ իշխանությունը: Ամեն մեկն իր չափով իր դատողությունները տվել է՝ իր ունեցած հնարավորությունների շրջանակում եւ դրա հետեւանքն է ինչ-որ չափով նաեւ այսօրվա Հայաստանի իրավիճակը, որ կորցրեցինք թե՛ ԼՂ-ն, թե՛ կանգնած ենք լուրջ վտանգի առաջ, որովհետեւ ձեւեր ենք թափել, չենք ասել ճշմարտությունը, որովհետեւ այսօր էլ ձեւեր ենք թափում, չենք ուզում տեսնել այդ ճշմարտությունը, որովհետեւ այդպես ապրելը հեշտ է, մենք մեզ համոզել ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ընկե՛ր, դու քո բերանով ասում ես. «Հայաստանի գործող իշխանությունները փորձում են լինել թե՛ ռուսական, թե՛ արեւմտյան դաշտում միաժամանակ, իսկ եթե դու ուզում ես այդ երկու դաշտում էլ լինել ու դա հիմնավորում ես Հայաստանի անվտանգային իրավիճակով, Հոկտեմբերի 27 չես բացահայտի: Ինչ դատախազություն ուզում է լինել, ինչ Ազգային անվտանգություն ուզում է լինել՝ այդ գործը չի բացահայտվելու, որովհետեւ դա քաղաքական ենթատեքստ ունի, իսկ այդ քաղաքական ենթատեքստը սերտ կապված է մեր արտաքին քաղաքական վեկտորի հետ եւ այս առումով լուրջ խնդիրներ կան, այս իշխանությունը չի կարողանալու դա բացահայտել»:
    Եվ դու այդքան բանը հասկանալով, քո կուսակցությամբ այս իշխանության հետ կոալիցիա ես կազմում ու Երևանի քաղաքապետի աթոռը նվիրում ես անբավարար քվեներ ստացած այս իշխանությանը, որը եղբորդ սպանության գործը իր տիրոջ ցուցումով չի բացահայտում: Այսքանից հետո քեզ ի՞նչ ասեմ, ինչպես դու ասացիր՝ մեղմ ասած սիրուն չի:
    Բացի դրանից իմացիր նաև, որ Եռաբլուրում՝ եղբորդ գերեզմանի մոտ, նրա սպանության օրը լայն ժպիտով ու ծիծաղելով խոսելը նույնպես մեղմ ասած սիրուն չի:

  2. Հայ says:

    Եթե պազվեց,որ ռուսներն են կազմակերպել,ի՞նչ պիտի անենք,պատերա՞զմ ենք հայտարարելու ռուսներին,թե՞ թուք ւ մոր ենք տալու:
    Օրինակ,պարոն Նաիրին խոստվանում է,որ իրեն աջակցել են ռուսական գռու ից այս կամ այլ կերպ ներկայացած մարդիկ: Հետո՞ :Դիմելու ենք ռուսական կողմին,որ գտնի ու մեզ փոխանցի այդ մարդկա՞նց: Լուրջ չէ:Միգուցե այդ գործը բացվի, եթե Ռուսաստանում հեղփոխություն լինի եւ նոր իշխանությունները լյուստրացիա կազմակերպեն

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031