Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստն այսօր ընթացել է բավականին լարված: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստի սկզբում զոհված զինծառայողներից մեկի ազգականը մոտեցավ մեղադրյալներից մեկին ու սկսեց հարվածներ հասցնել նրան: Կարգադրիչները մի կերպ կարողացան նրա ձեռքից ազատել մեղադրյալին ու դուրս հանել նիստերի դահլիճից: Միջադեպի պատճառով նիստը ընդմիջվեց:
Ընդմիջումից հետո նիստը նախագահող դատավորը դիմեց նիստի մասնակիցներին, տուժողներին ու խնդրեց չխանգարել նիստի ընթացքը՝ բացատրելով, որ դրանից տուժում է գործի քննությունը. «Թողեք, աշխատենք: Այդ ամեն մի ընդմիջումը, այդպես չի լինի էլի»: Հետո նիստը նախագահող դատավորը հայտնեց, որ անցնում են ապացույցների հետազոտմանը, դահլիճից մեկը ընդհատեց՝ բա Նորիկյանը չի՞ խոսում, քաղաքացին նկատի ուներ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանին: Դատավորն էլ խոսքը հանձնեց վերջինիս՝ հայտարարության համար:
« Եթե իրականացվեր արդար ու օբյեկտիվ քննություն, եթե իրական ոճրագործության բոլոր տարրերը բացահայտվեին, այս ցասումը չէր լինի: Այստեղ ՀՀ հասարակությունն է տուժել, ՀՀ հասարակության յուրաքանչյուր ինքնահարգանք ունեցող քաղաքացի է տուժել, առաջին հերթին ես եմ տուժել, բայց ես ինչու եմ այս ամենն ասում, որովհետեւ այսօր այստեղ կուզենայի տեսնել նստած ՊՆ նախարարին, գլխավոր շտաբի պետին: 5 մեղադրյալ կա, որոնք բոլորն էլ զինծառայող են , զոհվել են 15 զինծառայողներ ու այս փնթի վերաբերմունքը պետական իշխանության կողմից: Բոլորիս զայրույթի մեխը նաեւ սրանով է պայմանավորված…նրանց՝ այս դատավարությանը ներկա լինելը կմեղմեր իրավիճակը, բայց քանի որ չկան, դա եւս մեկ անգամ վկայում է պետական ապարատի փնթի աշխատանքը: Մի հատ պատկերավոր խոսք կա է, ասում է, որ բոլորը սուրբ են, բա վանքի հավերը ո՞վ է գողացել: Մեր՝ բոլոր տուժողների նախնական տպավորությամբ՝ այս ողբերգությունը Զինված ուժերում կադրերի սխալ քաղաքականության , Զինված ուժերի հայեցակարգային զարգացման եւ ռազմավարային մտածողության բացակայության, ռեսուրսների ոչ ռացիոնալ կառավարման, ոչ կանոնադրական հարաբերությունների առկայության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, անպատժելիության, սոցիալական անարդարության ու անտերության հետեւանք է եղել»,-հայտարարեց Նորիկ Նորիկյանը:
Ըստ նրա, կացարանի հրդեհի հետեւանքով տեղի ունեցած այս դեպքը պետք է դառնար հասարակության համբերության բաժակը, որով ամեն ինչ պետք է արվեր վերջ տալու խաղաղ պայմաններում զոհերի շքերթին. « Մեր բանակը չպետք է դառնա մահվան բանակ, յուրաքանչյուր ծնողի՝ իր որդու կորուստը մեծագույն ցնցում պետք է առաջացնի մեր հասարակությունում, յուրաքանչյուր ընտանիքում: 15 զինծառայողի պահել մեկ տեղում ու այրել, չգիտեմ՝ ինչ բնութագիր կարող է ունենալ: Ծնողները մեկ բան են ուզում իմանալ՝ ճշմարտությունը, նրանց վրդովմունքը սրանով է պայմանավորված: Ծնողները համոզված են, որ իրենց երեխաները հրդեհից առաջ առնվազն ողջ չեն եղել կամ գոնե գիտակից չեն եղել: Հրդեհը, մեր խորին համոզմամբ, կապիտան Եղոյանի համար գործիք է եղել, հետքերը թաքցնելու միտված գործընթաց է եղել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ