Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը Զավենիչին բողոքել է, որ Ռոբերտ Քոչարյանը միջամտում է Հոկտեմբերի 27-ի գործին. «Հանձնարարականներ է տալիս, ինձ թիկունք կանգնել է պետք». Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2023 21:33

Այսօր Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ երբ իրեն հանեցին վարչապետի պաշտոնից՝ մայիսի 2-ից Հոկտեմբերի 27-ի քննչական գործը 180 աստիճանով փոխվեց, փոխվեցին ցուցմունքները եւ այլն:

Aravot.am-ը Արամ Սարգսյանին հիշեցրեց՝ 2001-ին դուք Aravot.am-ին տված հարցազրուցում ասել եք, որ Քոչարյանի հետ հակասությունների մեխը բացարձակապես Հոկտեմբերի 27-ը չէր: Ասել եք՝ «Հակասությունները վերաբերում էին երկրի ապագային, տնտեսության զարգացմանը։ Ես այս երկիրը տեսնում եմ զարգացած արդյունաբերությամբ, ապահովված աշխատատեղերով։ Ես կարոտում եմ մեր հին կոշիկի գործարաններին, տրիկոտաժի ֆաբրիկաներին, որոնք ունե՛ն հնարավորություն, կարո՛ղ են աշխատել»:

Այսինքն, ձեր հակասությունը Ռոբերտ Քոչարյանի հետ չի եղել Հոկտեմբերի 27-ը, սա ինչպե՞ս կբացատրեք: Արամ Սարգսյանը պատասխանեց. «Շատ պարզ՝ ես Հոկտեմբերի 27-ի գործով քննչական գործունեությանը բացարձակ չեմ միջամտել՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որն ամեն օր կարդում էր այդտեղ եղած նյութերը ու որից հետո իր մոտ էր կանչում Գագիկ Ջհանգիրյանին եւ նրան հանձնարարություններ էր տալիս: Դրանից հետո Գագիկ Ջհանգիրյանը գալիս էր ինձ մոտ ու ասում՝ այ, նախագահը էս կարգի հանձնարարականներ է տալիս, փորձում է ինչ-ինչ…ու ինձ թիկունք է պետք կանգնել: Ու էդ թիկունք կանգնելու ձեւը եղել է, եթե չեմ սխալվում, մարտի 1-ին, թե 2-ին 2000 թվականի, երբ ես, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, որն այդ ժամանակ ՀՀԿ-ի նախագահն էր, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մամուլի ասուլիս ենք տվել, որտեղ պահանջել ենք, իսկ այդ պահանջը եղել է դատախազությունից, որ Սերժ Սարգսյանին հանեն նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, քանի որ կոշտ միջամտություն է լինում քննչական գործերին: Ռոբերտ Քոչարյանի հետ իմ հակադրությունը եղել է Մեղրիի տարբերակի վրա, ինչը ես բարձրաձայնել եմ այդ ժամանակ Ագարակ քաղաքում եւ ասել եմ՝ այսպիսի տարբերակ կա»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, Ռոբերտ Քոչարյանը, որը նախագահն էր, իր աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանի միջոցով փորձում էր միջամտե՞լ Հոկտեմբերի 27-ի գործին՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող դա հաստատել, կամ հերքել, կարող եմ ասել, որ քննությունը վարող  դատախազությունը ասում էր, որ թիկունքին կանգնել է պետք, որ իր վրա ճնշումներ կան, որ եթե մենք այ այդ քայլը անենք ու կանգնենք իր թիկունքին, մամուլի ասուլիսով հանդես գանք, ապա հինգշաբթի օրը դատախազությունը կարող է կառավարության հետ հարցուպատասխանի, թե ինչի ժամանակ գնա եւ հաշվետվություն տա, այդ հաշվետվության մեջ նշի ճիշտ ուղղությունները:

Բայց էդ հաշվետվություն տալն էլ Ռոբերտ Քոչարյանն արգելեց եւ Գագիկ Ջհանգիրյանը դա հայտարարեց, որ նախագահը արգելել է իրեն՝ չնայած գործադիր իշխանությունը որեւէ լիազորություն չունի դատական իշխանությանը միջնորդելու եւ արգելելու: Լավ կլինի, որ լրատվամիջոցները այդ հարցերը տան Ռոբերտ Քոչարյանին, ոչ թե ինձ հարցախույզ անեն կամ իմ նախկին ասածների ու այս ասածների մեջ տարբերություններ տեսնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031