Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլի ԽԽ-ն՝ «Խաղաղության խաչմերո՞ւկ», թե՞ «Խայտառակ խաբեություն». քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 27,2023 21:21

Անցնող օրերին Նիկոլ Փաշինյանը «փայլեց» երկու միջազգային առիթներով՝ հարցազրույց տալով ամերիկյան The Wall Street Journal-ին և մասնակցելով Թբիլիսիի միջազգային համաժողովին: Բովանդակային և իրադարձային իմաստներով այս համերգաշարը խարսխված էր նրա համար այլևս տիպիկ դարձած եռամիասնության վրա՝ նախաձեռնողական տգիտության, խրոնիկ հակառուսականության և մարտնչող անհայրենիքության:

«Երևան-Արևմուտք-Անկարա» տրանզիտ

Ամերիկյան պարբերականի հարցազրույցում Փաշինյանի կողմից անվտանգության հայեցակարգի շուրջ սեփական տեսլականի շարադրումը ստիպեց Բժեզինսկիին, Սու Ցզիին, Բիսմարկին և Մաքիավելիին շուռ գալ սեփական գերեզմաններում:

Անշուշտ, անվտանգությունը շատ ավելին է, քան պարզապես զինված ուժերը, և սա դասագրքային ճշմարտություն է: Նիկոլի կողմից սա փաստացի խոստովանություն է առ այն, որ 2018թ.-ից հետո նա գիտակցաբար և համակարգված քանդում էր Հայաստանի և Արցախի անվտանգային ճարտարապետությունը ոչ միայն բանակի համալրման խաթարման և կադրային ջարդի միջոցով, այլև գիտակցված կազմաքանդելով անվտանգության մյուս բաղադրիչները:

2018թ.-ից սկսեց այլասերվել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, պարալիզացվել Արցախյան բանակցային ձևաչափը, թիրախավորվեցին դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միաժամանակ արմատախիլ արվեց երկրի անվտանգության գաղափարական հիմքը, հայ ժողովուրդը ենթարկվեց տարաբնույթ բաժանումների, ընկճվեց հասարակության իմունիտետն ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ, և այլն: Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ վերանայվեց և անդամահատվեց Հայաստանի անվտանգության ռազմավարությունը, որտեղից դեռևս 2020թ.-ի հուլիսին հեռացվեցին Արցախի Հանրապետություն հասկացությունը և ազգային շահերի մասին այլ հիշատակումներ:

Հարցազրույցում Նիկոլի կողմից ներկայացված անվտանգային տեսլականը ոչ թե պետական այրի, այլ PEACE BUILDING-ի պրիմիտիվ սեմինարի մասնակից 18 տարեկան, պրիշչիկոտ և ռոմանտիկ դեռահասի ուղեղի լվացման արդյունք է:

«Мир, дружба, жвачка» ոճի բարբաջանքը, այն էլ՝ փոթորկված և եռացող աշխարհում, գեոպոլիտիկ ռիտուալների զոհասեղանին հոժարակամ բարձրացող հայ ժողովրդի մահախոսականն է հիշեցնում: Եթե անվտանգության նիկոլական տեսլականն իրականում կառավարեր աշխարհը, ապա աշխարհում չէր լինի մոտ 200 անկախ պետություն, ոչ մի կայսրություն չէր փլուզվի, իսկ հայ ժողովուրդը վաղուց կդադարեր գոյություն ունենալ և չէր հասնի 21-րդ դար:

Արցախի հարցի տարանջատումը հայ-ադրբեջանական օրակարգից կործանարար էր Արցախի համար: Հիմա այս տարանջատման վրա հույս դնելը կործանարար է դառնում բուն Հայաստանի Հանրապետության համար:

Հայ-ռուսական հարաբերությունների խորացող ճգնաժամը քողարկելով «բալանսավորում և դիվերսիֆիկացիա» բառակույտի ներքո՝ Նիկոլը կրկին ստում է: Բալանսավորում և դիվերսիֆիկացիա անում են Ի ԼՐՈՒՄՆ ինչ-որ բանի, ոչ թե Ի ՀԱՇԻՎ: Այնինչ ներկայիս արտաքին քաղաքականության հիմքում ընկած է ՀՀ-ՌԴ հարաբերությունների կապիտալն արևմտյան հարթակներում էժանով վաճառելը:

«Արևմուտքի միջոցով Ռուսաստանից պրծնել, որ նստել Թուրքիայի գիրկը». սա է Փաշինյանի անվտանգային ավանտյուրիզմի բանաձևը:

Где Кура, где мой Дом

Մի քանի դիտարկում անեմ նաև Թբիլիսիի միջազգային համաժողովին Նիկոլի մասնակցության և ելույթի մասին: Բացի այլանդակ և սկանդալային քարտեզից, որ ներկայացվեց՝ որպես Հայաստան, և բուռն քննարկման ենթարկվեց, կան նաև այլ հանգամանքներ:

Հիշեցնեմ, որ նույն ժամանակ Բիշքեկում տեղի էր ունենում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին 20-ից ավելի երկրների վարչապետներ և նախարարներ: Փաշինյանի կողմից այս հանդիպման բոյկոտն էլ ավելի է խորացնում ՀՀ-ՌԴ ճգնաժամն առնվազն այն պատճառով, որ եթե ՀԱՊԿ-ի կամ ԱՊՀ-ի ուղղությամբ Հայաստանի վարչախումբը քարեր նետել էր, ապա ապա ԵԱՏՄ-ի մասով դեռևս դիվանագիտական դեմարշներ չէին եղել:

Թբիլիսիի միջոցառմանը Նիկոլի մասնակցությունը տարօրինակ է նաև այլ պատճառով: Արդեն երկրորդ անգամ է, ինչ Ալիևը մերժում է Փաշինյանի հետ հանդիպումը. Սկզբից՝ Գրանադա, հետո՝ Բրյուսել: Առկայության դեպքում արժանապատվության հարց էր առնվազն այդքանից հետո չհայտնվել Ալիևից ցածր ռանգի ադրբեջանական պաշտոնյայի հետ միևնույն հարթակում: Այս տեմպերով չեմ զարմանա, որ մի օր էլ նա կհայտնվի, օրինակ, Հիքմեթ Հաջիևի և Թուրալ Գյանջալիևի հետ միևնույն ձևաչափում:

Այն, որ «Խաղաղության խաչմերուկ»՝ ԽԽ ցնդաբանությունը, ստեղծված իրավիճակում չի սպասարկելու հայկական շահեր, ակնհայտ է: Այն բրենդավորելու, նոր փաթեթավորմամբ ներկայացնելու ջանքերը ք..քը շոկոլադի տեղ վաճառելու փորձեր են հիշեցնում: Եկեք, սակայն, մի պահ պատկերացնենք, որ Նիկոլն իրավացի է, դիցուք, այդ նախագիծն իրոք պրոհայկական է և ռեգիոնալ ու գլոբալ նշանակություն ունի: Այսօրվա աշխարհում կան ընդամենը 5 խաղացողներ, որ լոգիստիկ-կոմունիկացիոն մեգա-նախագծերի մեջ շահագրգիռ են, ունեն քաղաքական և ֆինանսական ռեսուրսներ: Հերթով դիտարկենք:

Չինաստան- Ճանապարհ և գոտի նախագիծ: Նիկոլի ԽԽ-ն ոչ միայն չկա այդ փաթեթում, այլև չի կարող լինել, քանզի ներկայիս Հայաստանի գեոպոլիտիկ դիրքավորումը չի համապատասխանում Չինաստանի շահերին:

Ռուսաստան- Հյուսիս-Հարավ նախագիծ: ՌԴ-ն ոչ միայն ունի ռեգիոնում իր սեփական ծրագրերը, այլև նիկոլական Հայաստանի հետ գտնվում է խորացող ճգնաժամի մեջ:

Հնդկաստան- Այս երկիրն ունի լոգիստիկ դիվերսիֆիկացիայի խնդիր, որը հատկապես սրվում է իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին: Սակայն միանձնյա չի մտնի նոր նախագծերի մեջ, հատկապես, երբ արդեն երևում է Հյուսիս-Հարավի ռեալ հեռանկարը:

G7 և Եվրոպական միությունն ունեն իրենց գլոբալ նախագծերը, համապատասխանաբար՝ PGI (Partnership for Global Infrastructure) և Global Geateway: Սակայն երկուսն էլ լինելով հավաքական Արևմուտքի նախագծեր, չեն ներառի այնպիսի շահառու երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Իրանը:

Շարադրվածից պարզ է դառնում, որ տակը մնալու է միայն Թուրքիան, այն էլ՝ խիստ հատվածական և սեփական գերակայություններով:

Ուստի ակնհայտ է, որ նիկոլական ԽԽ-ն ոչ թե Հայաստանին խաղաղություն բերելու գաղափար է, այլ մեզանից վերջնականորեն ռեգիոնալ պոլի շոր սարքելու առաջարկ:

 

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

27.10.2023թ.

 

Սկզբնաղբյուրը` 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031