Լրահոս
Օրվա լրահոսը

Գտիր 10 տարբերություն. Դատախազությունը Հոկտեմբերի 27-ի գործով «copy» է արել անցյալ տարվա գրածը

Հոկտեմբեր 27,2023 20:45

Այսօր դատախազությունը հաշվետվություն-հաղորդագրություն է տարածել, թե ինչ են արել Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում:

Այսպես, կարդում ենք դատախազության «չարքաշ» աշխատանքը՝ մեկ տարվա ընթացքում՝ «հարցաքննվել կամ լրացուցիչ են հարցաքննվել մի քանի տասնյակ անձինք», հաջորդը՝ «առգրավվել են բազմաթիվ պաշտոնատար անձանց անձնական գործեր, ինչպես նաև դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող քրեական վարույթներ, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում», այնուհետեւ՝ «նախաքննության ընթացքում առգրավվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ տեսագրություններ և ձայնագրություններ, դրանցով նշանակվել են փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում», այնուհետեւ՝ «հարցաքննվել են դիմումատուները, զննվել ներկայացված փաստաթղթերը», վերջում՝ «նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան»:

Այս նույն «շարադրությունը» դատախազությունը մեզ մատուցել է նաեւ անցյալ տարի՝ 2022-ի Հոկտեմբերի 27-ին, ընդ որում, որոշ հատվածներ ալարել են նույնիսկ ձեւափոխել, պարզապես «copy paste» են արել անցյալ տարվա հաշվետվությունից:

Անցյալ տարի էլ դատախազությունը նշել էր, որ «հարցաքննվել են մի շարք անձինք», անցյալ տարի էլ նշել էին, որ «Ոստիկանության և այլ պետական մարմինների տարբեր ստորաբաժանումներից առգրավվել են այս դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող գործեր, որոնք գտնվում են ուսումնասիրության փուլում», այսինքն, մի տարի անցավ, դեռ ուսումնասիրման փուլում են, անցյալ տարի էլ նշել էին՝ «առգրավված տեսագրություններով և ձայնագրություններով նշանակվել են տեսաձայնագրային փորձաքննություններ, որոնք գտնվում են կատարման փուլում», այս տարի փաստորեն զննել են անցյալ տարի արդեն իսկ զննածը, որովհետեւ նշել էին՝ «ստացված դիմումների, դրանց կից փաստաթղթերի և սկավառակների շուրջ հարցաքննվել են դիմումատուները, զննվել են ներկայացված փաստաթղթերը և սկավառակները»: Եվ վերջում հավելել նույն այս պարբերությունը՝ «նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան»:

Հիշեցնենք՝ այս իշխանությունները  եկել են՝ Մարտի 1 եւ Հոկտեմբերի 27 բացահայտելու խոստումներով, 5 տարի անցավ: Ու ամեն տարի այսպես կհարցաքննվեն տասնյակ մարդիկ, կառգրավվեն նույն տեսագրությունները, փորձաքննությունները կլինեն նորից կատարման փուլում, կառգրավվեն քրեական վարույթներ ու անձնական գործեր, որոնք էլի կգտնվեն ուսումնասիրման փուլում, վերջում էլի առաջ կքաշեն մի շարք քննչական վարկածներ և դրանք ստուգելու նպատակով էլի կկազմվեն քննության պլաններ ու այսպես շարունակ: Ոճրագործությունից անցավ 24 տարի, իսկ գործով անցնողները, այդ թվում՝ կարեւոր վկաները հերթով կյանքից հեռանում են:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031