Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի գործի քննությունը: Դատարանն այսօր սկսեց ապացույցների հետազոտումը։
Հիշեցնենք, Սեւակ Աբրահամյանը մեղադրվում է այն բանի համար, որ լինելով Մատաղիսի զորամասի հրամանատար, խախտել է մարտական հերթապահությունը կրելու կանոնները: Արդյունքում, ժամանակին չի հայտնաբերվել եւ չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Ըստ մեղադրանքի՝ Աբրահամյանը 44-օրյա պատերազմի մեկնարկի նախորդ օրը, բանակի 100 սպաների մասնակցությամբ կազմակերպել է խնջույք, որի ընթացքում թեեւ տեղեկատվություն է ստացել, որ առաջնագծում հակառակորդի կուտակումներ կան, եւ պատերազմի վտանգը մեծ է, անձնակազմին մարտական պատրաստության չի բերել եւ ոչինչ չի արել հակառակորդի հարձակումը կանխելու, դրան դիմագրավելու համար:
Սեւակ Աբրահամյանը մեկ տարուց ավելի է կալանավորված է, նա մեղադրանքը չի ընդունում։
Ապացույցների հետազոտումն այս գործով, դատարանը կիրականացնի դռնփակ նիստերում: Նման միջնորդությամբ հանդես եկավ մեղադրող կողմը:
«Փակ ծրարով դատարան ներկայացված փաստաթղթերը ներառում են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի միջնորդում եմ, որ այդ փաստաթղթերը հետազոտվեն դռնփակ ռեժիմով»,-միջնորդությունն այսպես հիմնավորեց մեղադրող Վազգեն Վարդանյանը։
Խոսքը մեղադրանքի հիմքում դրված փաստաթղթերի մասին է, որոնք հենց գաղտնիությամբ պայմանավորված, քրեական գործի նյութերի հետ դատարան չեն ուղարկվել:
Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը դեմ արտահայտվեց եւ ապացույցների հետազոտությունը, եւ, ընդհանրապես, դատաքննությունը դռնփակ անելուն․ «Քրեական գործի նյութերում կան էլի փաստաթղթեր, որոնք գաղտնի են, նորմատիվ իրավական ակտեր են՝ գաղտնի գրիֆով, հիմա եթե այդ ապացույցը գաղտնի ենք հետազոտում, վկաների ցուցմունքներում հղումներ կան այդ փաստաթղթերին, վկաներին հարցեր են տրվելու այդ փաստաթղթերի վերաբերյալ, այսինքն՝ ամբողջ դատաքննության ապացույցների հետազոտման փուլը պետք է գաղտնի իրականացվի»։
Պաշտպանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ գործն ուղարկել է դատարան՝ ոչ գաղտնի գրիֆով. «Գործը առանց գաղտնի գրիֆի ուղարկվել է դատարան, դատարանում այդ գործին ծանոթանալու հնարավորություն ունեցել են դատավորը, դատավորի օգնականը, քարտուղարը, ցանկացած անձ, որ կարող էր դա բացել: Այսինքն, մենք այդ գաղտնիությունը ի սկզբանե չենք էլ պահել, պետությունն էլ շահագրգռված չի եղել ու հիմա ասել, որ այդ նորմատիվ իրավական ակտերը գաղտնի են, ոչ ոք չպիտի մասնակցի դրանց քննությանը՝ առնվազն երկակի մոտեցում է»:
Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստին 16 փաստաթուղթ փակ ծրարով բերվել էր դատարան. պաշտպանական կողմը հայտարարել էր, որ նախաքննության ժամանակ իրենց լիարժեք հնարավորություն չի տրվել՝ դրանց ծանոթանալու։
Սեւակ Աբրահամյանը համամիտ է իր պաշտպանի հետ: Նաեւ հավելում է՝ պահելու ոչինչ չունեն: Ավելին, ուզում են, որ ամեն ինչ բաց լինի․ «Թող բոլորը իմանան՝ ի՞նչ է եղել, որովհետեւ հարցեր կան, որ․․․ Մարդու պատիվը սարքել են եսիմինչ, ինչեր ասել, հորինել են, ինչեր ասես, պառակտել են, մենք ոչ մի ձեւ չենք արձագանքել ոչ ֆեյսբուքներում, ոչ լրատվականներին, որ չասեն՝ խոչընդոտում ենք՝ հույս ունենալով, որ հանրությունն իրականությունը կիմանա դատավարությունում»։
Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ