Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ է կատարել Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը

Հոկտեմբեր 27,2023 21:01

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։

Հանդիպմանը ներկա էին նաև Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիար Աշոտ Սմբատյանը, ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Աննա Մարիա Շիկոն և Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյը։

Նորին Սրբությունը, ողջունելով Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, անդրադարձավ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը։ Հայոց Հայրապետը նշեց, որ նախարարի այցը Հայաստան որոշապես կնպաստի հայ-հունգարական կապերի և փոխգործակցության առավել սերտացմանն ու զարգացմանը։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մտահոգությամբ անդրադարձ կատարեց Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությանը և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության հստակ ու հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը՝ սանձելու Ադրբեջանի զավթողական  անզուսպ ձգտումները։

Հայոց Հայրապետն ի դեմս նախարարի՝ իր գնահատանքը և շնորհակալությունը հայտնեց Հունգարիայի կառավարությանը 2021թ. հինգ հայ ռազմագերիների հայրենադարձման, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում քրիստոնեական համայնքներին, Հայ Եկեղեցուն և այս դժվարին օրերին Հայաստանին ու հայրենազրկված արցախահայությանը ցուցաբերած աջակցության և զորակցության համար։

Իր խոսքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Իր հերթին նախարար Պետեր Սիյարտոն արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը  Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնման գործում։ Նախարարն ընդգծեց, որ հայ և հունգար ժողովուրդներն ունեն քրիստոնեական համընդհանուր արժեհամակարգ, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների առավել զորացման ու զարգացման գործում։

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարն ընդգծեց նաև, որ Հունգարիան պատրաստ է տարբեր ծրագրեր իրականացնել տեղահանված արցախցիներին աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև հետևողական քայլեր ձեռնարկել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

 

Տեղեկատվական համակարգ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին  

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031