Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բեմահարթակին հաշիշ ծխող Սնուփ Դոգի համար 6 միլիոն դոլար կա, ոչնչացող «Սրնգահարի» համար 7 միլիոն դրամ չկա՞»․ քանդակագործի ահազանգը

Հոկտեմբեր 27,2023 19:55

Օրերս փլուզվել է Գյումրու «Օմեգա» ռեզիստորների գործարանի նախկին ճաշարանի այն պատը, որտեղ գտնվում է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը» որմնանկարը։

Մի քանի օր է՝ «Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի» տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանն ահազանգում է այս մասին, սակայն որևէ լուծում չեն առաջարկում։

«Գիտեք, որ Գյումրիում կան շատ որմնանկարներ, բայց ամենավատ վիճակում գտնվում է Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը» որմնանկարը, որը արվել է 50-55 տարի առաջ «Գալվանոմետր» գործարանում։ Պատը, որի վրա արվել է որմնանկարը, ժամանակի ընթացքում սկսել է փլուզվել եղանակային պայմաններից։

Իհարկե, մենք դիմել ենք բոլոր կառույցներին, մեզ ասում են, որ այն պետական հուշարձանի անձնագիր չունի, բայց ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պետական հուշարձանի անձնագիր չունի։ Այդ աշխատանքն ունի գեղարվեստական արժեքի անձնագիր՝ ճանաչված պետության կողմից։

Այսինքն կառավարությունը, մշակութային ժառանգության փորձագիտական կենտրոնն այս ստեղծագործությունը ճանաչել է գեղարվեստական արժեք»,-ասում է Արթուր Գևորգյանը։

Ըստ մեր զրուցակցի, շատ լավ իմանալով, որ համայնքները չունեն ֆինանսական միջոցներ, խտրական վերաբերմունք են դրսևորում՝ համայնքի վրա թողնելով խնդիրը։

Ըստ Արթուր Գևորգյանի, այսօր Գյումրի է այցելել փորձագետ ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչությունից՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գտնվող Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի հարցով, խոսել են նաև «Սրնգահարի» մասին։

«Այս պահին պետությունը, կառավարությունը հանձնառու չէ այս հարցով, բայց մենք շարունակելու ենք դիմել, քանի որ պատը ծակ ունի, բացվել է, երբ որ փուլ է եկել, գործարանի սեփականատիրոջ հետ պայմանավորվեցինք, որ պատն ամրացնի, որպեսզի հետագա փլուզումներ չլինեն, մինչև փորձենք խնդրին լուծում տալ», -ասում է մեր զրուցակիցը։

Արթուր Գևորգյանն ասում է՝ «Սրնգահարի» համար հարմար տեղ կա․  Գյումրու վերանորոգված կամերային երաժշտության դահլիճում, այն բովանդակային առումով ևս նպատակահարմար է այնտեղ տեղափոխելը։

«Մյուս կողմից խնդիրը միայն «Սրնգահարը» չէ, Գյումրիում կան 4 որմնանկարներ, որոնք վտանգված են ու բառիս բուն իմաստով ոչնչացման ճանապարհն են բռնել․ կա ջերմային միջավայր, կա լուսային միջավայր, քաղաքի հարստությունը չի կարող մնալ մասնավորի ձեռքում։ Եվ ամենասկզբունքային հարցն այն է, որ Գյումրիի ոչ մի մշակութային ժառանգություն չի գնալու ոչ մի տեղ»,-ասում է Արթուր Գևորգյանը՝ թվարկելով նաև վտանգված հուշարձանները։

«Ստացվում է, որ երկիրն ունի փող, ինչպես օրվա վարչապետն է ասում, թե մենք փողի խնդիր չունենք, բայց փողը չգիտես՝ ինչի վրա է ծախսվում։ Այսինքն՝ մշակույթի պահպանության, վերականգման վրա, ժառանգականությունն ապահովելու ուղղությամբ չի արվում համապատասխան քայլ։

Երբ ես դիմում եմ, ասում են՝ այս տարվա բյուջեի մեջ չենք կարող մտցնել։ Դա ասում են կառավարությունից, բայց համայնքն էլ չի կարող, դիմում ես, ասում են չենք կարող։ Ինքն էլ իր խնդիրներ ունի, մեր համայնքային բյուջեներն ավելի սոցիալական են, քան մշակութային։ Ստացվում է, որ ի՞նչ, մեր պապերի ստեղծածը մեզ է հասել, մենք չենք կարող պահե՞լ։ Չի լինելու նման բան»,-ասում է Արթուր Գևորգյանը։

Նա նշում է, որ նախնական հաշվարկներով՝ «Սրնգահարը» վերականգնելու համար մոտ 7 միլիոն դրամ կպահանջվի։

«Որ ասում եմ մոտ 7 միլիոն դրամ, դա երկու տարի առաջվա հաշվարկ է արված, իսկ այս պահի դրությամբ, քանի որ կողքերը փլուզվել են, պահպանման ծախսը գուցե քչացել է,  ծավալը փոքրացել է, գուցե մի քիչ հաշվարկը տարբերվի։

Ամեն դեպքում խոսքը 6 միլիոն դոլարի մասին չէ, որը տալիս են, հրավիրում են Սնուփ Դոգ անունով երգչին, պայմանագրի մեջ պարտադիր պայման է հաշիշ ծխել բեմահարթակի վրա, ինքը երգելուց անպայման պիտի ծխի։ 6 միլիոն դոլար տալիս ենք դրան, բայց էդ 6 միլիոն դոլարով քանի հուշարձան կփրկեինք մենք Հայաստանում, չեմ ասում Գյումրիում, ասում եմ Հայաստանում»,-հարցնում է Արթուր Գևորգյանը։

Նշենք, որ Գյումրու «Գալվանոմետր» գործարանում Աշոտ Մելքոնյանից երեք գործեր կան, մյուսների վիճակը համեմատաբար լավ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031