Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ջհանգիրյանն ինձ կանչեց կաբինետ, ձեռքերը տարածեց, ասաց՝ ինձ ճնշում են, չեն թողնում աշխատել։ Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր»․ Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 27,2023 19:33

«Ես կորցրել եմ իմ հույսը, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի։ Երբ գործը բացվեց, ես ասացի՝ քաղաքական կամք կա՝ բացահայտելու Հոկտեմբերի 27-ը։ Այսօր ես շատ մեծ կասկածի տակ եմ դնում իմ իսկ ասածը, որովհետեւ չեմ տեսնում գործնական քայլեր, որ ուզում են բացահայտել»,- այսօր  ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը՝ հոկտեմբերի 27-ի զոհերից ԱԺ նախկին փոխնախագահ Յուրի Բախշյանի կինը։

Նա նշեց, որ 17 հատորով նյութերը իր փաստաբանը վերծանել ու հանձնել է նախկին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ «Ես ուզում եմ իմանալ՝ այնտեղ եղած փաստերն արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է։ Արդյոք նորից անդրադարձել է դրանց։ Մի քանի օր առաջ, երբ ես ԱԱԾ-ում էի, նորից տվել եմ այդ բողոքը։ Հարցնում եմ, ասում են ընդհանուր բաներ։ Ես՝ որպես տուժող կողմ, որեւէ գործ չեմ տեսել»,- ասաց նա։

Հարցին, թե ռուսական հետք տեսնո՞ւմ է Հոկտեմբերի 27-ի գործում, Անահիտ Բախշյանը պատասխանեց․ «Այստեղ կա ռուսական, թուրքական, նույնիսկ ամերիկյան հետք։ Ես չեմ բացառում՝ ԱՄՆ-ն էլ ուներ այստեղ շահագրգռվածություն, ռուսներն ու թուրքերը՝ առավել եւս»։

Հարցին՝ իշխանությունները չեն կարողանո՞ւմ բացահայտել գործը, թե՞ չեն ուզում Բախշյանը պատասխանեց՝ երկու գործոնն էլ կա։ «Նախ վկաներից շատերը չկան, երկրորդ՝ արդարադատության այդ ամբողջ համակարգի մեջ մարդիկ են, որոնք ինչ-որ ձեւերով կապված են նախկին թե նախագահների, թե մյուսների հետ։ Հետեւաբար, գուցե այդ ցանկությունն էլ չկա։ Գուցե նաեւ պրոֆեսիոնալիզմի պակաս կա։ Բայց եթե անգամ վարչապետը շատ ուզում է բացահայտել, որի մասին անընդհատ հայտարարում է, ես մի բան կասեմ՝ Մարտի 1-ն էլ չկարողացավ բացահայտել։ Մարտի 1-ը, որի ուղիղ հեղինակն ու կազմակերպիչն ով էր եւ հիմա որտեղ է նա, ինչո՞ւ բանտում չէ։ Հիմա ես հարց եմ տալիս, Մարտի 1-ը, որից իր մաշկը ցավացել էր, չբացահայտվեց, Հոկտեմբերի 27-ից, որից իր մաշկը չի ցավացել, չի՞ բացահայտվելու։ Բացահայտվելու է, բայց գուցե իրենից հետո, ես չգիտեմ։ Ես այսօր ոչ մի գործնական քայլ, որը տանում է բացահայտելու ուղղությամբ, չեմ տեսնում»,- հավելեց նա։

Անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությանը, թե Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, Անահիտ Բախշյանն ասաց․ «Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնեմ՝ 2000 թվականին ինձ կանչեց կաբինետ, ձեռքերը տարածեց, ասաց՝ ինձ ճնշում են, իմ ձեռքերը բռնում են, ինձ չեն թողնում աշխատել։ Կարող է հիմա այդ բաները չկան, բայց այն ինֆորմացիան, որն այն ժամանակ ուներ Գագիկ Ջհանգիրյանը, որը չօգտագործեց ու չհասցրեց իր նպատակին, հիմա թող լռի։ Ո՞վ սպանեց Արմենակյանին։ Սա այնքան ակնհայտ հարցադրում է, հաստատ այդ 5 հոգին չէին, ովքեր դահլիճում էին, դա ամեն ձեւով ապացուցվել է դատարանում։ Ո՞վ սպանեց, Գագիկ Ջհանգիրյան, ինչո՞ւ չբացահայտեցիր»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031