Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Հոկտեմբեր 27,2023 19:22

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  տեղակալ Դանիել Դանիելյանը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակին և պատվիրակության անդամներին ներկայացրել է  թատրոնի պատմությունն ու գործունեությունը, հյուրերը շրջայց են կատարել կառույցում:

Ողջունելով  հյուրերին՝ Կարեն Դուրգարյանը նշել է, որ թամանյանական նախագծով   և բացառիկ ճարտարապետական լուծումներով այս կառույցը գտնվում է Երևանի սրտում՝ հանդիսանալով մայրաքաղաքի խորհրդանիշերից մեկը. «Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես են եկել հանրաճանաչ արտիստներ, այս բեմում բեմադրություններ են արել մեծանուն բալետմայստերներ: Այստեղ ելույթ է ունեցել աշխարհահռչակ  շանսոնյե Շառլ Ազնավուրը, որի ծննդյան 100-ամյակը նշում ենք 2024 թվականին: Թատրոնում առաջին անգամ կբեմադրենք  Շառլ Ազնավուրի հեղինակած «Թուլուզ Լոտրեկ» մյուզիքլը, որից հետո կլինի համաշխարհային պրեմիերա»:

Ներկայացնելով թատրոնի  դահլիճի պայմանները և բեմի հնարավորությունները՝ տնօրենը նշել է, որ թատրոնն ունի երեք բեմ, ինչն աշխարհում բացառիկ հանդիպող երևույթ է: Խոսելով  խաղացանկային ներկայացումների մասին՝ Կարեն Դուրգարյանը կարևորել է միջմշակութային համագործակցության հնարավորությունները և ընդգծել. «Միջմշակութային կապերն ու փոխշփումները հնարավորություն են ընձեռում  բեմադրելու Բիզեի, Պուչինիի, Վերդիի և այլոց ստեղծագործությունները՝ կապելով Հայաստանը եվրոպական մշակույթի հետ, որովհետև եվրոպական մշակութային դաշտը՝ օպերայի և բալետի արվեստը, այն լեզուն է, որով մենք կարող ենք խոսել միմյանց հետ: Փոխհամագործակցության և փոխշփումների համատեքստում հատկանշական է նշել, որ  Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը փայլուն ելույթներով հանդես է գալիս       Փարիզում: Այդ մասին են վկայում հանդիսատեսի ոգևորությունն ու բուռն ծափահարությունները»:

Հյուրերը ներկա են եղել եղել  «Բարեկամություն» համույթի փորձին և դիտել պարային հատվածներ:  Ռիմա Աբդուլ Մալակը զրուցել է «Բարեկամություն» համույթի գլխավոր բալետմայստեր Նորայր Մեհրաբյանի հետ, շնորհակալություն հայտնել հետաքրքիր և գեղեցիկ կատարումների  համար: Նախարարը շփվել է նաև հայ  երիտասարդ պարողների և պարուսույցների հետ, պատասխանել նրանց հարցերին, հետաքրքրվել ոլորտին առնչվող թեմաներով:

Այնուհետև  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» (ղեկավար՝ Լևոն Ջավադյան) մենակատարները հանդես են եկել ֆրանսիական հայտնի օպերային արիաների կատարումներով, ինչն արժանացել է բարձր ծափողջյունների:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031