Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի հերոսի քրոջը «հանրության համար վտանգավոր կենդանի» անվանած կնոջ դեմ հայց է ներկայացվել

Հոկտեմբեր 27,2023 18:10

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ անազատության մեջ գտնվող Տաթևիկ Վիրաբյանի կողմից երկու հայց է ներկայացվել իրեն զրպարտող ու վիրավորող երկու կանանց դեմ:

Վիրաբյանի ներկայացուցիչ, փաստաբան Իրմա Ճաղարյանը Aravot.am-ին պատմեց, որ Տաթեւիկ Վիրաբյանի՝ անհնազանդության ցույցերին մասնակցելուց, նրան մեղադրանք առաջադրվելուց եւ խափանման միջոց կալանք ընտրվելուց հետո Դիանա Մարտիրոսյան անունով մի քաղաքացի facebook սոցիալական կայքով տեղադրել է Վիրաբյանի լուսանկարը՝ գրությամբ, թե Տաթեւիկ Վիրաբյանը, նախաքննական մարմնին պատմել է, որ այդ ամենն արել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների տված գումարի դիմաց:

 

Երբ Վիրաբյանի պաշտպան Արսեն Բաբայանը սուտ մատնության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, Դիանա Մարտիրոսյանի facebook-յան էջից անհետացել է նշված գրառումը, բայց նա, արձագանքելով Արսեն Բաբայանի այդ մասին գրառմանը, բացատրել է, որ մի շարք օգտատերերի բողոքարկումների պատճառով իր գրառումը պարզապես ջնջվել է, ինքը չի ջնջել:

«Հաշվի առնելով, որ, բնականաբար, Տաթեւիկը նախաքննական մարմնին նման տեղեկություններ չի հայտնել, առհասարակ այդ տեղեկությունները կեղծ են ու չեն համապատասխանում իրականությանը եւ զրպարտում են Տաթեւիկ Վիրաբյանին, դիմել ենք դատարան հերքումի ու նյութական փոխհատուցման պահանջով: Դիանայի գույքային դրությունից ելնելով՝ գտանք, որ 500.000 դրամի փոխհատուցումն այն ողջամիտ չափն է, որ նա կկարողանա վճարել: Դիանան իրական կերպար է, ֆեյք չէ, պարզվել է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ է, հայցի դիմումն էլ ներկայացվել է Կոտայքի մարզի դատարան»,- ասաց փաստաբանը:


Մյուս հայցը Տաթեւիկ Վիրաբյանի կողմից ներկայացվել է Անիտա Հարությունյանի դեմ, այս քաղաքացին էլ Արարատի մարզի բնակիչ է: Փաստաբանի խոսքով, Անիտա Հարությունյանը facebook սոցիալական կայքով տեղադրել է Տաթեւիկ Վիրաբյանի պաշտպան Արսեն Բաբայանի լուսանկարը՝ նրան դիմելով՝ հարցադրումներ առաջ քաշել, թե բա գիտեք գոնե ում եք պաշտպանում, Տաթեւիկը պետությունից ստացել է զոհված եղբոր հուղարկավորության ծախսերը ու այդ գումարները չի ծախսել եղբոր գերեզմանը կառուցելու համար:

Բացի այդ՝ Անիտա Հարությունյանը Տաթեւիկին անվանել է հանրության համար վտանգավոր կենդանի, գող, պատմել է, որ նա իր բոլոր բարեկամներից պարտքով գումարներ է վերցրել ու չի վերադարձրել, գողություն է կատարել ու հանցագործ է:

«Տիկին Վիրաբյանը ոչ միայն զրպարտվել, այլեւ վիրավորվել է եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնպիսի արտահայտություններ են կիրառվել, որոնք մեր հասարակությունում նորմալ, մարդկային հարաբերությունների շրջանակում ընկալելի ու ընդունելի չեն, այս պարագայում մենք պահանջել ենք հերքում եւ մեկ միլիոն դրամի չափով նյութական փոխհատուցում. հաշվի առնելով՝ այստեղ ոչ միայն զրպարտություն է, այլեւ վիրավորանք»,- հավելեց փաստաբանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031