Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյան․ ԼՂ-ից բռնի տեղահանվածները ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի շնորհիվ ավելի բարձր պաշտպանություն կունենան

Հոկտեմբեր 27,2023 17:58

Կառավարությունը երեկ հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը։

Այսօր կառավարության հումանիտար կենտրոնում ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնեց, թե ինչ է ենթադրում այդ կարգավիճակը։

Ըստ փոխնախարարի՝ այս կարգավիճակի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանություն ունենալ թե՛ Հայաստանի Հանրապետությունում եւ թե՛ ՀՀ տարածքից դուրս․ «Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով՝ մեր հայրենակիցները փախստականների եւ ապաստանի մասին ՀՀ օրենքի համաձայն, ճանաչվում են փախստականներ եւ օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից եւ ըստ այդմ՝ միջազգային պաշտպանության ներքո են գտնվում ՀՀ-ում եւ ՀՀ-ից դուրս։ Այս կարգավիճակը տրվել է մեկ տարի ժամկետով, սակայն երկարաձգման հնարավորությունը եւս տրված է կառավարության որոշման շրջանակներում»։

Այս կարգավիճակը, ըստ փոխնախարարի, տրամադրվելու է երեք խմբի։ 1-ին խմբում այն անձինք են, ովքեր այս պահին հաշվառված են Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում։ 2-րդ խմբում այն անձինք են, ովքեր թեեւ հաշվառում չունեն, բայց նրանց վերջին հաշվառումը եղել է Լեռնային Ղարաբաղը։ 3-րդ խմբում նրանք են, ովքեր չնայած հաշվառված չեն Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման հետեւանքով հաշվառվել են ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում։

«Գործընթացը տեղի է ունենում ավտոմատ, մեր հայրենակիցները որեւէ գործողություն անելու կարիք չունեն, քանի որ մեր հայրենակիցներն օրենքի եւ այս որոշման ուժով արդեն իսկ ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր դրական արդյունքներով, որոնք ավելի բարձր երաշխիքներ կնախատեսեն նրանց իրավունքների երաշխավորման հարցում ներպետական մակարդակում, եւ թե միջազգային տարբեր ատյանների շրջանակներում»,-ասաց Սարգսյանը։

Բռնի տեղահանված մեր քաղաքացիների համար անձը հաստատող երկու տեսակի փաստաթուղթ է սահմանվել կառավարության որոշմամբ․ «1-ինը մեզ հայտնի կապույտ անձնագրերն են, 070 հատուկ համարանիշով, եւ 2-րդը՝ ժամանակավոր պաշտպանությունը հավաստող փախստականի կարգավիճակի վկայականն է։ Երկու փաստաթղթերն էլ կարող են օգտագործվել Հայաստանում տարբեր գործարքներ կատարելիս։ Երեք ամսից ուժի մեջ է մտնելու կառավարության այս որոշման այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ-ից դուրս գալիս այս երկու փաստաթղթերը պետք է լինեն մեր հայրենակիցների մոտ»։

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակով արցախցիները, ինչպես ասաց փոխնախարարը, կարող են ՀՀ-ում հաշվառել իրենց տրանսպորտային միջոցները, վարորդական վկայական ստանալ եւ այլն․ «Մեր հայրենակիցներից պահանջվում է ընդամենը մոտենալ անձնագրային ծառայություն եւ իրականացնել հաշվառման հասցեի փոփոխություն։Սա նշանակում է՝ մոտենալ իրենց բնակությանն ամենամոտը գտնվող անձնագրային ծառայություն, դիմում ներկայացնել, որպեսզի հաշվառման հասցեն փոխվի ՀՀ տարածքում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031