Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի պնդմամբ՝ որոշ տեղերում նաեւ մենք ենք իրենց գյուղերում ու տարածքում գտնվում․ այո, պետք է դուրս գանք այդ տարածքներից»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 27,2023 17:48

«Խաղաղության խաչմերուկը միտված է խաղաղությանը։ Մեղրին տարհանելու կամ որեւիցե մեկին որեւէ բան հանձնելու հարց չկա, ի հեճուկս բոլոր լրատվական հայտարարությունների։ Ի հեճուկս դրա՝ տեսնում ենք, որ թե միջանցքի թեման այլեւս, թե խաղաղության մասին խոսակցություններն ավելի ակտիվացել են, ոչ միայն Հայաստանի կողմից, այլ նաեւ հարեւան երկրի ղեկավարության կողմից»,- այս մասին ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ որեւէ մեկին որեւէ բան չեն հանձնելու։ «Կլինեն բաց ճանապարհներ, կլինի առեւտուր, ՀՀ տնտեսությունը կզարգանա, եւ վերջիվերջո մենք կունենանք խաղաղություն։ Ադրբեջանն ինքն իր տարածքում թող անցակետեր դնի, մենք մեր տարածքում անցակետեր ունենք եւ հլա զարգացնելու ենք։ Ես վարչապետի ելույթից ու նաեւ վերջին տեղեկություններից եզրակացություն անելով՝ չեմ բացառում, որ Թուրքիայի հետ մեր հարաբերություներում, սահմանի հարցում շատ հնարավոր է դրական առումով տեղաշարժ լինի մոտ ժամանակներս»,- ասաց նա։

«Առավոտի» հարցին, թե ինչի՞ հիման վրա է ասում, թե խաղաղության հասնելու հարցում դրական տեղաշարժ կա, ադրբեջանական օկուպացիոն զորքերը դո՞ւրս են բերվել ՀՀ տարածքից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ոչ, զորքերը դուրս չեն բերվել ՀՀ տարածքից, բայց հայտարարությունները, գործողություններն ու սահմանին առկա լարվածության աստիճանն են իրեն նման եզրահանգման առիթ տվել։ «Վերջերս սահմանային առումով տեսնում ենք, որ ոչ կուտակում կա, ոչ խախտում կա։ Դուք բացի ներքաղաքական լուրերը կարդալուց, չեք տեսնո՞ւմ այն հռետորաբանությունը, որը կա։ Շատ գործողություններ կան դեռ՝ գերիների վերադարձը, միջազգային կառույցներում մեր պետության դեմ իրենց ներկայացված հայցերը, ինչպես նաեւ մեր ներկայացրած հայցերը, սահմանի ճշտումը։ Ինչպես նաեւ մենք սպասում ու ակնկալում ենք, որ Ադրբեջանի ղեկավարը նույնպես թվային առումով կհայտարարի 29 800 քկմ մասին եւ 86 600 քկմ մասին»։

Մեր մյուս հարցին, թե մոտ մեկ ամիս առաջ արցախցիների դեմ ադրբեջանական ցեղասպանական գործողությունները նույնպե՞ս ՀՀ իշխանություններին հիմք են տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը գնում է խաղաղության, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Իհարկե, չէ։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետության վրա այս պահին հարձակում, նկրտումներ չկան, ես ինչի՞ մասին պետք է խոսեմ։ Պետք է խոսեմ այն մասին, որ պատրաստվում են հարձակվե՞լ, թե՞ մենք ենք պատրաստվում հարձակման։ Ես ձեզ ուզում եմ խնդրել՝ բոլորով լծվեք ոչ թե այսօրվա իշխանություններին քննադատելու կամ խանգարելու հարցին, այլ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն հաստատելու գործին։ Մենք ընտրություններով մի օր գնալու ենք, իսկ այդ խաղաղությունը պետք է ձեր երեխաներին, մեր երեխաներին եւ մեր պետությանը։ Մենք պետք է խաղաղություն հաստատենք»։

Հարցին, թե ի՞նչ գնով են փորձում այդ խաղաղությունը հաստատել, նա պատասխանեց․ «Մենք արդեն հնարավոր բոլոր գները վճարել ենք, ես չեմ կարծում, որ ավել գին կվճարենք»։

Հարցին, թե այսինքն՝ այս իշխանությանը թեզն այն է, որ հայրենիքի մի մասը հանձնելով՝ մյուս մասի վրա հնարավոր է խաղաղ ապրե՞լ, ԱԺ նախագահը պատասխանեց, որ հայրենիք արտահայտությունը շատ վերացական է։ «Կասե՞ք՝ որն է հայրենիքը՝ Ադանան, Կարսը ձեր հայրենի՞քն է, Արցախը ձեր հայրենի՞քն է։ Կա պետություն եւ կա հայրենիք հասկացողություն։ Եթե դուք փորձում եք այդ արտահայտություններով մանիպուլյացիաներ անել, այլ հարց է։ Բայց չի կարող ամորֆ բան լինել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը այն է, որ մենք կոնկրետ քարտեզով անկախացել ենք։ Հիմա հարց եմ տալիս՝ Վանը, Մուշը, Էրզրումը մեր հայրենիքն է, թե՞ ոչ։ Ամբողջ հայկական լեռնաշխարհը՝ որպես հայ մարդու, իմ հայրենիքն է, բայց կա պետություն հասկացությունը, որը ՀՀ այն տարածքն է, որով մենք անկախացել ենք։ Այդ Տիգրան Մեծի քարտեզը․․․»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ խոսքը Տիգրան Մեծի քարտեզի մասին չէ, այսօր Ջերմուկում, Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքեր կան, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ադրբեջանի պնդմամբ՝ որոշ տեղերում նաեւ մենք ենք իրենց տարածքում։ Որ հարցը տալիս եք, ինչո՞ւ դա չեք նշում։ Կա ադրբեջանական թեզ, որ կան գյուղեր, տարածքներ, որտեղ մենք ենք իրենց տարածքում։ Եթե այն քարտեզով, որով մենք անկախացել ենք, կլինեն տեղեր, որտեղ մենք Ադրբեջանի տարածքում ենք, մենք պետք է դուրս գանք այդ տարածքից։ Այո, պետք է դուրս գանք։ Ինձ մոտ տպավորություն է, որ այնպիսի տարօրինակ բաներ եմ ասում։ Դրանք բացարձակ ճշմարտություններ են՝ դու անկախացել ես այս տարածքով եւ չես կարող նկրտում ունենալ այլ տարածքի վրա։ Այդ հուզմունքային եւ վերացական բաները պետական գործիչներին հարիր չեն»։

Նա նշեց, որ շատ վատ է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակավ չի հնչել, որ ՀՀ տարածքը 29 800 քկմ է։ «Հանդիպումների ժամանակ հրապարակային այդ պնդումը հնչել է, որի մասին հայտարարել էր Շառլ Միշելը։ Այո, դա վատ է, պետք է հնչի, մենք դրա համար ենք այդ բանակցությունները վարում։ Բայց մեր խնդիրը ո՞րն է՝ մենք մեր երկիրը պետք է բերենք խաղաղության եւ մենք մեզ համար կարմիր գիծը գծել ենք։ Այդ թիվը, որը մենք հիմա քննարկում ենք, մեր կողմից է գցված շրջանառության մեջ, այնպես չէ, որ Ադրբեջանն է դրել շրջանառության մեջ։ Հիմա մերը 29 800 քկմ է, այդ թիվը բացարձակ թիվ է։ Հայաստանը չի կարող իրեն դուրս դնել տարածաշրջանի տնտեսական, առեւտրային հարաբերություններից։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ճանապարհները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բացվեն։ Եվ ես ձեզ խոստանում եմ՝ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու։ Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, խաղաղ երկիր»,- նշեց նա։

Ալեն Սիմոնյանին հիշեցրեցինք, որ Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ ունեն վերացնել Հայաստանը, Ադրբեջանի իշխանությունները ՀՀ ամբողջ տարածքը «Արեւմտյան Ադրբեջան» են հորջորջում, ի՞նչ տնտեսության զարգացման ու խաղաղության մասին է խոսում ինքը։ Ալեն Սիմոնյանն ասաց, որ, այո, տեղյակ է թուրք-ադրբեջանական նկրտումների մասին։ «Իրենց ընկալմամբ էլ մեր նպատակն ամբողջ Ադրբեջանը ոչնչացնելն է, Բաքու հասնելն է եւ Տիգրան Մեծի Հայաստանը վերականգնելը։ Բայց այդտեղ ինչ-որ տեղ պետք է նստենք ու խոսենք։ Իրենք ասում են՝ դուք 30 տարի մեր երկիրը գրավել եք ու պահել եք օկուպացիայի տակ։ Իրենց գործողությունները հայելային են»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031