Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին տրամադրվող 100 հազար դրամ միանվագ աջակցություն է փոխանցվել արդեն 100 հազար քաղաքացու։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը։
Նրա փոխանցմամբ՝ 40+10 հազար դրամ աջակցությունը ստացել է 41611 բռնի տեղահանված քաղաքացի։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն էլ հավելեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության ծրագրում որոշ փոփոխություն է կատարվել։ Նրա խոսքով՝ երեկ կառավարության որոշմամբ հաստատվեց, որ աջակցության ծրագրի շահառուների ցանկում են ներառվում նաեւ այն արցախցիները, ովքեր 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով բուժառության նպատակով տեղափոխվել են Հայաստան եւ չեն կարողացել վերադառնալ։ Ըստ փոխնախարարի, այս բուժառուներն ու նրանց ուղեկցող հարազատները եւս կարող են օգտվել աջակցության ծրագրից։
«Մեկ այլ նոր ծրագրի մասին շուտով կհայտարարենք, դա նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին 50 հազար դրամ աջակցության ծրագիրն է, որը կտրամադրվի բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ իրենց առաջնային սպառողական ծախսերի համար։ 100 հազար դրամ աջակցության բոլոր շահառուները կարող են օգտվել նշված ծրագրից», -ասաց փոխնախարարը։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ այժմ քննարկվում է շահառուի բանկային հաշվին բավարար չափի միջոցներ ունենալու շեմը՝ ըստ որի պետք է աջակցություն տրամադրվի․ «Հիմա շեմը քննարկվում է, բայց լինելու են մի քանի բացառություններ։ Օրինակ՝ զոհված զինծառայողների ընտանիքները, ովքեր զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացել են գումարները եւ դեռեւս պահպանում են հաշիվները, այս ընտանիքները բացառությունների շարքում կլինեն»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ