Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ի կարեւոր վկաներից մեկը Ալեքսան Հարությունյանն է, քանի նա կա, գործը բացահայտվելու շանս ունի»․ Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 27,2023 17:14

«Նախկին քննչական խումբը շատ ծավալուն աշխատանք էր կատարել եւ թողել էր շատ հարուստ ժառանգություն՝ գործը շարունակելու համար»,- այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հասարակությունը պե՞տք է ակնկալիք ունենա, որ այս գործը կբացահայտվի։
«Դուք ասում եք, որ ժողովրդի համար դեռ բացահայտված չէ Հոկտեմբերի 27-ը, բայց ես էլ տպավորություն ունեմ, որ ժողովրդի համար ամեն ինչ բացահայտված է։ Թե իրավական առումով բացահայտումներն ինչ ընթացք պետք է ունենան, խնդիրը դրա մեջ է։ Գիտեք, որ Գլխավոր դատախազի հանձնարարականով անում են ամեն ինչ, գործն ստացել է իր շարունակությունը, եւ օպերատիվ խումբն աշխատում է այդ ուղղությամբ։ Դա հույս է, որ կա հնարավորություն՝ այդ ցանկալի բացահայտումներին հասնելու համար։ Գիտեք, որ շատ ցանկալի վկաներ այսօր գոյություն չունեն, մի մասը մահացել են տարօրինակ հանգամանքներում, ինչ-որ մարդիկ կան։ Կան նաեւ այն ծավալուն հատորները, որոնց մեջ կարող ենք գտնել բազմաթիվ դրվագներ, որոնց ուղղությամբ պետք է զարգանա գործը։ Եվ ի վերջո բոլորդ մոռացել եք՝ ո՞ւր է Ալիկ Հարությունյանը։ Ալիկ Հարությունյանը քանի կա, գործը դեռ շանս ունի բացահայտվելու։ Կարեւոր վկաներից մեկն այն ժամանակ համարվում էր Ալեքսան Հարությունյանը, եւ շատ տարօրինակ ձեւով քրեական գործում ներառված նաեւ կալանքի տակ գտնվողները հոկտեմբերի 27-ից հետո ունեցան հնարավորություն ոչ միայն կեղծիքի դետեկտորով չանցնելու, այլ նրանք ազատ արձակվեցին։ Եվ ազատ արձակվելուց հետո էլ ենթադրում եմ՝ պետք է նորից լսել այդ մարդկանց։ Բոլորին պետք է լսել, վերջերս լսեցի, որ Հմայակ Հովհաննիսյանը՝ այն ժամանակ Կարեն Դեմիրճյանի կուսակցության անդամներից մեկը, որը նաեւ վկայություն էր տվել, հիմա էլ ցանկանում է կոնկրետ մարդկանց հետ առերեսումներ։ Կարծում եմ՝ քրեական գործ իրականացնող խումբն այդ բոլոր հարցերի պատասխանները հերթականությամբ անելով գնում է։ Ո՞ւր կհասնենք, կարծում եմ՝ մինչեւ Հոկտեմբերի 27-ի մյուս տարելիցը, 25 տարին լրանալը դատախազությունը մեր հասարակությանը կարող է ներկայացնել նաեւ ցանկալին, որ արդեն 25 տարի է՝ մեր ժողովուրդը սպասում է»,- ասաց նա։
Անդրադառնալով Գլխավոր դատախազության այսօրվա հայտարարությանը՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ դատախազությունն ամբողջ ծավալով չէր կարող ներկայացնել, թե ինչ աշխատանք է կատարված եւ այդ ճյուղավորումներն ինչպիսի հանգուցալուծման առաջ կկանգնեցնեն այս գործի ավարտական եզրահանգումների մեջ։ Բայց ես համոզված եմ, որ այն ծավալուն գործը, որը թողնված է որպես ժառանգություն՝ գործը շարունակելու համար, դա բավական մեծ հույս է ներշնչում, ցանկալին հասնելու հնարավորությունը պահպանվում է, չնայած շատ կարեւոր վկաներ այսօր այլեւս գոյություն չունեն՝ Տիգրան Նազարյան, Հունանյան եղբայրների քեռին»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031