ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իրեն առաջադրված մեղադրանքը պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ, որն իր կարծիքով, սկսել է իշխանություններին խանգարել:
«Մեղադրանքը չեմ ընդունում, քաղաքական ֆարս է»,- Aravot.am-ին ասաց Բագրատյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ իր համար էլ պարզ չէ՝ իր հայտարարություններում իրավապահները իր որ արտահայտություններում են սպառնալիք տեսնում. «Չեմ կարող մեկնաբանել, մենք հենց այդ հարցն ենք ուզում հասկանալ՝ որն է այդտեղ սպառնալիք» :
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ից 18:00-ն, Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր:
Կարդացեք նաև
Մասնավորապես, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։
«Այսինքն՝ ո՞վ է ասում բռնի ուժով վերացրեք, կամ վերացրեք բառն ինչ է նշանակում… չեմ կարող ասել՝ պատվերը վերեւից է, թե իրավապահ համակարգի որոշ «մասնագետներ» փորձել են աչքի ընկնել»,- հավելեց Բագրատյանը:
Նա նաեւ նկատեց, որ նմանատիպ մեղադրանքներով սահմանափակվում է խոսքի ազատությունը, լռեցնում են քննադատական խոսքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ