Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Սիյարտոյի այցը Երևան և կարևորել հայ-հունգարական երկխոսության շարունակականությունն ու դրա հետևողական զարգացումը տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության, կրթության, մշակույթի, ավիահաղորդակցության և այլ բնագավառներում փոխգործակցության խթանմանը միտված քայլերը:
Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկկողմ հարաբերություններում արձանագրվող դրական դինամիկան, Հայաստանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Պետեր Սիյարտոն հավելել է, որ Հունգարիայի կառավարությունը մտադիր է Երևանում բացել հյուպատոսություն, ինչը ևս կնպաստի հայ-հունգարական կապերի ընդլայնմանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, ՀՀ կառավարության կողմից առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ