Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե Մարտի 1-ի, թե Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դերակատարներին բոլորս գիտենք, մնում է պատիժներ լինեն»․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 27,2023 16:47

Ազգային ժողովի այգում այսօր հարգեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ չի բացահայտվում Հոկտեմբերի 27-ի գործը։ Լրագրողները հիշեցրեցին, որ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ եթե իրեն մանդատ տան, կբացահայտի այս գործը։ «Վստահ եմ, որ ներքուստ մենք գիտենք, թե դրդիչներն ու հիմնական պատճառները որոնք են եղել։ Ես հիմա ինձ իրավունք չեմ վերապահի դա բարձրաձայն ասել, իմ պաշտոնի բերումով դա մեղադրանք կհնչի, բայց թե Մարտի 1-ի պարագայում, թե Հոկտեմբերի 27-ի պարագայում հիմնական դրդապատճառներն ու հիմնական դերակատարներին, կարծում եմ, բոլորս գիտենք։ Մնում է այդ փաստն արձանագրվի, եւ համապատասխան պատիժներ լինեն»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի բացառում նաեւ արտաքին ուժերի դերակատարությունը։

Հարցին, թե ո՞րն է Հոկտեմբերի 27-ի չբացահայտման պատճառը, նա պատասխանեց, որ նախ շատ ժամանակ է անցել։ «Բավական բարդ է, 24 տարի է անցել, լավ, հանենք 4 տարին, 20 տարի է անցել»։

Հարցին, թե կա՞ քաղաքական կամք՝ բացահայտելու այս գործը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Խի դրա մեջ կասկած կա՞»։

Անդրադառնալով մեղադրանքներին, որ այս իշխանությունը պոպուլիստական մոտեցում է դրսևորում այս հարցում, նա պատասխանեց․ «Պոպուլիզմ կլինի, եթե ինչ-որ մեկին անհիմն մեղադրենք, հետո ինքը գնա դատարանով ազատվի։ Նորից եմ ասում՝ թե Մարտի 1-ի, թե Հոկտեմբերի 27-ի պարագայում, թե օպերացիա «Կոլցոյի» պարագայում, որը Բաղրամյան փողոցում տեղի ունեցավ, գիտենք, թե ովքեր են կազմակերպիչները։ Մնում է իրավական ձեւակերպում տալ։ Քննիչ ունենք, որ Մարտի 1-ի գործով պարտակել է ու լքել ՀՀ տարածքը, կան իրավական բարդություններ»։

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի, նախկին նախագահնե՞րին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Առանց մեկնաբանության, չեմ ուզում որեւիցե ձեւով հիմա ազդեցություն ունենալ քննության վրա»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ շատ դասեր ունենք քաղելու այս ամենից։ «Թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական առումով մենք պետք է հասկանանք, օրինակ, որ աշխարհում որեւիցե մեկը մեզ սիրելու կամ չսիրելու խնդիր չունի, եւ կան շահեր։ Մենք պետք է հասկանանք, որ ներքին խժդժությունները կարող են բերել կտրուկ իրադարձությունների, եւ պետությունը կարող է դրա պատճառով գլխատվել, եւ մենք պետականություն կկորցնենք։ Կարծում եմ, որ մենք այդ դասերը քաղել ենք, որովհետեւ նոյեմբերի 9-ից հետո այն ամենը, ինչ տեղի ունեցավ, նաեւ հետագա զարգացումները դա նաեւ այդ դասերի շնորհիվ էր, որ մենք հասկանում ենք, ամենակտրուկ պահերին համախմբվում ենք եւ գիտակցում ենք, որ խոսքը ինչ-որ մեկի շահերի ու պաշտոնի մասին չէ, եւ պետականություն պահպանելու խնդիր է»,- հավելեց նա։

ԱԺ նախագահը նաեւ ասաց, որ նոր հոկտեմբերի 27-ի վտանգ է տեսնում այսօր։ «Ես չեմ բացառում, որ արտաքին այն էլ այս իրավիճակում դա կարող է լինել։ Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դրա նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները սրանից շատ ավելի քիչ կարեւորություն ունեցող էին։ Շատ ավելի հեռու է, օրինակ, Մեղրին հանձնելու գաղափարը։ Հիմա այդ գաղափարը շատ ավելի հեռու է, եւ ավելի հեռու է»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031