Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախանշված հանդիման նպատակով Բրյուսել չմեկնելու առիթող Արարատ Միրզոյանի եւ Ալեն Սիմոնյանի մեկնաբանություններին: Արարատ Միրզոյանը ասել էր, թե Ալիեւը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ժամանակ չունի, իսկ Ալեն Սիմոնյանը՝ թե Ալիեւի համար դիսկոմֆորտ է:
«Նա ոչ միայն ժամանակ չունի, նա կարիք չունի հանդիպելու Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց հետ, քանի որ Ադրբեջանի գործողությունների վրա հայաստանյան որեւէ գործոն, անձ, հայտարարություն բացարձակապես ոչ մի նշանակություն չունի ու չի ազդում: Ադրբեջանն ու Թուրքիան ունեն վաղուց կազմած ծրագիր: Դրանց մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, որ այն, ինչ չեն ավարտել 1920-ականներին, ուզում են ավարտել մեր օրերում:
Եթե հիշում էք, ընդգծել եմ, որ թուրքական քաղաքականությունը, ռազմավարությունը շատ երկարաշունչ է եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար կարճաժամկետ ծրագրերը կազմվում են ոչ թե երեք, այլ հարյուր տարվա համար: Եվ այդ ծրագրերն իրականացնելու առումով Ադրբեջանն անշեղորեն շարժվում է դեպի ամբողջական նվաճում ոչ միայն Արցախի: Ադրբեջանը, որպես Թուրքիայի կողմից ժանամակին ստեղծված պետություն, ունի հայաստանաբնակ բոլոր տարածքները ամբողջությամբ նվաճելու պարտավորություն: Այդ խնդիրը չի փոխվել անգամ սովետական ժամանակ:
Եվ զարմանալ, թե Ալիեւն ինչու չունի ժամանակ, լինի Գրանադա, կամ այսօր՝ Բրյուսել մեկնելու, բացարձակապես պետք չէ: Ալիեւը ոչինչ չունի խոսելու եւ լսելու, որովհետեւ, ինչպես արդեն համոզվել ենք, դատելով արդյունքներից, Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը նահանջողական փիլիսոփայության, այսպես ասած, «խաղաղության» օրակարգի ներքո ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական անթաքույց ցեղասպանական բոլոր ծրագրերը:
Կարդացեք նաև
Եվ եթե մենք խոսում ենք, թե ինչպես են դա բացատրում Հայաստանի այսօրվա պետական այրերը, դա անգամ ներքին լսարանում կարող է համոզիչ լինել շատ ցածր գիտելիքներ ունեցող փոքր խավի համար»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ