Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ ինձ հանեցին վարչապետի պաշտոնից, տեսեք Հոկտեմբերի 27-ի քննչական գործը ինչ փոփոխություն ունեցավ 180 աստիճանի». Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2023 16:05

Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է եւ Եռաբլուրի պանթեոն էր այցելել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրանից հետաքրքրվեցինք՝ տարիներն անցնում են, Հոկտեմբերի 27-ի գործի հետ կապված շատ հարցերի պատասխաններ չենք ստանում, ձեզ անցյալ տարի հարցաքննության էին կանչել ԱԱԾ, դրանից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել, տեղյա՞կ եք՝ նա պատասխանեց. «Դուք ճիշտ եք, վերջին հարցաքննությունը եղել է անցյալ տարի ԱԱԾ-ում, ընդ որում, մի ամսվա մեջ երկու անգամ են կանչել ու բավականին հոգնեցուցիչ, երկար հարցաքննություն էր: Դրանից հետո այլեւս ինձ չեն կանչել, գործի հետ կապված որեւէ նոր բան իմ ասելիքում չկար, առավել եւս, որ կային եւ հին ցուցմունքները: Ես կարծում եմ, Հոկտեմբերի 27-ի բացահայտման խնդիրը հիմնականում ազգային անվտանգության դաշտում է: Այդ մարմինն է, որ կարող է արտաքին քաղաքական հետքի մասով տեղեկություն տալ՝ հաստատել կամ հերքել: Քանի դա ոչ հաստատված, ոչ հերքված է, այդ վարկածը մնում է օդի մեջ եւ Հոկտեմբերի 27-ը մնում է չբացահայտված: Յուրաքանչյուր մարդ ինքը իր մեջ, իր ներսում Հոկտեմբերի 27-ը ինչ-որ առումով բացահայտել է եւ ունի սեփական մոտեցումները: Արդարությունը, արդարադատությունը հենց այդ իմաստն էլ ունի, որ հանրությանը համոզի քո մոտեցումները կամ ճիշտ էին, կամ սխալ էին, մինչ օրս դա չի արվել»:

Արամ Սարգսյանը պնդեց. «Հոկտեմբերի 27-ը արտաքին քաղաքական հետք ունի, որի բաց թողած փամփուշտը առ այսօր սլանում է Սյունիքի ուղղությամբ»:

Նա ասաց, որ երբեւէ պաշտոնների ինքը չի ձգտել, եւ Հոկտեմբերի 27-ից հետո էլ գնացել է իշխանության, որովհետեւ եղբոր ընկերները մտածում էին, որ այդ գործը կոծկվելու է. «Իրենց պետք էր մարդ, որի գալով վստահ լինեին՝ այդ գործը չի կոծկվի, որ հետամուտ կլինի մինչեւ վերջ Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը: Եվ, եթե նայեք մայիսի 2-ից հետո, երբ ինձ հանեցին, Հոկտեմբերի 27-ի քննչական գործը ինչ փոփոխություն ունեցավ 180 աստիճանի, մինչեւ այդ տրված ցուցմունքները՝ ում դեմ, ինչպես եւ ովքեր էին ձերբակալված, ինչպես փոխվեցին եւ այդ մարդիկ ազատվեցին ու այսօրվա դատական իշխանություններն էլ ինձ որ հարցաքննում են, հարցաքննում են այդ ենթատեքստով, որովհետեւ ինձանից հետո գործը փոխվեց: Մեղադրյալներն ասում էին, որ իրենց բռնությամբ, ուժի ազդեցությամբ են նման ցուցմունքներ վերցրել, հետո դատական պրոցես եղավ ուժ կիրառողների նկատմամբ, պարզվեց՝ ուժ չի կիրառվել, բայց միեւնույն է, հիմնավոր համարվեցին մայիսի 2-ից տրված ցուցմունքները, իսկ մինչեւ մայիսի 2-ը, երբ ես վարչապետ էի, այդ ցուցմունքները հիմնավոր չճանաչվեցին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031