Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի գործով դատական նիստի սկզբում այսօր զոհված զինծառայողներից մեկի ազգականը մոտեցավ մեղադրյալներից մեկին ու սկսեց հարվածներ հասցնել նրան: Կարգադրիչները մի կերպ կարողացան նրա ձեռքից ազատել մեղադրյալին ու դուրս հանել նիստերի դահլիճից: Միջադեպի պատճառով նիստը ընդմիջվեց:
Ընդմիջման մասին հայտարարությունից նիստի մասնակիցները վրդովվեցին. «Զզվացրիք արդեն, անընդհատ ընդմիջում»,- նկատեց մի կին:
Մեղադրյալներից մեկին հարվածած տղամարդուն զոհվածների հարազատները շնորհակալություն հայտնեցին այդ արարքի համար ու նկատեցին, որ մեղադրյալը ժպիտը դեմքին նստել էր:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Կարդացեք նաև
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ