Օրերս ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների կողմից բացահայտվել է Բավրա պետական սահմանի անցման կետով՝ չհայտարարագրման եղանակով, թանկարժեք բջջային հեռախոսների ապօրինի տեղափոխման դեպք։ Մասնավորապես, Վրաստանից Հայաստանի Հանրապետություն ժամանած տրանսպորտային միջոցի զննությունից պարզ է դարձել, որ բեռնախցիկում առկա է «Apple» ապրանքանիշին պատկանող «iPhone» տեսակի 150 բջջային հեռախոս: Հեռախոսների ընդհանուր գումարը կազմել է մոտ 178 հազար ԱՄՆ դոլար:
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին