Այսօր լրագրողները ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեցին իր մասնակցությամբ աղմկահարույց ձայնագրությունից: Նա արձագանքեց. «Հետաքրքրվեք նախաքննական մարմնից»: Դիտարկմանը, որ նախաքննական մարմինը տեղեկատվություն չի տալիս՝ նա պատասխանեց, որ տալիս են այնքան, ինչքանով պետք է. «Դիմեք հսկող դատախազին, նախաքննություն է տեղի ունենում, ես այդ գործի մասին որեւէ տեսակետ չեմ կարող արտահայտել: Ես հրահանգի խնդիր չեմ ունեցել»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն, որտեղ Ջհանգիրյանը ասում էր, որ իր «վզին դրել են» եւ Վարդազարյանի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Ջհանգիրյանի միջոցով պահանջել է, որ ինքը հրաժարական տա, սպառնացել են՝ ասելով՝ ընտանիք ունես, երեխաներ ունես:
Հարցին՝ Արցախ այլեւս չունենք, ի՞նչ գնահատական ունեք՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ցավում եմ, ձեր նման ցավում եմ, որ մենք չունենք Արցախը»:
Լրագրողները հիշեցրին Վազգեն Սարգսյանի խոսքը՝ Մեղրին մի օր պայթելու է Երեւանի կենտրոնում, իսկ իշխանությունները հիմա խաղաղության ծրագրից են խոսում: Ջհանգիրյանն արձագանքեց. «Ես խաղաղության ծրագրին կողմ եմ, որովհետեւ մենք չենք կարող… հիմա սերունդ է մեծացել, որի պապերը կռվել են, հայրերը կռվել են, հիմա էլ թոռներն են կռվել: Այսինքն, դուք ուզում եք, որ մեր հարեւանների հետ մեր հակամարտությունը դարերով գնա՞, ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ժամանակն է, որ մեր հարեւանների հետ խաղաղություն հաստատենք»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանի ժողովրդավարության մակարդակը եւ արդարադատության մակարդակը ինչպե՞ս կգնահատեք՝ նա պատասխանեց. «Ես, ինչ է, միջազգային դիտո՞րդ եմ, իրավապաշտպա՞ն եմ, ի՞նչ եք ուզում: Ես կարծում եմ, բազմաթիվ հանցագործներ կան, որոնք դեռ նստած չեն, որոնք պետք է բանտում լինեին, այդպես եմ գնահատում: Ես գուշակ չեմ, քրեական գործերի նյութերին ծանոթ չեմ»:
Լրագրողների դիտարկմանը, որ ձեր ձայնագրությունից հարցեր էին առաջացել այդ մասով, դրա համար ճշտեցինք՝ նա արձագանքեց. «Ես Հ1-ի եթերում ամեն ինչ հասկացողների համար բացատրել եմ: Հ1-ի եթերում ես ինչ ասել եմ, բոլոր բառերը, մինչեւ իսկ ստորակետները, վերջակետերը եթեր է տրվել, էդ ես երաշխավորում եմ, մնացածը՝ չգիտեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ