Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է եւ Եռաբլուրի պանթեոն էր այցելել նախկին զինդատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը: Aravot.am-ը նրան հարցրեց՝ դուք Հոկտեմբերի 27-ի գործը քննող դատախազն եք եղել, ասել եք՝ քրեական գործի նյութերում ամեն ինչ կա, գործը բացահայտված է: Նա արձագանքեց. «Ես չեմ եղել դատախազը: Դատախազը գործ չի քննում, հսկողություն է իրականացնում: Այո, իմ համար գործը բացահայտված է, ամեն ինչ քրեական գործի նյութերում է»: Հարցին՝ բա մե՞զ համար երբ պետք է բացահայտվի՝ նա պատասխանեց. «Հիմա նախաքննությունը անջատված մասով վերսկսվել է, դատախազությունը հաղորդագրություն է տարածել, սպասենք: Կատարվում են քննչական գործողություններ, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են նշանակվում»:
Հարցին՝ այն ժամանակ կարծիք կար, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք գործը չի բացահայտվում, հիմա այս իշխանությունները եկան՝ կբացահայտվի, 5 տարի իշխանության են ու նույն տեղում ենք՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, հիմա որեւէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը, նաեւ ներհայաստանյան իրավիճակը նպաստավոր է, սպասենք քննության ավարտին»: Ճշտեցինք՝ այն ժամանակ խոչընդոտո՞ւմ էին՝ նա կրկնեց. «Ես ասում եմ՝ հիմա ոչ ոք չի խոչընդոտում, միջավայրը նպաստավոր է, սպասենք նախաքննության ավարտին»:
Ջհանգիրյանը խուսափում էր հարցազրույցից, ասում էր՝ «իմ ընկերը սպանվել է, զոհվել է, հիմա դուք եկել ինչ-որ հարցեր եք տալիս»: Ասացինք՝ մենակ ձեր ընկերը չի սպանվել, մեր երկրի կարեւորագույն պաշտոնյաներ են այդ օրը սպանվել ու մեր հարցերի պատասխանները մինչեւ այսօր չենք ստացել՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Չեմ ուզում վատ բաներ ասել, մեկ անգամ եւս կրկնեմ՝ անջատված մասով քրեական գործի վարույթը վերսկսել է, կատարվում է ակտիվ նախաքննություն: Հիմա ինձանից որեւէ տեսակետ, գնահատական, միտք, դատողություն հարցնելը սխալ կլինի, որովհետեւ այս կամ այն կողմը կարող է դիտարկել՝ որպես միջամտություն նախաքննությանը, գնահատական նախաքննությանը»:
Փոխանցեցինք՝ դուք արդեն տվել եք գնահատականներ եւ ասել, որ գործը բացահայտված է, մենակ պատվիրատուները հայտնի չեն, հիմա ձեր համար պատվիրատուները բացահայտվե՞լ են, թե՞ չէ՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Այո, իմ համար բացահայտված է գործը: Անջատված մասը վերաբերում էր հնարավոր օժանդակողներին, դրդիչներին, կազմակերպիչներին, այլ չբացահայտված խմբի անդամներին: Նրանց մասով նախաքննություն է ընթանում, ես նախաքննության տվյալներին տեղյակ չեմ, չգիտեմ, հասկանո՞ւմ եք: Նախաքննությունը հո մի կիլոգրամանոց քա՞ր չի, որ երբ էլ դնեք, նույնը լինի: Հիմա ակտիվ կատարվում է նախաքննություն, գուցե ինչ-որ բաներ փոխվել են, գուցե ինչ-որ բաներ բացահայտվել են, ես տեղյակ չեմ, առավել եւս գնահատական տալ չեմ կարող»:
Հարցրեցինք՝ այն, որ այս տարիների ընթացքում գործով կարեւոր վկաները ինչ-ինչ պատճառներով մահացել են, ինքնասպան են եղել, մեքենայի տակ ընկել, կասկածներ չե՞ն հարուցել՝ Ջհանգիրյանը ճշտեց, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունենք՝ թվարկեցինք, օրինակ, Նաիրի Հունանյանի քեռին՝ Վռամը, Ջհանգիրյանը պատասխանեց. «Քեռին ինֆորմացիայի կրող չի եղել ո՛չ էն ժամանակ, ո՛չ էլ հետո: Քեռին կարեւոր վկա չի եղել, կարեւոր ինֆորմացիայի կրող չի եղել: Քեռուց պրծանք: Հիմա էլ կարեւոր տուժողներ են ինչ-որ հայտնվել: Որեւէ կարեւոր տուժող չի եղել այն ժամանակվա զոհերից բացի»:
Կարդացեք նաև
Հետո թվարկեցինք մյուս վկաներին, որոնք նույնպես հիմա չկան, մահացել են, օրինակ՝ Նորայր Եղիազարյանը, պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը, Տիգրան Նազարյանը եւ այլք: Ջհանգիրյանը պատասխանեց. «Պատգամավորը վկա չի եղել, եղել է կասկածյալ, մեղադրյալ, կալանավորված է եղել, նա վկա երբեք չի եղել: Տիգրան Նազարյանը, դուք շատ լավ գիտեք ով է եղել, հետո նա որ երկիր է տեղափոխվել, որտեղ է մահացել: Տիգրան Նազարյանը մանրամասն, երկար-բարակ ցուցմունքներ ունի տված քրեական գործի նյութերում»:
Հարցին՝ պատահականությո՞ւն է այդ ամենը, որ գործով անցնողները մահացել են ինչ-ինչ հանգամանքներում, ինքնասպան եղել՝ Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես հո գուշակ չե՞մ, ես, ինչ է, կոֆեի բաժա՞կ պիտի նայեմ, ձեզ ասեմ, թուղթ ու գիր, հո ես գուշա՞կ չեմ: Ես ձեզ ասում եմ, որ Տիգրան Նազարյանը ժամանակին մանրամասն, երկար-բարակ հարցաքննվել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ