Երկու շաբաթ է՝ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանը գտնվում է սուր շնչառական վարակների սեզոնում, Երեւանում եւ մարզերում գրանցվել է հիվանդացության աճ՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված: Այս մասին այսօր «Արմենպրես»-ի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:
Նրա ներկայացմամբ՝ նախորդ շաբաթվա համեմատ 1,1 անգամ աճել են սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունները․ «Իսկ նշված ժամանակահատվածը նախորդ տարվա համեմատ 1,5 անգամ աճ ունենք: Դեպքերը հիմնականում արձանագրվում են 0-18 տարեկանների շրջանում, մոտ 70%-ը, իսկ այդ 70%-ի տոկոսի մեջ գրեթե 50% կազմում են 0-4 տարեկան երեխաները: Շտապօգնության կանչերի գրեթե 12%-ը կազմում են սուր շնչառական վարակներով կանչերը»:
Նախարարությունը ամենօրյա կտրվածքով մշտադիտարկում է իրականացնում, եւ ինչպես ասաց Խաչատրյանը, հոկտեմբերի 26-ի դրությամբ Հայաստանի բժշկական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 500 պացիենտ, որոնց գրեթե 90%-ը 0-18 տարեկան երեխաներ են․ «Կարելի է ասել, որ բուժհաստատությունները ծանրաբեռնված են եւ դիմելիությունը շարունակվում է»:
Խաչատրյանի խոսքով՝ ըստ լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ այժմ գրիպի շրջանառություն չկա, այլ շնչառական հիվանդություններից շրջանառվում են ռինո վիրուսի, ադենովիրուսի, մետապնեւմո վիրուսի, պարագրիպի եւ ռեսպիրատոր սենտիցիալ վիրուսի հարուցիչներ, եւ իհարկե կորոնավիրուսային հարուցիչներ․ «Թիրախում երեխաներն են, որովհետեւ նրանց շնչուղիների կառուցվածքը, նրանց ավելի ընկալունակ են սուր շնչառական վարակների նկատմամբ։ Ուստի կարեւոր է՝ եթե երեխան ունի գանգատներ, ծնողը ժամանակին դիմի եւ կանխարգելի, որպեսզի ծանր ընթացք չլինի։ Երեկվա դրությամբ 0-4 տարեկան 16 երեխա հոսպիտալացված է, վերակենդանացման բաժանմունքում են»։
Կարդացեք նաև
Բժշկի փոխանցմամբ՝ սուր շնչառական հիվանդության ախտանշանները շատ տարբեր են՝ կարող է լինի քթահոսություն, կոկորդի ցավ, ականջաբորբ, ջերմություն, հնարավոր է նաեւ առանց ջերմության հիվանդությունն ուղեկցվի առանց ջերմության, իսկ բարդության դեպքում թոքաբորբ է գրանցվում։
Մանրամասն՝ տեսանյութում
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման եւ կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ հավելեց, որ ներկրվել է տվյալ սեզոնի համար նախատեսված սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութ եւ այս պահին բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են այդ պատվաստանյութով․ «Պատվաստանյութը նախատեսված է առաջնահերթ ռիսկի խմբի անձանց համար՝ երեխաները 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները, հղիները, 65 եւ բարձր տարիքի անձինք, փակ կոլեկտիվներում աշխատող եւ գտնվող անձինք, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք եւ այլն։ Պատվաստանյութը կարելի է ընդունել այլ պատվաստանյութերի հետ եւս»։
Նա ասաց, որ պատվաստանյութն առաջնահերթ կառաջարկվի ռիսկի խմբերին, սակայն եթե լինեն հրաժարվողներ, ապա ցանկության դեպքում կարող են պատվաստել բնակչության այլ խմբեր։
Գրիգորյանը վստահեցրեց, որ տարեցտարի ավելանում է պատվաստանյութի պահանջարկը, մարդիկ ավելի շատ են դիմում։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ