Մեն կղզում ընթացող շախմատի 2023 FIDE Grand Swiss մրցաշարի մրցումային երկրորդ օրը խաղաղ էր Հայաստանի ներկայացուցիչների համար։
Կանանց պայքարում միմյանց դեմ խաղում էին Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, բազմափորձ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ երիտասարդ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը։
Թիմակիցները ամենայն հավանականությամբ չցանկանալով ավելորդ սրություն հաղորդել պարտիային, համաձայնեցին ոչ-ոքիի։
Տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի բոլոր գրոսմայստերները նույնպես բավարարվեցին կես միավորով։ Երրորդ տուրից առաջ Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը ունեն 1,5-ական միավոր, իսկ մեկնարկում անհաջողության մատնված Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը իրենց հաշվարկում առայժմ գրանցել են կեսական միավոր։
Կարդացեք նաև
Մրցակիցներին խաղաղասիրությամբ հրաժեշտ են տվել նաեւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը եւ միայն Վարուժան Հակոբյանն է այս տուրում պարտություն կրել։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ