Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով բնակչության մեծամասնությունը ստիպված էր լքել Ղարաբաղը․ սա լուրջ մարտահրավեր է ՀՀ տեղական իշխանությունների համար»․ Բերն Վոհրինգեր

Հոկտեմբեր 27,2023 10:58

«Սա զեկույց չէ, հայտարարություն է։ Մեր նպատակն է կենտրոնանալ ներկայիս հումանիտար իրավիճակի վրա Ղարաբաղում և հարակից քաղաքներում։ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների պատճառով Ղարաբաղի բնակչության մեծամասնությունը ստիպված էր դուրս գալ այդ տարածաշրջանից։ Սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի, ՀՀ տեղական իշխանությունների համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» հայտարարության հեղինակ Բերն Վոհրինգերը (Գերմանիա)։

Հիշեցնենք՝ Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում ձայների 55 «կողմ», 12 «դեմ» հարաբերակցությամբ ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարությունը (declaration)։

Մեր այն փաստմանը՝ հակառակ Ձեր բոլոր զգուշացումների՝ մնալ քննարկվող թեմայի շրջանակներում, ադրբեջանական պատվիրակության անդամները փորձում էին իրավիճակը մանիպուլացնել և տանել այլ հարթություն և հարցին՝ այդ մթնոլորտում ադրբեջանական պատվիրակության հետ աշխատանքը արդյունավետ համարո՞ւմ եք, հայտարարության հեղինակն արձագանքեց․ «Մեզ համար կարևոր են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը։ Մենք համոզված ենք, որ պետք է խաղաղ լուծում գտնենք երկու անդամ երկրների միջև գոյություն ունեցող խնդիրների հետ կապված։ Սա ամենակարևորն է։ Մենք դա պիտի անենք երկխոսության միջոցով։ Պետք է վերսկսենք, շարունակենք երկխոսությունը։ Երկարատև խաղաղության համար միակ ճանապարհը միմյանց հետ խոսելն է»։

Հիշեցրինք՝ ԵԽ Կոնգրեսում քննարկման ժամանակ Բերն Վոհրինգերն ասաց, որ հայտարարության ընդունումն առաջին քայլն է, դրան հաջորդելու է այն, որ առաջարկելու են Կոնգրեսի անդամների այց կազմակերպել տարածաշրջան։ Հետաքրքրվեցինք՝ որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը, Բերն Վոհրինգերը պատասխանեց․ «Մենք պետք է քննարկումներ ունենանք տարբեր փաստերի հիման վրա։ Այս պահին չենք կարող գնահատականներ տալ։ Մեզ պետք են վկայություններ գնահատականների համար։ Ինչպես գիտեք՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, Եվրոպայի խորհրդի հատուկ ներկայացուցիչը միգրացիայի հարցերով գտնվում են տարածաշրջանում և Հայաստանում։ Երբ նրանք կհրապարակեն իրենց զեկույցները, կներկայացնեն փաստեր, այդ ժամանակ կարող ենք գնահատականներ տալ։ Մենք մեր հայտարարության մեջ առաջարկել ենք կազմակերպել այցելություն դեպի տարածաշրջան, ՀՀ, որպեսզի մենք խոսենք մարդկանց հետ, ունենանք մեր անձնական տպավորությունները։ Օրինակ՝ ինքս զեկուցող եմ փախստականների հարցերով և ինձ համար կարևոր է տեսնել ռեգիոնում իրավիճակն իմ աչքերով, թե ինչպես են տեղական իշխանություններն այդ իրավիճակում գործում»։

Հետաքրքրվեցինք՝ ադրբեջանական կառավարությունն ինչպե՞ս է վերաբերվում իրենց հնարավոր այցին տարածաշրջան, նա պատասխանեց․ «Վստահ եմ, որ ԵԽ գլխավոր քարտուղարն ու քարտուղարությունը կապ կհաստատեն Ադրբեջանի կառավարության հետ, և այդ հարցը կկազմակերպվի»։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք փոխել ընդունված բառապաշարը, քանի որ ԵԽ Կոնգրեսի նախորդ հայտարարություններում, ԵԽԽՎ հայտարարություններում, Եվրոպական խորհրդարանի հայտարարություններում օգտագործվում է Լեռնային Ղարաբաղ անվանումը, իսկ Կոնգրեսի հայտարարության մեջ օգտագործվեց Ղարաբաղ տարբերակը, Բերն Վոհրինգերը պատասխանեց․ «Սա իրականում բարդ հարց է։ Մենք դա քննարկել ենք Բյուրոյում, քարտուղարությունում։ Մենք կենտրոնանում ենք տեղական մակարդակի վրա, մարդկանց վրա, և որոշեցինք ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունների հետ մի գծի վրա լինել, որովհետև նա է պատասխանատու ԵԽ բոլոր մարմինների համար։ Մենք Եվրոպայի խորհրդի մարմիններից ենք, մենք հետևում ենք քարտուղարության հայտարարություններին»։

Նշենք, որ Բերն Վոհրինգերի նախաձեռնությամբ Կոնգրեսի հայտարարության մեջ ներառվեց նաև հետևյալ արտահայտությունը․ «Կոնգրեսը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին իրականացնել միջանկյալ միջոցները, որի պահանջը կա ՄԻԵԴ-ի որոշման մեջ»։ Հայտարարության հեղինակն ասաց․ «Այս կետը պետք էր ներառել հայտարարության մեջ։ Դա արել էր նաև խորհրդարանական վեհաժողովը, ԵՄ Ռեգիոնների կոմիտեն։ Մենք այս կետը ներառեցինք մեր հայտարարության մեջ, քանի որ կա ՄԻԵԴ-ի որոշում, որը Ադրբեջանին պահանջում է հարգել կոնվենցիաների կարգավորումները։ Ներկայիս քննարկումների համար կարևոր է իրավական հիմքը։ Ուստի սա մենք անում ենք սովորաբար, և սա կարևոր հարց էր, որը պետք էր ներառել հայտարարության մեջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031