Ելնելով Ռուս-թուրքական սերտ համագործակցությունից, որը ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Ալեքսանդր Դուգինի բնութագրմամբ առավել արդյունավետ դրսեւորվել է Հայաստանի պարագայում, միանգամայն հնարավոր է, որ Իդլիբի տարբերակը կիրառվի Զանգեզուրում, որտեղ միջանցքի պարեկությունը ռուսական զորքերը համատեղ իրականացնեն թուրքականների հետ: Այդ դեպքում Հայաստանը կզրկվի Իրանի հետ ընդհանուր սահմանից, դրանով կվերածվի կամազուրկ պետության:
Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում այնտեղ կհաստատվի ո՛չ թե մաքսային, այլ ռազմական ռեժիմ, որի տնօրինությունը կստանձնեն ռուս-թուրքական զորքերը, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի միջանցքի վրա Հայաստանի ինքնիշխանության վերացմանը, մանավանդ մեր ռազմավարական դաշնակիցը Զանգեզուրում երկու միջանցք է նախատեսել, երկուսն էլ 5 կմ լայնությամբ: Հետեւաբար, որքան էլ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը ասի, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը եւ իրենք կարող ենք դա անել Իրանի հետ», իրանական անցուղին չի կարող համարժեք լինել միջանցքին, հետեւաբար «Զանգեզուրի միջանցքը» կշարունակի պահպանել ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի, այնպես էլ Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրերում:
Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի հեղինակ դոց. Գյոքթուրք Թույսուզօլուի «Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին» խորագրով հոդվածին, որը հոկտեմբերի 18-ին արտատպել է Կ. Պոլսո պատրիարքարանի «Հայ Թերթ» կայքէջը: «Ջումհուրիյեթ»-ը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափողն է: Թեեւ Հայաստանի հարցում թուրք ընդդիմադիրների դիրքորոշումը չի տարբերվում իշխանությունների դիրքորոշումից, այնուամենայնիվ Թույսուզօլուի հոդվածը կարեւոր ենք համարում Թուրքիայի հակահայաստանյան դիրքորոշման մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու առումով: Ահա թե ինչ է գրել հեղինակը.
«Իրանն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել Զանգեզուրի միջանցքին այլընտրանք մեկ այլ երթուղու շուրջը: Այս նոր երթուղին, որ Իրան-Ադրբեջան սահմանին Արաքսի վրա կառուցվող կամուրջով ինտեգրվելու է նախագծին, նախատեսում է Նախիջեւանը միացնել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի հետ:
Կարդացեք նաև
Թուրքիայի աջակցությունը եւս վայելող այս երթուղին ինքնիշխանության փոխանցման որեւէ խնդիր չի առաջացնում: Դրա գործարկումը ինքնաբերաբար օրակարգից հանելու է Հայաստանով (Սյունիք/Զանգեզուրով) անցնող «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը: Սակայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումից հետո Հայաստանում ծայր արած գործընթացը, որ ծանր կացության մեջ է դրել Փաշինյանին, մասնակի թուլացրել է «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ պահանջները»:
Բաքու-Թեհրան հարաբերությունները
Հայաստանի տարածքներն օկուպացնելու Ադրբեջանի պատրաստակամության շուրջը եվրոպական մայրաքաղաքներում եւ ԱՄՆ-ում շրջանառվող պնդումների ստեղծված բացասական տպավորությունն, Երեւանի հետ Թեհրանի կապերի ընդհատումն ու Թուրքիա-Ադրբեջան անմիջական սերտ կապի ըմբռնումը, որպես սպառնալիք, հետին պլան է մղել «Զանգեզուրի միջանցքը», դրա փոխարեն առաջարկվում է Իրանի միջանցքը եւ փորձ է արվում դա ներկայացնել Բաքու-Թեհրան հարաբերությունները նորմալացնելու, ինչպես նաեւ Անկարայի եւ Բաքվի կողմից Թեհրանին գործընթացից չօտարելու, առնվազն վերջինի հետ համագործակցելու պատրաստակամությունն ապացուցելու դրսեւորում:
Թեհրանը, մտահոգված Կովկասում աշխարհաքաղաքական հավասարակշռության ի վնաս իր երկրի փոփոխման հավանականությունից, ուստի նախընտրեց Բաքվին հակադրվելու փոխարեն վերջինի հետ համագործակցելու ուղին բռնել: Ղարաբաղը վերադարձնելուց հետո, երբ Ադրբեջան-Իրան սահմանն անցավ Բաքվի վերահսկողության տակ, իսկ Ռուսաստանը, նախապատվությունը տալով Բաքվին` հավանություն տվեց «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, պայմանով, որ դա ինքը վերահսկի, նաեւ Իսրայելի բարեհաճ վերաբերմունքը Բաքվին, ստիպեցին Թեհրանին, որ Բաքվի հանդեպ որդեգրի ոչ թե հակամարտելու, այլ համագործակցելու դիրքորոշում:
Հակոբ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: