Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանց» եւ «մեր» քարոզչական հեքիաթները

Հոկտեմբեր 27,2023 10:00

Ռուսաստանյան դաշնային ալիքները վաղուց պետք է հանվեին հանրային մուլտիպլեքսից՝ ես դրա մասին գրել եմ դեռեւս 2018 թվականից առաջ: Ինչպես որ հանվել է CNN-ը: Մանավանդ այսօր, երբ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է համացանցով հետեւել ցանկացած ռուսական, ամերիկյան կամ չինական հեռուստաալիքի. հետեւաբար, տեղեկություն ստանալու որեւէ մեկի իրավունքը չի խախտվի:

Քանի որ, ինչպես բազմիցս նշել եմ, իմ խնդիրների մեջ չի մտնում ամեն գնով իշխանությանը քննադատելը, պիտի ասեմ, որ «Առաջին ալիքի» հաղորդման կապակցությամբ ՌԴ դեսպանին Հայաստանի ԱԳՆ կանչելը եւ բողոքի հայտագիր ներկայացնելը ճիշտ էր: Անկախ նրանից, թե ինչպես եմ ես վերաբերվում «ՀՀ բարձրաստիճան ղեկավարներին», նման արտահայտություններով նրանց մասին խոսելն ի՛մ իրավունքն է, ոչ թե ռուսաստանցի մեկնաբանների: Իհարկե, կարծում եմ նաեւ, որ հայաստանցի մեկնաբանները չպիտի «Պուտլեր» ոճով խոսեն որեւէ այլ երկրի ղեկավարի մասին:

Ինչ մնում է ՌԴ պաշտոնական քարոզչության բովանդակությանը, ապա քարոզչական հեքիաթներն իրար արժեն: Կրեմլի հնարած «սորոսական դավադրության» տեսությունն իր պարզունակ անմեղսունակությամբ չի զիջում փաշինյանական տեսությանը՝ ռուսական դավադրության մասին: Երկուսն էլ բացարձակապես մերկապարանոց են:

Եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է (ցանկանում էր) պետական հեղաշրջում իրականացնել, ինչի մասին գրեթե ուղիղ տեքստով խոսում էր ՀՀ վարչապետը Եվրախորհրդարանի ամբիոնից, եւ օրը տասն անգամ կրկնում են իշխանության քարոզիչները, ապա հօգուտ դրա պետք է բերվեն որոշակի փաստեր: Պայմանականորեն ասած, պիտի ցույց տային, որ ռուսական «Վիկտորիա Նուլանդը» եկել էր «հայկական մայդան» եւ այնտեղ կարկանդակներ բաժանել:

Նման փաստեր ունենալու դեպքում Հայաստանի ԱԳՆ-ն պետք է դարձյալ կանչեր Կոպիրկինին եւ այդ ոտնձգությունների վերաբերյալ եւս մի բողոքի հայտագիր ներկայացներ: Կամ՝ նույնիսկ դիվանագիտական ավելի խիստ միջոցների դիմեր:

Քանի որ դա չի արվում, այդ խոսակցություններն ավելի շուտ նման են «օդի մեջ կախված» լուրերին, որոնք հնչեցվում են

1/ արեւմտյան գործընկերներին դուր գալու համար,

2/ ներքին քարոզչության համար՝ «ով դժգոհ է Փաշինյանի քաղաքականությունից, նա Ռուսաստանի գործակալ է» թեզը հիմնավորելու համար: Կամ միջին հայաստանյան մակարդակի լեզվով ձեւակերպած՝ «ով մեր Նիկոլին դեմ ա, նա ռուսի շպիոն ա»:

Հայաստանում տասնյակ (գուցե հարյուր) հազարավոր մարդիկ հենց այդպես էլ մտածում են: Ինչպես նման առիթով գրել է Արթուր Շոպենհաուերը՝ «ես չեմ կարող մոտիկից շոշափել նրանց սիրտը, բայց դա պատիվ չի բերում նրանց գլխին»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

     . Ռուսական հեռուստատեսիլի հաղորդումների հետ իմ միակ կապը՝ Նեթֆլիքսի ռուսական արտադրութիւններն են: Որոնք ի դէպ, որակաւոր, հետաքրքրական եւ տպաւորիչ են: Եւ wokeismի վարդապետութեան չեն յանձնուած, ինչպէս որ Նէթֆլիքսի ընդհանուր բովանդակութիւնը, ափսոս:

    . «Սորոսական դավադրութիւնը» եթէ այն տեսութիւնն է, որ Ճորճ Սորոսը Հայաստանի մէջ ուղղակի կազմակերպեց՝ Փաշինյանի ղեկավարած պետական յեղաշրջումը, անշուշտ թէ այդ՝ մակերեսային ու մանկամիտ տեսութիւն մը կը հանդիսանայ:

    Սակայն այդ տեսութիւնը հերքելու միտումով, չեմ կարծեր որ պէտք է գնանք միւս ծայրայեղութեան, ի հեճուկս տարրական իրականութեան, ասելով թէ Սորոսի հիմնադրամի գործունէութիւնը որեւէ կապ չունի 2018ին ծայր տուած՝ Հայաստանի ազգային հաւաքական ինքնասպանութեան հետ:

    Քանզի այդ գործունէութեան հիմքը հանդիսացող գաղափարաբանութիւնը, եւ փողի ուժով՝ դրա ազդու սրսկումի աշխարհի այլազան երկիրներում (ներառեալ, ի դէպ, ԱՄՆում, ուր զինք կ’ատեն ազգայնական ամերիկացիները), քանդել, խորտակել եւ անէացնելն է՝ որեւէ ժողովուրդի ազգային ինքնութիւնը, աւանդական արժէքները, հոգեւորական արժէքները, մինչեւ իսկ երկրի մը շօշափելի սահմանների ըմբռնողութիւնը:

    Այս իմաստով, այս առումով, թերեւս դաւադրութիւն բառը տեղին չէ, սակայն Սորոսականութիւն ըսուածի կապը՝ Հայաստանի 20918ին հետ, «բացարձակապես մերկապարանոց» չէ:

    Կը մնայ անշուշտ հասկնալը թէ ուրեմն ինչո՞ւ Սորոսի կազմակերպութեան Հայաստանի մասնաճիւղը, ամէնայն հանգստութեամբ, առանց որեւէ օրինական խոչընդոտի, բացէ ի բաց աշխատում էր, 1998էն ի վեր…

    Մինչ, այդ կազմակերպութեան գործունէութեան դէմ – մինչեւ դրա կասեցումը պատճառող – շեշտակի քայլեր առած են մի քանի երկիրների կառավարութիւնները. որոնք կարգին՝ Թուրքիան, Ռուսաստանը, բայց նաեւ ԵՄի անդամներ՝ Հունքարիան եւ Լեհաստանը:

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հ.Շ. says:

      Յ.Գ. Վերեւ պարզուած նկատողութիւնների լոյսին տակ, ամենայն յարգանքով, աւելցնեմ հետեւեալը:

      Այս թերթի աշխատակազմի անդամներէն մէկը, Սօրօսի միջազգային կազմակերպութեան Հայաստանի մասնաճիւղի հիմնադիր վարչական կազմի անդամ էր:

      Խնդիրը, այդ չէ՛:

      Ինք շատ լաւ անձ է, որքան որ կարողացած եմ դրա անդրադառնալ, տարիների ընթացքին: Ազնիւ, պարկեշտ, ուղղամիտ, աշխատասէր, արհեստավարժ:

      Նաեւ՝ հոյակապ լրագրող է: Եւ ահա այստեղ է, խնդիրը:

      Քանզի երբ որ, էն վախտ, ջանացի իր ուշադրութեան յանձնել թէ այդ կազմակերպութիւնը ի՞նչ տեսակի վնասներ կրնայ բերել՝ Հայաստանի նման երկրի մը, նա ինծի չհակաճառեց, չէ: Ոչ իսկ, այդ: Այլ ուղղակի, իսկապէս չհասկացաւ թէ ինչ ըսել կ’ուզեմ. իսկապէս զարմացած էր որ մտահոգութիւն կ’արտայայտեմ, այդ մասին: Որպէս հայաստանցի բարձրորակ լրագրող, չէր հասկանում իսկ, այս նիւթը…

      Եւ այս էր, խնդիրը: Ոչ չէր սահմանափակուէր անշուշտ, ոչ այն անձին միայն, ոչ ալ այս թերթին: Որ նաեւ – այո, այո, ինչպէս որ դաշնակների *Երկիրը*ը -, կը ստանար դրամաշնորհներ Սորոսի հայաստանեան հիմնադրամից – *Հայդ Պարկ * սիւնակին առնչութեամբ, եթէ լաւ կը յիշեմ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031