Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ֆրանկֆուրտում բանախոսներն առաջարկել են չսահմանափակվել զուտ ցեղասպանության թեմայով

Հոկտեմբեր 27,2023 12:30

Հարցազրույց «ԱՐԻ գրականության հիմնադրամի» եւ «ԱՐԻ» գրական գործակալության հիմնադիր Արեւիկ Աշխարոյանի հետ

– Հարգարժան Արեւիկ, ԿԳՄՍ նախարարության կայքից տեղեկացանք, որ վերջերս մասնակցել եք Ֆրանկֆուրտում 75-րդ անգամ անցկացված Գրքի միջազգային ցուցահանդեսին։ Ի դեպ, սա ձեր առաջին մասնակցությունը չէ հեղինակավոր այս միջոցառմանը։ Հետաքրքիր է՝ այս տարի ցուցահանդեսի շրջանակներում նոր միջոցառումներ անցկացվեցի՞ն, թե՞ գործում էր  ավանդական ձեւաչափը։

– Ես մասնակցում էի 8-րդ անգամ եւ այս տարի Հայաստանի մասնակցությունը բացառիկ էր այն առումով, որ ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում բազմաթիվ միջոցառումներով հանդես եկան մեր հեղինակներն ու ներկայացվեցին նրանց ստեղծագործությունները։ Օրինակ՝ «Ինքնություն եւ գրականություն» թեմայով քննարկում էինք կազմակերպել, մասնակցությամբ գրողներ Արմեն Օհանյանի (Հայաստանցի), Անահիտ Ղազարյանի, ավստրիաբնակ, գերմաներենի թարգմանիչ Սյուզաննա Եղոյանի եւ հայկական արմատներով գերմանացի գրող, լրագրող Լաուրա Ցվիրտնյայի։

Այս միջոցառումը կազմակերպվել էր «ԱՐԻ գրականության հիմնադրամի» եւ գերմանական «Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի» հարավկովկասյան գրասենյակի կողմից՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հետաքրքիր զրույց ընթացավ հայկական ինքնության շուրջ, գրականության մեջ դրա արտացոլման ու նոր գրական նարատիվ ստեղծելու մասին։


– Ի՞նչ ասել է նոր գրական նարապիվ, խնդրում ենք մի փոքր մանրամասնեք։

– Բանախոսներն առաջարկեցին ստեղծել նոր նարատիվ գրականության մեջ, չսահմանափակվելով զուտ ցեղասպանության թեմայով։ Ի դեպ, ծավալվեց շատ հետաքրքիր բանավեճ դրա շուրջ, որը, կարծում եմ՝ պետք է շարունակություն ունենա Հայաստանում, լսելով, դիտարկելով, քննարկելով  տարբեր կարծիքներ հայկական նոր նարատիվ ստեղծելու համար։


– Նոր նարատիվի առիթով հետաքրքիր է լսել օտարազգի ձեր գործընկերների կարծիքը։

– Բազմաթիվ հրատարակիչներ ու մասնակիցներ մոտեցան մեզ, շեշտեցին, որ տպավորված են այդ թեմայով։ Դրանից մենք հետեւություն արեցինք, որ փաստորեն կարողացանք ներկայացնել մեր երկիրը՝ որպես առաջ ձգտող, բազմակարծություն ունեցող եւ խոսքի ազատություն վայելող մի երկիր, ինչը շատ կարեւոր է՝ հաշվի առնելով մեր հարեւանների մեծամասնության դիկտատոր լինելը։ Կարծում եմ՝ երիտասարդ եւ դեռ զարգանալու տեղ ունեցող ժողովրդավարությունը մեր գլխավոր արժեքն է։ Նշեմ, որ ասվածի մասին տեսանյութը առկա է յութուբյան էջում։

– Նախարարության կայքից տեղեկացանք, որ երկու հայ հեղինակի գրքի շնորհանդես է տեղի ունեցել։

– Այո, գերմանական տաղավարում «Ֆրիդրիխ Մաուկե» հրատարակչությունը կազմակերպեց Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» եւ Հովիկ Աֆյանի «Կարմիրը» վեպերի գերմաներեն հրատարակությունների շնորհանդեսը։ Կրկնեմ, որ Ֆրանկֆուրտի ցուցահանդեսում առաջին անգամ էր տեղի ունենում հայ հեղինակի գրքի շնորհանդես։ Սուսաննա Հարությունյանը ներկա էր  միջոցառմանը, նրա գրքի շնորհանդեսներ տեղի ունեցան նաեւ Մյունխենում ու Բեռլինում։

– Ինչպիսի՞ն էր հայկական տաղավարի հանդեպ օտարների հետաքրքրությունը։

– Նախ ասեմ, որ մեր տաղավարի այս տարվա թեման էր հայ կինոյի 100-ամյակը։ Օտարները, բնականաբար, հետաքրքրված էին մեր կինոյի եւ դրա հետ կապված գրքերով, բայց, ցավոք, տաղավարում շատ քիչ նյութ կար…

– Ներկայացված չէի՞ն, ասենք, Փելեշյան, Փարաջանով… Աշխարհին ծանոթ գոնե այդ անունները ներկայացնող գրքեր։

– Ձեր նշած մեծանուն կինոգործիչների մասին գրքեր կային, բայց այդ դեպքում անհրաժեշտ էին անգլերեն, գերմաներեն բուկլետներ, որոնք կներկայացնեին թե հայ կինոյի պատմությունը, թե անվանի կինոգործիչներին եւ թե այն ստեղծագործությունները, որոնք հիմք են հանդիսացել ֆիլմեր նկարահանելու համար։ Օրինակ՝ Հրանտ Մաթեւոսյանի «Մենք ենք մեր սարերը» եւ այլն, եւ այլն։ Կարճ ասած՝ մեծ հաշվով՝ նպատակը պետք է լիներ նման գրքերի թարգմանության իրավունքները վաճառելը։

Մեր տաղավարում կազմակերպեցինք հյուրասիրություն Եվրամիության գրական մրցանակի 2023թ. կարճ ցուցակում ընտրված Լուսինե Խառատյանի «Սիրավեպ» գրքի կապակցությամբ, նվիրում էինք կարճ ցուցակում տեղ գտած հեղինակների գործերի անգլերեն ժողովածուն։ Շատերը հետաքրքրված էին Լուսինեի գրքով։ Ի վերջո դա էր մեր նպատակը։

Մի շատ կարեւոր բան տեղի ունեցավ այս տարի. Գերմանիայի գրավաճառների միությունը սահմանել էր խաղաղության ամենամյա մրցանակ շնորհել մեկ գրողի։ Այս տարի դա Նոբելյան մրցանակակիր Սալման Ռուշդին էր։ Ի դեպ, մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընթերցվեցին հատվածներ աշխարհի տարբեր հեղինակների ստեղծագործություններից, այդ թվում՝ Արամ Պաչյանի «P/F»-ի գերմաներեն հրատարակությունից։ Այս միջոցառումը, որին ներկա էին ոչ միայն հրատարակչական ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, ուղիղ հեռարձակվում էր TV-ով։ Փաստենք, որ դա պատվաբեր եւ հպարտության արժանի փաստ է հայ գրականության համար։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
26.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031