Ներպետական դատարանները պետք է որոշեին, թե արդյոք դիմումատուները մեղավոր էին սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով զենք կրելու մեջ, թե՝ ոչ
Այս գործով Արամ եւ Արթուր Մարտիրոսյան եղբայրների գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 6-ին «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով» կայացրել է որոշում` արձանագրելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումներ: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել էր. «2012 թվականի փետրվարի 23-ին մարզային դատարանը դիմումատուներին եւ Հ.Պ.-ին դատապարտել է ըստ մեղադրանքի եւ նրանց նկատմամբ նշանակել համապատասխանաբար 13 եւ 12 տարի ժամկետով ազատազրկում: Այդպիսով, մարզային դատարանը, ի թիվս այլ ապացույցների, հղում է կատարել Հ.Հ.-ի եւ վկաներ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի եւ Ս.Կ.-ի՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքներին, որոնցից ոչ մեկը չի ներկայացել դիմումատուների գործով դատական քննությանը: Դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, բողոքելով, որ տուժող Հ.Հ.-ի եւ վկաներ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի եւ Ս.Կ.-ի՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքներն ընդունվել են որպես իրենց դեմ ներկայացված ապացույցներ, թեեւ նրանք նույնիսկ չեն ներկայացել վարույթին:
Մարզային դատարանը հղում է կատարել մինչդատական վարույթի եւ դատական քննության փուլերում ձեռք բերված՝ ավելի քան 20 վկաների ցուցմունքներին, որպես նախաքննության մաս իրականացված առերեսումների արձանագրություններին, դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, դատաձգաբանական եւ մատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացությանը, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությանը, քննչական փորձարարության արձանագրությանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արձանագրություններին, Հ.Հ.-ի եւ երկրորդ դիմումատուի ավտոմեքենաների զննության արձանագրությանը, դեպքի վայրի զննության արձանագրությանը, երկրորդ դիմումատուի ավտոմեքենայի պետհամարանիշը ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությանը, մի քանի հեռախոսահամարների մուտքային եւ ելքային զանգերի վերծանումներին եւ մանրաթելերի քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացությանը: Դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոքներ, բողոքելով, որ տուժող Հ.Հ.-ի եւ վկաներ Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի եւ Ս.Կ.-ի՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքներն ընդունվել են որպես իրենց դեմ ներկայացված ապացույցներ, թեեւ նրանք նույնիսկ չեն ներկայացել վարույթին:
…Դիմումատուն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա՝ 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համակցությամբ, բողոքել է, որ դատական քննության ժամանակ իրենց չի տրվել տուժող Հ.Հ.-ին եւ վկաներ Ա.Ս.-ին, Մ.Մ.-ին, Ս.Գ.-ին եւ Ս.Կ.-ին խաչաձեւ հարցաքննելու հնարավորություն: …Չներկայացած վկաների՝ նախկինում տված ցուցմունքը, որպես ապացույց ճանաչելը հնարավոր անբարենպաստ պայմաններ է ստեղծում մեղադրյալի համար, ով, ըստ էության, քրեական դատավարության ժամանակ պետք է ունենա իր դեմ ներկայացված ապացույցները վիճարկելու արդյունավետ հնարավորություն։
Կարդացեք նաև
9 հատորանոց այս քրեական գործի մասին «Առավոտում» անդրադարձել եմ 2019թ. օգոստոսի 28-ին: Այդ ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Անտոնյանը միջնորդություն էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Ա. Մարտիրոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Առավոտին» հայտնել էր՝ եթե անձը որպես մեղադրյալ ներգրավվում է քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հոդվածի տարբեր մասերով կամ կետերով որակվող մի քանի հանցագործությունների համար, որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում է կոնկրետ ինչ հանցանքներ են կատարվել, իսկ եզրափակիչ մասում` այդ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածները, հոդվածի մասերը կամ կետերը:
Իսկ «Առավոտի» 2019թ. նոյեմբերի 2-ի համարում տեղեկացրել էի, որ ՀՀ վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 18-ին բավարարել է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. փետրվարի 23-ի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. հուլիսի 20-ի որոշումը բեկանվել էր եւ այն ուղարկվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության: Այսինքն, դատապարտյալներ Արամ եւ Արթուր Ավետիքի Մարտիրոսյանների վերաբերյալ դատական ակտը վերանայվելու էր: Տեղեկացնեմ, որ ըստ այդ բեկանված դատավճռի, Մարտիրոսյան եղբայրները դատապարտվել էին 13 տարի ժամկետով ազատազրկման (այս գործով 3-րդ ամբաստանյալը՝ Հրաչյա Պետրոսյանը նույնպես դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Նրա պաշտպանն է Արա Մաթեւոսյանը-Ռ.Մ):
ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի կիրառմամբ` Արամ եւ Արթուր Մարտիրոսյանների նկատմամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատվել էր եւ թողնվել էր կրելու 10 տարի 1 ամիս 14 օր, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Արթուր եւ Արամ Մարտիրոսյանները պայմանական վաղաժամկետ ազատվել էին պատժի կրումից…
2023թ. հոկտեմբերի 24-ին Մարտիրոսյանների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը վերջապես ստացել է մարզի դատարանի 2023թ .հուլիսի 3-ի արդարացման դատավճիռը: Դատարանը հրապարակել էր միայն եզրափակիչ մասը, իսկ ահա, ամբողջական դատավճիռը դեռ չկար: Դատարանը (դատավոր՝ Դ. Սարգսյան) ճանաչել եւ հռչակել է Արամ եւ Արթուր Ավետիքի Մարտիրոսյանների անմեղությունը 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրանց արդարացրել` կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով: Ըստ մարզի դատարանի, սույն գործը քննվել եւ լուծվել է մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
Արամ եւ Արթուր Ավետիքի Մարտիրոսյաններին պարզաբանվել է արդարացվածի եւ նրանց պատճառված (հնարավոր) վնասի հատուցման` նրանց իրավունքներն ու հատուցման կարգը: «Առավոտի» հարցին, թե արդյոք, Մարտիրոսյաններին այս տարիներին պատճառված վնասի հատուցմամբ կդիմի՞ դատարան, պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը երեկ պատասխանեց. «Այո: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»:
Ի՞նչ ծանր հանցագործության մեջ էին մեղադրվում եղբայրները
Ըստ դատարան ուղարկված քրեական գործի նյութերի եւ մեղադրական եզրակացության` Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ, «Պալեր» մականունով եղբայրներ Արթուր, Արամ եւ Անդրանիկ Մարտիրոսյաններն իրենց կապերի, կարողության, բիզնեսների հաշվին հասարակության մեջ ունեցել են ճանաչում եւ գերիշխող դիրք, նրանց շուրջ համախմբել են յուրային համախոհների, ովքեր անվերապահորեն կատարել են եղբայրների տարաբնույթ հանձնարարությունները։ Նրանցից էին Անդրանիկ Մարտիրոսյանի համադասարանցի, իրենց աշխատակից Արտավազդ Սաղաթելյանն ու Գյումրի քաղաքից աշխատանք փնտրելու նպատակով Գավառ տեղափոխված Արթուր Մարտիրոսյանի հովանու ներքո խմորեղենի արտադրամաս հիմնած Հրաչյա Պետրոսյանը: Գավառում սպանված եղբոր՝ Անդրանիկի որդուն՝ Ալիկ Մարտիրոսյանին, մեքենան անկարգ վարելու համար դիտողություն անելու չնչին առիթով 2009 թվականի նոյեմբերի 5-ին Արամ եւ Արթուր Մարտիրոսյանները, Հրաչյա Պետրոսյանի հետ, Գավառում վիճաբանել են առանձնապես ծանր հանցագործության համար 12 տարի ազատազրկման դատապարտված, կալանավայրից նոր վերադարձած «Փոթեի Վարդան» մականունով Վարդան Մուխսիխչոյանի հետ, ծեծի են ենթարկել նրան, ով, նրանց հետ հաշվեհարդար լինելու սպառնալիքներ տալով, դիմել է փախուստի…
Այդ դեպքից մի քանի ժամ անց տեղեկանալով, որ Վարդանի հարազատներն ու ընկերները շրջում են մոտակայքում՝ «վերջիններիս հանդգնությունը դիտելով իրենց դիրքերին ուղղված ոտնձգություն», Մարտիրոսյան եղբայրները որոշել են զինվել եւ նախահարձակ լինել: Ըստ մեղադրանքի, ապօրինի կերպով Մարտիրոսյանների ընտանիքին պատկանող ռեստորանի աշխատասենյակի բազմոցի մեջ թաքցվել է Արամ Մարտիրոսյանի՝ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված հրազեն հանդիսացող ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, «ՊՄ» տեսակի ատրճանակը, ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտները եւ անհայտ տեսակի պայթուցիկ սարքը: Ապա վերոհիշյալ զենք-զինամթերքը տեղավորվել է Արթուր Մարտիրոսյանին պատկանող «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի, 03 SL 700 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահում։ Մարտիրոսյան եղբայրներն ու Հրաչյա Պետրոսյանն ավտոմեքենայով շրջել են Գավառում, «Պարտեզ» խանութի մոտ նկատելով Վարդանի աներոջը պատկանող ավտոմեքենան, դրա մեջ գտնվող Հ. Հ.-ին, նրա որդուն՝ Հ.Հ.-ին, եւ վերջինիս ընկերոջը` Ս.Զ.-ին, սրահում գտնվող զենքերը միմյանց մեջ բաժանելով՝ հավասարվելով Հ. Հ.-ի ավտոմեքենային, ընթացքից բազմաթիվ կրակոցներ են արձակել հիշյալ անձանց ուղղությամբ։ Սակայն Մարտիրոսյանների եւ Հ. Պետրոսյանի կամքից անկախ հանգամանքներով հիշյալ ավտոմեքենայում գտնվող անձինք չեն մահացել՝ Հ.Հ.-ն ու Ս. Զ.-ն ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Գավառի հիվանդանոց, որտեղ հաջողվել է փրկել վերջիններիս կյանքը:
Արամը թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատաքննության ընթացքում օգտվելով իր իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունք տալուց: 2010 թվականի հունիսի 15-ի քննիչի հարցին պատասխանել էր. «Դա սուտ է, նման բան չի եղել, ինքը եւ իր եղբայրը ոչ մեկի ուղղությամբ չեն կրակել»: Արթուրը նույնպես թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ դատաքննության ընթացքում օգտվելով իր իրավունքներից՝ հրաժարվել է ցուցմունք տալուց: 2010 թվականի հունիսի 15-ին քննիչի հարցին պատասխանել էր. «նման բան չի եղել, ինքը կամ Արամն ինքնաձիգ չեն ունեցել եւ որեւէ մեկի ուղղությամբ կրակահերթ չեն արձակել»:
Դատարանն ի՞նչ իրավական գնահատականներ տվեց
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը եւս ցույց է տալիս, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով երաշխավորված անմեղության կանխավարկածի սկզբունքը, ի թիվս այլոց, ենթադրում է մեղադրանքի կողմի պարտականությունը ներկայացնելու անձին դատապարտելու համար բավարար ապացույցներ (տես, ի թիվս այլոց, Barbera Messegue and Jabardo v. Spain, գանգատ թիվ 10590/83, 1988 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռ, 77-րդ կետ, Janosevic v. Sweden, գանգատ թիվ 34619/97, 2002 թվականի հուլիսի 23-ի վճիռ, 97-րդ կետ): Անմեղության կանխավարկածի սկզբունքը ենթադրում է ապացույցների այնպիսի ամբողջության առկայություն, որն անհրաժեշտ է անձի մեղավորությունը ողջամիտ (հիմնավոր) կասկածից վեր ապացուցված համարելու, այլ ոչ թե անձի մեղավորության մասին ենթադրություններ անելու համար:
Դատարանն արձանագրեց, որ առկա է ենթադրյալ հանցագործություն, ապացուցված չէ Մարտիրոսյան եղբայրների մասնակցությունն այդ հանցագործությանը եւ որ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները: Նման պայմաններում դատարանը գտնում է, որ նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումները ենթակա են դադարեցման` կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու ու նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:
Այս կապակցությամբ դատարանը նկատում է. «Մարզային դատարանի դատավճռով, որը հետագայում Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ամբողջությամբ թողնվել է անփոփոխ, Հ.Հ.-ի, Ա.Ս.-ի, Մ.Մ.-ի, Ս.Գ.-ի եւ Ս.Կ.-ի ցուցմունքներից բացի, հղում է կատարվել նաեւ այլ ապացույցների: Դատավճռից պարզ է դառնում, որ Մարզային դատարանը նաեւ հաշվի է առել մինչդատական վարույթի եւ դատական քննության փուլերում ձեռք բերված՝ ավելի քան 20 վկաների ցուցմունքները, որպես նախաքննության մաս իրականացված առերեսումների արձանագրությունները, դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, դատաձգաբանական եւ մատնադրոշմային համալիր փորձաքննության եզրակացությունը, դատաձգաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննության եզրակացությունը, քննչական փորձարարության արձանագրությունը, օպերատիվ- հետախուզական միջոցառումների արձանագրությունները, Հ.Հ.-ի եւ երկրորդ դիմումատուի ավտոմեքենաների զննության արձանագրությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, երկրորդ դիմումատուի ավտոմեքենայի պետհամարանիշը ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունը, մի քանի հեռախոսահամարների մուտքային եւ ելքային զանգերի վերծանումները եւ մանրաթելերի քրեագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը»: Դատարաններին հասանելի մյուս ապացույցները համոզիչ չեն եղել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2023