Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Բաքու նոր հակամարտություն սրելու հիմքերը գցված են

Հոկտեմբեր 27,2023 12:00

Հայաստանում` ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի, Մոսկվայում` ի շահ Բաքու-Անկարա պահանջների

Հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են վիրավորական եւ բացարձակապես անընդունելի արտահայտություններ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, ՀՀ ԱԳՆ է կանչվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ հանդիպմանը դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:

Պաշտոնական Երեւանի քայլը բավական ուշացած է, որովհետեւ ռուսական պետական եթերում Հայաստանին նվաստացնող, վիրավորական մեկնաբանություններով եթերային «հեղեղը» վաղուց էր սկսվել: Անգամ 44-օրյա պատերազմի օրերին, երբ դեռեւս պարզ չէր, թե ինչ ընթացք է ստանալու պատերազմը, երբ հայտնի չէր, թե ինչ եռակողմ փաստաթուղթ կարող են ստորագրել կողմերը, ռուսաստանցի եւ հայկական ազգանուններով փորձագետներն ակնհայտորեն լծվել էին ընդդեմ Հայաստանի պետության քարոզչության եւ հստակ ցուցադրում էին իրենց համակրանքը МГИМО-ի բարբարոս` Ալիեւի նկատմամբ:

Այստեղ խնդիրը Նիկոլ Փաշինյանը չէ: Մեր պետության ներսում քաղաքական դաշտը կարող է անհաշտ պայքար մղել ընդդեմ իշխանության, բայց երբ մի պետության ռազմավարական դաշնակից երկրի պետական հեռուստաեթերից նսեմացվում է քո պետությունը ու դա պետական-քաղաքական գիծ է, որպեսզի չնկատվեն, կկոծկվեն Ադրբեջանի գործած մեղքերը, սա արդեն մտորելու առիթ պետք է հանդիսանար հայ փորձագետների համար:

Ինչո՞ւ էին 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին ռուսական եթերում քննադատում Հայաստանին: Չէ՞ որ Փաշինյանը դեռ Պրահայի ու Բրյուսելի պայմանավորվածություններ ձեռք չէր բերել… Պատասխանը շատ պարզ է, որպեսզի արդարացվեր Ալիեւի որոշումը` պատերազմ սկսելու ընդդեմ Արցախի: Բանը հասավ նրան, որ Պուտինն այսօր հրապարակավ արդեն Հայաստանին մեղադրեց Արցախում ԶՈՒ ունենալու մեջ, այդպիսով նաեւ արդարացնելով այս տարվա սեպտեմբերին Արցախի նկատմամբ Ալիեւի կողմից «ահաբեկչության դեմ պայքարի» օպերացիան:

Հայաստանի փորձագետների, հայկական ազգանուններով փորձագետների ու ռուսական մեդիայի «կարկառուն» դեմքերի անձնական որոշելիքն է` հանդես գալ ռուսական քարոզչական եթերում, թե` ոչ: Պարզապես տարօրինակ է, երբ արդեն մի քանի տարի է, ինչ ռուսական եթերում ընդդեմ Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականության որեւէ թթու խոսք չի ասվում ու այդ «թոք-շոուների» մասնակցության պայմանը, պարզ է, որ հենց դա է` չքննադատել Ալիեւին:

Ու ի՞նչ է ստացվում, մեր ընդդիմադիրները Հայաստանի իշխանություններին մեղադրում եմ ադրբեջանամետ քայլեր իրականացնելու մեջ` հանդես գալով որպես թունդ «հայրենասեր», բայց գնում են ռուսական եթերում պահում են Մոսկվայի` թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական գիծը:

Հետեւաբար, հասարակ քաղաքացու գլխում կարող է հարց ծագել, իսկ Նիկոլին ինչո՞ւ եք մեղադրում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու գիծ ունենալու մեջ, եթե ռուսական եթերում անգամ թուրք-ադրբեջանական տանդեմի վարած քաղաքականության վերաբերյալ որեւէ քննադատական գնահատական իրավունք չունեք հնչեցնել:

Կամ, ռուսական եթերում հայկական ազգանուններով հանդես եկողները որեւէ անգամ հարց հնչեցրե՞լ են, թե Ռուսաստանն ինչո՞ւ չի Հայաստանի գնած զենքը մատակարարում, կամ, եթե զենքի կարիքի մեջ է, ինչո՞ւ չի վերադարձնում Հայաստանի վճարած գումարները: Այսինքն, Հայաստան պետության նկատմամբ Ռուսաստանի դրսեւորած քաղաքականությունը հայկական ազգանուններով հանդես եկողները չե՞ն նկատում: Ամեն ինչ հոյակա՞պ է, եւ Հայաստանն ու Հայաստանի հասարակությունը հենց այսպիսի վերաբերմունքի՞ են արժանի, միակ խնդիրը ՀՀ իշխանությո՞ւնն է:

Որ Մոսկվան անկողմնակալ չէ, ավելին` Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ արդեն ընդգծված կողմ է հանդես գալիս` պաշտպանելով Բաքվի ցանկացած քայլ, սա վաղուց է ակնհայտ եւ դա կարելի է ապացուցել մի քանի տասնյակ փաստերով: Այստեղ էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ պաշտոնական Երեւանն այսքան ուշացումով որոշեց ՀՀ-ում ՌԴ դեսպանին հրավիրել ԱԳՆ: Հայաստանի իշխանությունները մեր պետության, պետականության դեմ քայլերին շատ արագ պետք է արձագանքեին ու լուծեին այդ խնդիրները դեռ վաղուց:

Հիմա արդեն Ռուսաստանն անցել է կոնկրետ գործողությունների: Պետդումայի խոսնակը հայտարարել է, թե որոշել են անորոշ ժամանակով հետաձգել հայկական վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը. դա չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, ասել է Վյաչեսլավ Վոլոդինը: «Մենք ճիշտ համարեցինք հետաձգել օրինագիծը, որով հավելյալ արտոնություններ են տրվում, քանի որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, իշխանությունները որեւէ քայլ չեն արել ռուսաց լեզվի կարգավիճակի հարցով: Բելառուսում, Ղրղըզստանում ռուսաց լեզվի կարգավիճակն ամրագրված է Սահմանադրությամբ», – նկատել է Վոլոդինը՝ հավելելով, որ Ռուսաստանը նույնն է ակնկալում նաեւ Հայաստանից։

Մոսկվան կարող է դիմել ավելի հեռուն գնացող քայլերի, օրինակ, գազի մատակարարման դադարեցման, կամ` այլ պատժամիջոցների կիրառման: Եվ այստեղ կարեւոր է, որպեսզի Հայաստանում բաց ու հստակ խոսվի, թե ինչո՞ւ է Մոսկվան սկսել դիմել պատժամիջոցների: Այս դեպքում էլ, ցավոք, իրավիճակը սփոփիչ չէ: Հայաստանի իշխանությունները հստակ չեն ասում, որ Ռուսաստանն է շահագրգռված այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ:

Իսկ Հայաստանի ընդդիմադիրներին հրահանգված է արծարծել այդ թեման բացառապես այս համատեքստում` «Արեւմուտքն է Թուրքիայի միջոցով «Զանգեզուրի միջանցքը» պահանջում Հայաստանից» եւ «Նիկոլը համաձայն է դրան», եւ նրանք անգիր արած այս նույն «հիմնավորումն» են բերում ամիսներ շարունակ, վազելով մամուլի տարբեր ակումբներ, շաբաթը մի քանի անգամ: Սակայն այդ նույն փորձագետներից երբեք հարցադրում չես լսի, ինչո՞ւ Մոսկվայի ու Անկարայի միջեւ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում որեւէ տարաձայնություն չկա: Արեւմուտքի ու Անկարայի պատկերացրած ու Հայաստանից պահանջած «Զանգեզուրի միջանցքի» գործարկման հարցում Մոսկվան այսինքն որեւէ առարկություն չունի՞: Այս աբսուրդը հայկական ազգանունով որեւէ փորձագետ կարո՞ղ է բացատրել:

Հարավային Կովկասում ռազմական առճակատման սպառնալիքը չի վերացել, թեեւ Մոսկվան ու Բաքուն համարում են, որ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է»: Ռուս խաղաղապահները շարունակում են մնալ Արցախում, թեեւ նրանց «բուռն» գործունեությունը ներկայացնող ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունները ուղղակի ծիծաղ են առաջացնում: Դատարկված, անմարդաբնակ քաղաքներում ու գյուղերում, ըստ ռուսական կողմի` ռուս խաղաղապահները լուրջ գործունեությամբ են զբաղված: «Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Ղարաբաղի տարածքում», «անընդմեջ փոխգործողություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը եւ բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը», ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրություններում:

«Միջանցքի» գործարկման պլանը Հայաստանում եւ Ադրբեջանում Ռուսաստանի ներկայության ու ազդեցության այն կարեւոր լծակն է, որով Արցախի «խնդրի լուծումից» հետո Մոսկվան աշխատելու ու գործելու է, եւ ընդդեմ իր շահերի քայլերի առկայության պարագայում սրելու է նոր հակամարտություն` արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ:

Ու ամենացավալին այն է, որ Հայաստանում իշխանությունն ունակ չէ պետության շահերին համահունչ հավասարակշռված որոշումներ ընդունել, խնդիրներ լուծել: Իսկ ողբերգության մյուս մասն էլ հայաստանյան ընդդիմությունն է, որը պատրաստ է արդարացնել ու ծափահարել ընդդեմ Հայաստանի պետության Ռուսաստանի ցանկացած քայլ ու պատժիչ գործողություն: Հայաստանյան քաղաքական դաշտում նրանց գոյատեւման միակ պայմանը, ըստ ամենայնի, հենց դա է մնացել, ուրիշ «ծրագիր» նրանք չունեն:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031