News.am. Այս իշխանությունները իրենց գործունեության այս մի քանի տարիների արդյունքում հասցրեցին Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Այս օրերին ամենահաճախակի հարցերից մեկն այն է, թե որն է այսօր ՀՀ-ի առջեւ կանգնած ամենամեծ մարտահրավերը եւ ոնց կարելի է դա դիմագրավել: Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց ես կուզենայի անդրադառնալ շատ ավելի հիմնարար խնդրի՝ դա ՀՀ իշխանությունների գործունեությունն է, դրանց, դժբախտաբար, քաղաքական անմեղսունակության խնդիրն է:
Պատկերացրեք, նրանց դիվանագիտական եւ քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքների է հասել, որ նրանց գործունեության այս մի քանի տարիների արդյունքում նրանք հասցրեցին ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլ Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին:
Սա իրոք իշխանությունների մեղսունակության պատճառով է քաղաքական եւ դիվանագիտական հարցերում: Պատասխանատվությունը եւ մեղավորությունը նրանցն է, այլ մեղավորներ այստեղ չփնտրենք, մի պահ վերանանք այդ մեղավորներից, այս խնդիրներից, միայն այն փաստը, որ այս արհավիրքը մեր ժողովրդի գլխին եկել է այս իշխանությունների օրոք դա միանշանակորեն, ուղղակիորեն նրանց դարձնում է մեղավոր այս հարցում եւ պատասխանատու, անկախ ամեն ինչից»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Օսկանյանի խոսքով՝ իշխանությունների մեղավորություն ու պատասխանատվությունը շատ ավելի է ծանրանում, երբ մենք գիտենք, որ այս արհավիրքը մեր գլխին եկել է կոնկրետ իրենց սխալների պատճառով:
«Եթե իրոք Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, կարծում են, որ այս հարցում կան այլ մեղավորներ, ասեմ, որ նրանք պարզապես շփոթում են պատճառն ու հետեւանքը: Եթե մենք մեղավոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել, այո, սանձազերծել է, դա հետեւանք է: Եթե մենք մեղադրում ենք Արեւմուտքին, որ պատերազմի ժամանակ մեզ անտեսեց, արհամարհեց, դա հետեւանք է, եթե մենք մեղարում ենք մեր դաշնակցին, որ մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, դա հետեւանք է, եթե մենք մեղադրում ենք Արցախի իշխանություններին, որ փաստաթուղթ են ստորագրել լուծարելու իրենց պետությունը, դա հետեւանք է: Իսկապես որ երբ առաջին օրվանից Փաշինյանն ասաց, որ ինքը զրոյական կետից է սկսում, բոլորիս համար ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու:
Երբ Փաշինյանը շեղվեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառից, ոգուց եւ գնաց այլ ուղղություններով, խճճվեց այս հարցերում, ակնհայտ էր, որ Ռուսաստանը երես էր թեքելու: Երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ակնհայտ էր, որ մենք Արցախը կորցնելու ենք:
Այն պահին, երբ Փաշինյանը ասեց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը դատարկվելու է: Եւ ահա այսօր, երբ 100 հազարավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները, իրենց հողն ու ջուրը, հետեւում թղել են մեր պատմամշակութային հուշարձանները, Հայաստանի իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը լռում են նրանց վերադառնալու հարցի կապակցությամբ, չի բարձրացվում այդ հարցը, հետեւանքն այն է, որ այս հարցը մեկընդմիշտ փակվում է, ու թաղվում է»,-ասաց նա:
Օսկանյանը նշում է, որ երբ Ստրասբուրգում Փաշինյանը այս իրադարձություններից հետո հնարավորություն ուներ նման լսարանի առաջ ելույթ ունենալ, նա չբարձրացրեց այս հարցը, չխոսեց արցախցիների վերադառնալու իրավունքի մասին, նա, իրոք, «արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» եւ դրանով փակեց հարցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: