Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազար Փարպեցուն նվիրված գիտաժողով է անցկացվել՝ նրա հայրենի Փարպի գյուղում

Հոկտեմբեր 26,2023 22:50

Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ջանքերով մարզում  աշխուժանում է նաև գիտական  կյանքը․ այսօր Փարպի գյուղում տեղի ունեցավ 5-րդ դարի հայ պատմիչ, մատենագիր  Ղազար Փարպեցուն նվիրված գիտաժողով։

Այն իրականացվեց  մարզպետի աշխատակազմի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ։

Սա այս տարի Արագածոտնի մարզում կայացած թվով 2-րդ գիտաժողովն էր։

Միջոցառումը տեղի ունեցավ Ղազար Փարպեցու անունը կրող դպրոցում։

Անվանի պատմիչի աշխատությունների, նրա թողած գրական երկերի բացառիկության ու արժեքավորության մասին գիտական զեկուցումներ ներկայացրին ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի   պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։

Մասնակիցներին ողջունեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ հպարտորեն ընդգծելով, որ Փարպին նաև իր հայրենի գյուղն է, որտեղ ինքը ապրում և գործում է։

«Գիտաժողովների կազմակերպումը մեր աշխատանքային ուղղություններից մեկն է դարձել, մենք կարևորում ենք մարզին վերաբերող թեմաները, այդ թվում, անվանի մարդկանց կյանքն ու գործունեությունը  գիտական մակարդակում լուսաբանելն ու հանրահռչակելը, մարզում գիտական կյանքի աշխուժացումն ու գիտական մտքի զարգացումը»,-իր ելույթում ասաց մարզպետը և շնորհակալություն հայտնեց գիտնական-մանկավարժներին, որոնց ջանքերով կյանքի է կոչվել գիտաժողովը։

Ողջույնի խոսք ասաց նաև ՀՊՄՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը։ Հենց Ղազար Փարպեցու հայրենիքում նրան նվիրված գիտաժողովի խորհուրդը ընդգծելով՝ նա հույս հայտնեց, որ Արագածոտնի մարզի հետ համագործակցությունը շարունակական կլինի։

Հնչեց 6 զեկուցում, այդ թվում, բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աշոտ Գալստյանն անդրադարձավ Ղազար Փարպեցու երկերի լեզվական առանձնահատկություններին՝ քննության առնելով դրանք որպես հին հայերենի գիտական նկարագիրն ամբողջացնող գրաբարյան մոնումենտալ աշխատություններ։

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը 5-րդ դարի պատմագիտական հարուստ մատյանների շարքում ներկայացրեց Փարպեցու «Հայոց պատմության» հիմնական շեշտադրումները, անդրադարձավ Հայաստանի այդ ժամանակի մարզպան Վահան Մամիկոնյանին ուղված հռչակավոր «Թղթին», ընդգծեց Փարպեցու «Պատմության» պատմական և գեղարվեստական արժեքը, կարևորեց այն որպես արժեքավոր սկզբնաղբյուր հայ հետագա պատմագրության ու պատմագիտության համար։

Ուշագրավ էին նաև մյուս զեկուցումները․ ելույթներից հետո հեղինակները պատասխանեցին  լսարանի հարցերին, ծավալվեց քննարկում։

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը շնորհակալագրեր հանձնեց զեկուցողներին, գիտական նոր ձեռքբերումներ մաղթեց նրանց։

ՀՊՄՀ ներկայացուցիչները մարզպետին և Փարպիի միջնակարգ դպրոցին նվիրեցին իրենց հեղինակած՝ «Ղազար Փարպեցու երկերի ժողովածու»-ի մի քանի օրինակներ։

Գիտաժողովի  մասնակիցները ծանոթացան նաև հինավուրց Փարպի գյուղի տեսարժան վայրերին, ծաղիկներ խոնարհեցին Ղազար Փարպեցու արձանին, այցելեցին Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցի։

 

Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031