Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհակալություն երիտասարդ սերնդին»․ Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Կինոյի տանը

Հոկտեմբեր 26,2023 21:55

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ, Կինոյի տանը հանդիպել է ֆրանկոֆոն ֆիլմերի սիրահար հայ ուսանողների, երիտասարդ ռեժիսորների և կինոոլորտի այլ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն ու «Ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի» ղեկավար Լուսինե Աբգարյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների գործունեությունը, ապա երկու երկրների նախարարները հարցուպատասխանի ձևաչափով շփվել են ուսանողների հետ:

Ուսանողների հետ հանդիպմանը երկու երկրների նախարարներն անդրադարձել են մշակույթի ոլորտում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հետագա ծրագրերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մշակույթը երկու երկրների հարաբերությունների պատմական հենքն է, և համատեղ ծրագրերը լինելու են շարունակական.

«Համագործակցության ընդհանուր ծավալը շատ մեծ է, և դա միայն երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին չէ: Մեր բազմաթիվ կառույցներ, անհատ ստեղծագործողներ պահպանում են այդ կապերը, ունեն հրաշալի գաղափարներ: Կառավարությունների դերը պայմաններ ստեղծելն է, որպեսզի այդ գաղափարներն ու ծրագրերը կյանքի կոչվեն: Մեր բոլոր թանգարաններն ունեն համատեղ ցուցադրություններ, համատեղ նախագծեր, բազմաթիվ աշխատանքներ են արվում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այս օրերին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հյուրախաղերով գտնվում է Փարիզում, իսկ փարիզյան հայտնի Օդեոն թատրոնն առաջին անգամ հանդես է գալիս երևանյան բեմում՝ Երևանյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ առկա է մեծ ներուժ նաև կինեմատոգրաֆիայի ոլորտում՝ հաշվի առնելով ֆիլմարտադրության բնագավառում վերջին տարիներին Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինոյի և անիմացիայի ազգային կենտրոնի միջև հաստատված սերտ համագործակցությունը և արձանագրված հաջողությունները՝ ներառյալ համատեղ ֆիլմարտադրության նախագծերը:

Ֆրանսիայի պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև դերասան Սիմոն Աբգարյանը: Անվանի դերասանը նախ հայերենով ողջունել է «Ֆրանսիական դրամատիկական արվեստանոցի» ուսանողներին, ապա ընդգծել՝ հայրենիքում ինքը նոր զգացողություններ է ունեցել. «Շատ հուզված եմ այս հանդիպման առթիվ: ձեր միջոցով շատ բաներ սովորեցի այստեղ, դա իմ մեջ նոր հույզեր ու էմոցիաներ արթնացրեց: Թատրոնն, ինքնին, մի երկիր է, և այդ երկիրը պետք է սիրել, գուրգուրել ու ծառայել նրան՝ առանց ակնկալիքների: Դա անելու լավագույն ձևը ամբողջովին նվիրվելն ու փոխարենը ոչինչ չսպասելն է»:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել Կինոյի տան պատին. «Շնորհակալություն երիտասարդ սերնդին, որը նոր շունչ է հաղորդում ֆրանս-հայկական բարեկամությանը։ Մենք մեծ հույսեր ենք կապում ձեզ հետ»։

ԵԹԿՊԻ ուսանողները շնորհակալություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի նախարարներին այցելության և բովանդակային հանդիպման համար: Սերժ Ավետիքյանի հեղինակած «Ֆրանսիական դրամատիկական արվեստանոց» ծրագրի շրջանակում ուսանողների համար ավելի վաղ կազմակերպվել են վարպետության դասեր ֆրանսիացի անվանի արվեստագետների, այդ թվում՝ Սիմոն Աբգարյանի կողմից:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031