Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերվարչապետության համակարգի դեմն առնելու համար փորձագետներն առաջարկում են ուժեղացնել ԱԺ-ի եւ նախագահի ինստիտուտները

Հոկտեմբեր 26,2023 20:45

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստին այսօր ներկայացվեց  սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ այս հինգ տարիների ընթացքում Սահմանադրությունը ենթարկվել է  փորձությունների, ապա խոսքը փոխանցեց հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանին՝ ներկայացնելու, թե ինչ նպատակներ պետք է հետապնդեն սահմանադրական փոփոխությունները:

«Այս փոփոխությունները պետք է հետապնդեն մեկ կարեւոր նպատակ՝ հաղթահարել գործող Սահմանադրության նկատմամբ հանրային  անվստահությունը: Միգուցե այս հարցով կարող է  լինել որոշակի բանավեճ, բայց գտնում ենք, որ գործող Սահմանադրությունն ունի հանրության կողմից անվստահության մեծ պաշար, դա պայմանավորված է նախ եւ առաջ դրա ընդունմամբ, ապա, ինչու չէ, նաեւ բովանդակությամբ»,- ասաց Մազմանյանը:

Նրա համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունները կարող են լուծել նաեւ հանրության մեջ առաջացած բեւեռացման խնդիրը. «Քաղաքական էլիտաներն այսօր բեւեռացած են, նրանք կարող են պայքարել, տարբեր հայացքներ ունենալ Ղարաբաղի կամ այլ հարցերի շուրջ, բայց քաղաքական խաղի կանոնները պետք է մշակվեն համատեղ ու բեւեռացումը վերացվի»:

Մազմանյանի խոսքով,  Սահմանադրության փոփոխություններով՝ նպատակ ունեն նաեւ  ապահովել մարդու իրավունքների  պաշտպանության ավելի բարձր նշաձող. «Այստեղ արձանագրում ենք, որ 2015-ին, մարդու իրավունքների բլոկը եւս շատ առանցքային  փոփոխությունների է ենթարկվել, ընդունում ենք, որ բարձրացրել են նշաձողը, այնուամենայնիվ, որոշ իրավունքների մասով, օրինակ, սոցիալ-տնտեսական իրավունքների մասով նշաձողն իջեցրել են, ու մենք առաջարկներ ունենք»:

Իսկ ինչ քաղաքական խաղի կանոններ են Սահմանադրական  փոփոխություններով նախատեսում, Մազմանյանը մանրամասնեց՝ քաղաքական համակարգը պետք  է զերծ մնա հնարավոր սթրեսներից, հետեւաբար իրենք առաջարկում են խաղի կանոններ, որոնք պետք է տեղ գտնեն խորհրդարանական կառավարման համակարգի ձեւում. «2015-ին ներմուծվել է քաղաքական կառավարման մի ձեւ, որը ունի քաղաքական գործընթացների ուղղորդման պոտենցիալ, ներմուծվել է մի մոդել, որտեղ հաղթողին՝ մեծամասնությանը, տրվում է ամեն ինչ, փոքրամասնությանը՝ գրեթե ոչինչ, մինչդեռ ժամանակակից, ժողովրդավարական միտքը ու գաղափարախոսությունը պետք է լինի ոչ թե հաղթողի ու պարտվողի հակամարտությունը, այլ՝ երկխոսությունը: Համապատասխան առաջարկություններ ենք կատարել, որ մեր խորհրդարանական խաղի կանոններն ու պրակտիկան փորձենք համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին»:

Ըստ Մազմանյանի՝ գործող Սահմանադրությամբ՝ իշխանությունը գերկենտրոնացած է, նրա խոսքով՝ կարիք չկա անդրադառնալ տարածված արտահայտությանը, որ ունենք սուպերվարչապետության  համակարգ.  «Մեր առաջարկություններով փորձում ենք ավելի բալանսավորված քաղաքական խաղի կանոններ առաջարկել: Հիմնական թիրախը ուղղված են երկու ինստիտուտների՝ ԱԺ-ի եւ նախագահի ինստիտուտի ուժեղացմանը, ուժեղացնել Աժ-ի այն լծակները, որով կհակազդի գործադիրին, ուժեղացնել խորհրդարանի վերահսկողական գործառույթը: Առաջարկում ենք նաեւ, որ նախագահի ինստիտուտը ուժեղացվի այնքանով, որքանով կտեղավորվի ոչ գործադիր-նախագահ տրամաբանության մեջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031