ԵԱՏՄ երկրները կմշակեն ընդհանուր մոտեցումներ՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու, արտահանման վերամշակման ժամանակ ծագած իրավական խնդիրների լուծման համար։ Այս մասին Sputnik միջազգային մուլտիմեդիա կենտրոնում կայացած Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան-Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Փաստաթուղթը կոչվում է «Եվրասիական տնտեսական համագործակցության ուղու մասին համաձայնագիր»: Այն դեռեւս աշխատանքային քննարկումների մեջ է, ակնկալվում է, որ վերջնական տեքստով պատրաստ կլինի եւ կներկայացվի 2023 թվականի դեկտեմբեր ամսին նախատեսված ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպման քննարկմանն ու վավերացմանը: Քանի որ փաստաթուղթը դեռ աշխատանքային փուլում է, շատ մանրամասներ չեն հաղորդվում:
Բանախոսը տեղեկացրեց, որ վերոնշյալ համաձայնագրի հիմքում դրված է ԵԱՏՄ տարածքում ապրանքների ծագման կանոնների մասին համաձայնագիրը, որը նույնպես շուտով կնախապատրաստվի ստորագրման։ Համաձայնագրի նախագծում բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք դեռ ամբողջությամբ չեն քննարկվել: Այն ներառում է ԵԱՏՄ երկրների ընդհանուր մոտեցումները՝ երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու վերաբերյալ, ինչպես նաեւ կստեղծի միասնական իրավական դաշտ, որի հիման վրա երկրները կլուծեն խնդիրները՝ պետության ներսում արտահանման գրանցման ժամանակ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ