Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որոնք նա արել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները բառացիորեն նստած պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա՝ նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Ցավոք, նման սադրանքները հայկական իրականությունում գործում են, մեզ էլ են հաճախ հարցնում, սադրիչ հարցեր էլ են տալիս, մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա խնդիրները, մասնավորապես Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ շփումներում», – ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան հիմք չի ստեղծում, որ սադրանքի բացիլը մեծանա։
Զախարովայի խոսքով՝ հարցազրույցում փորձ է արվում նվազեցնել Ռուսաստանի հետ Հայաստանի կապի նշանակությունը, նսեմացնել Հայաստանի և հայաստանցիների անվտանգությունն ապահովելու հարցում ռուս զինվորականների և սահմանապահների դերը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի տնտեսության արագ աճը, բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ սերտ առևտրա-տնտեսական հարաբերություններով, համատեղ նախագծերի իրագործմամբ և ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությամբ: «Երկրում ռուսական կապիտալով ավելի քան 4,5 հազար ընկերություն կա, որոնք ներառված են խոշոր հարկատուների և գործատուների ցանկում»,-հավելել Զախարովան։
Կարդացեք նաև
Անդրադառնալով 90-ական թվականներից Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը՝ Զախարովան ասել է, որ ռուս սահմանապահների առկայությունը պահանջված է եղել՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տիրող ծանր իրավիճակը և Երևանի չկարգավորված հարաբերությունները հարևան երկրների հետ: Զախարովան նշել է նաև, որ ռուս սահմանապահները հակազդում են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձերին, կասեցնում են հայ-իրանական սահմանին մաքսանենգության փորձերը, իսկ 2020թ. դեկտեմբերից մշտադիտարկում են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին: