Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված քննարկում և քվեարկություն ԵԽ Կոնգրեսում՝ Լեռնային Ղարաբաղի հարցով

Հոկտեմբեր 26,2023 19:45

Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված «Հումանիտար իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով հայտարարության (declaration) հետ կապված Կոնգրեսը ստացել էր 12 փոփոխության առաջարկություն հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կողմից։ Լիագումար նիստի ընթացքում այդ առաջարկությունները քննարկվեցին և քվեարկության դրվեցին։

ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանն առաջարկել էր հայտարարության վերնագրում Ղարաբաղ բառը փոխարինել Լեռնային Ղարաբաղ բառով։ Առաջարկությունը ստորագրել էին Էստոնիայի, Մոլդովայի, Սերբիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Ավստրիայի պատվիրակներ։ Նա լիագումար նիստի ընթացքում հայտարարեց․ «Այս հարցը մենք քննարկել ենք նաև Բյուրոյի նիստի ընթացքում։ Սա միայն բառախաղ չէ։ Կոնգրեսի հայտարարությունը 100 հազար փախստականների մասին է, որոնց համար ԼՂ-ն իրենց ինքնության մի մասն է։ Էթնիկ զտումից հետո Ադրբեջանը  փորձում է պայմաններ թելադրել, փորձում է վերացնել մշակութային հետքն ու ինքնությունը։ Բոլոր միջազգային կազմակերպությունները՝ այդ թվում ԵԽԽՎ-ն, օգտագործել են Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Կոնգրեսը նույնպես օգտագործել է Լեռնային Ղարաբաղ բառը իր բոլոր փաստաթղթերում»։

Էմին Երիցյանն ասաց՝ եթե Ադրբեջանը վաղը որոշի կոչել Լեռնային Ղարաբաղն այլ կերպ, դա չի նշանակում, որ Կոնգրեսն իր փաստաթղթերում պիտի անունները փոխի։

Հայտարարության հեղինակ Բերն Վոհրինգերն արձագանքեց, թե պահպանում է չեզոքություն և չի կարող բոլոր կողմերին գոհացնել։ Նշեց, որ Բյուրոյում քննարկել են և որոշել օգտագործել Ղարաբաղ արտահայտությունը, այն բառապաշարը, որն օգտագործվել է ԵԽ գլխավոր քարտուղարի կողմից։

Այս առաջարկությունը չընդունվեց։

Ադրբեջանական պատվիրակությունը 7 փոփոխության առաջարկություն էր ներկայացրել, որոնց միացել էին միայն ադրբեջանցի և թուրք պատվիրակները։ Այդ առաջարկությունների մեծամասնությունը չընդունվեց Կոնգրեսի կողմից։ Օրինակ՝ նրանք առաջարկեցին ամբողջությամբ հանել այն պարբերությունը, որում նշվում է՝ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունը և այն փոխարինել մի պարբերությամբ, որտեղ նշվում է, թե Կոնգրեսը մտահոգություն է հայտնում, որ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Ղարաբաղից։

Այս առիթով Էմին Երիցյանն արձագանքեց հռետորական հարցով․ «Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն անցել է Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետով, քանի՞ ֆեյք հայ զինվոր է բացահայտվել Ադրբեջանի կողմից»։ Այս փոփոխությանը չհամաձայնեց նաև Բերն Վոհրինգերը և կոչ արեց դեմ քվեարկել առաջարկին։ Առաջարկը չընդունվեց Կոնգրեսի կողմից։

ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամ Դավիթ Խաժակյանը առաջարկեց փաստաթղթում ամրագրել էթնիկ զտումը և ասաց․ «Սա պարտադրված տեղահանում էր, քանի որ երկու-երեք օրվա ընթացքում ավելի քան 100 հազար անձ տեղահանվեց իր ծննդավայրից դեպի Հայաստան։

 

Մոտ 30 հազարը երեխաներ էին։ Երբ ադրբեջանական կողմն ասում է, որ նրանք սեպարատիստներ են, հայկական զինված ուժերի ներկայացուցիչներ, ուզում եմ շեշտել՝  30 հազար երեխաներ իրենց ծնողների հետ բռնի տեղահանվեցին ԼՂ-ից։ Սա էթնիկ զտում է»։ Հայտարարության հեղինակն առաջարկեց այս պահին առաջարկը չընդունել և սպասել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի, հատուկ ներկայացուցչի զեկույցներին, որոնք տարածաշրջանում դիտարկումներ են կատարել, որից հետո այդ հարցը կքննարկել։ Այս փոփոխության առաջարկությունը չընդունվեց։

Ադրբեջանցիները ցանկանում էին փաստաթղթում ավելացնել այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցը, որը ևս չընդունվեց Կոնգրեսի կողմից։ Ցանկանում էին նաև փաստաթղթից հանել այն ձևակերպումը, որում նշվում է, որ Կոնգրեսը միանում է Խորհրդարանական վեհաժողովին և ԵՄ Ռեգիոնների կոմիտեին՝ կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին։ Նրանք ցանկանում էին հանել Ղարաբաղի ներկայացուցիչներ արտահայտությունը։

Դավիթ Խաժակյանն ասաց, որ այս  առաջարկը դեմ է մարդու իրավունքներին, որովհետև խոսում ենք ոչ միայն ԼՂ ներկայացուցիչների մասին, այլև բազում զինվորներ մասին, որոնք որպես պատանդ պահվում են Ադրբեջանում 2020-ի պատերազմից ի վեր։ Ադրբեջանական այս առաջարկությունը ևս չընդունվեց։

Բերն Վոհրինգերն ասաց, որ այդ պարբերությունը պետք է պահպանվի և առաջարկեց Ղարաբաղի պաշտոնյաներ արտահայտությունը փոխարինել «Ղարաբաղի ներկայացուցիչներ, ներառյալ տեղական մակարդակը» արտահայտությամբ։

Բերն Վոհրինգերը փաստելով, որ ՄԻԵԴ-ը 2023-ի սեպտեմբերի 22-ին որոշում է ընդունել Ադրբեջանի հետ կապված, առաջարկեց ավելացնել հետևյալ արտահայտությունը․ «Կոնգրեսը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին իրականացնել միջանկյալ միջոցները, որոնք ներառված են ՄԻԵԴ-ի որոշման մեջ»։ Այսպիսի առաջարկություն նաև արել էր հայկական պատվիրակությունը։

Ադրբեջանցիները առաջարկեցին ավելացնել պարբերություն, որ իբր Կոնգրեսը ողջունում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված արագ քայլերը մարդասիրական օգնություն տրամադրելու, հանրային և սոցիալական ծառայությունները վերականգնելու համար, ինչը կօգնի մեղմել հայ բնակիչների կարիքները»։

Դավիթ Խաժակյանն ասաց․ «Երբ բոլոր էթնիկ հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը, միայն դրանից հետո են նրանք հայտարարում, որ ապահովում են այս ամենը։ Ես առաջարկում եմ դեմ քվեարկել այս առաջարկին»։

Բերն Վոհրինգերը ևս դեմ էր այս փոփոխությանը։ Կոնգրեսը դեմ քվեարկեց այս առաջարկին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Լուսանկարները՝ Եվրոպայի խորհրդի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031